Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, հիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում

Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, հիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում

Գորիսի սահմանամերձ Շուռնուխում կյանքն արդեն մեկ տարուց ավելի է` փոխվել է։ Գյուղի խաղաղ ու հանգիստ կյանքով ապրող գյուղացին այսօր ապրում է մի մղձավանջում, որն ամեն պահի զգոնություն է պահանջում։ Նրա բնակչի անուրջներում հայրենի գյուղն այսօր թերի է ամեն առումով։ 

«Գյուղի մի մասը վերցրել ու տվել են թշնամուն: Դե արի ու մի կեսում ապրի: Ճանապարհներն էլ Որոտանից Խոտ գյուղ հատվածով են գնում, որը դժվարանցանելի է։ Դեռ սարքում են, բայց ամեն դեպքում գնում-գալիս ենք։ Հիմնական փոխադրամիջոցը  զինվորական «Ուրալն» է, որն էլ շաբաթական երկու անգամ է աշխատում՝  երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։ Երեկ, օրինակ, «Ուրալը» փչացել էր, մենք ենք կազմակերպել, որ մեր ժողովրդին տանենք Գորիս։ Մեկը ատամնաբուժարան էր, մյուսը աչքերի համար պիտի հիվանդանոց գնար, մյուսը՝ թոշակի հարցերով։ Ոնց կարողանում ենք, կազմակերպում ենք, էլի»,- իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

Մեր այն հարցին, թե մյուս օրերին եթե խիստ անհրաժեշտություն է առաջանում, ինչպես են կազմակերպում մարդկանց տեղափոխումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ գյուղն ունի կոոպերատիվի փոքրիկ 5 տեղանոց մի «Ուազ», որով կարողանում են 7-8 հոգի տեղափոխել։ 

«Գյուղը կիսվելուց  հետո չորս ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ ժամանակավոր վարձով ապրելու, մի մասն էլ՝ Սարավան, քանի որ այստեղ մնալու տեղ չունեին։ Շուռնուխն ունի 110 բնակիչ։ Գյուղում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 18 աշակերտ։ Hraparak.am-ին ուզում եմ մեր ահազանգը ներկայացնենք, որ գյուղը կարիք ունի մի փոքր մանկապարտեզի»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի ղեկավարը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ գյուղում մի բուժկետ է տեղադրվել` դեղորայքով, անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Գյուղն ունի նաև բուժքույր։

«Մի Վահան անունով 4-րդ դասարանցի երեխա ունենք, որը Ձմեռ պապիկից, ինչպես շատ ու շատ երեխաներ, խնդրել է, որ իր տունը, որը գտնվում է ներքևի թաղում և անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իրենց ընտանիքին վերադարձվի։ Վահանը բնակվում է ճանապարհի վերևի տանը, որն իրենց տանը զուգահեռ վերևի փողոցում է, ու ամեն անգամ էդ տան պատշգամբ դուրս գալիս տեսնում է, թե ոնց են ադրբեջանցի զինվորականները ելումուտ անում իրենց տուն։ Վահանի քույրն իրենց տան պատերին նկարներ էր նկարել։ Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, ուհիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում։ Բղենու Նորավանքում գրված Ավետարանը մեր գյուղի հարակից տարածքում է գտնվում՝ 4 կմ որ գնաս մայրուղուց դեպի Բարձրավան, եկեք այնտեղ, նստենք, զրուցենք, սա մերն է, մեր սուրբ հողն է, ինքներդ տեսեք այս անարդար աշխարհի անելիքները»,- դիմելով մեզ, առաջարկեց զրուցակիցս։


Վարչական ղեկավարը գտնում է, որ դեմարկացիան և դեմիլիտացիան երբ անեն, այդ ժամանակ էլ կհասկանան, թե ինչ է լինելու։

«Ինձ թվում է, որ պիտի արդարություն լինի։ Քանի որ իրականում նույնիսկ էն գենշտաբի քարտեզը, որ ադրբեջանցի գեներալը՝ իմ թաղամասում, իմ տան առաջ, ոտը գետնին խփելով ու անթարթ, հայացքը ներքև իջեցնելով ու նայելով աչքերիս մեջ, ասում է, որ սա ադրբեջանական հող է, որ իրենցն է, սուտ է։ Որովհետև անգամ ռուս գեներալն  է ասում, որ գենշտաբի քարտեզով ենք առաջնորդվելու։ Այդ քարտեզը հանում են, ադրբեջանցի գեներալն ասում է՝ հեռացրեք, մենք GPS-ով ենք որոշելու, թե որոնք են մեր տարածքները։ Սև լճում այդ նույն GPS-ը ցույց է տալիս, որ Սև լիճը մերն է։ Բայց թուրքն այնտեղ իր ուզած անհասկանալի քարտեզն է ցույց տալիս և ասում, որ այդտեղ քարտեզով են շարժվում։ Այսօր բոլորը հայտարարում են, որ Սև լիճը Հայաստանի զինվորական ուժերի վերահսկողության տակ է, բնականաբար, ստում են, քանի  որ հյուսիս-արևմուտք սահմանը պաշտպանող մեր զինվորի հացը տեղափոխող մեքենան ադրբեջանական հենակետով ենք անցկացնում ու հասցնում»,- ասաց զրուցակիցս։ 

Մեզ հետ զրույցում Հակոբ Արշակյանն ասաց նաև, որ, ճիշտ է, Գորիս-Կապան  ավտոմայրուղին ասֆալտապատ է, սակայն այն այլընտրանքային ճանապարհը, որը տալիս է Հայաստանի կառավարությունը, դեռևս դժվարանցանելի է։ Այդ ճանապարհի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլ ամսին, սակայն կերկարի մինչև տարեվերջ։

«ԱԻՆ-ի մեքենայով ամեն առավոտ, մեկ շնչի հաշվարկով, Գորիսից անվճար հաց է բերվում Շուռնուխ։ Մեկ խանութ է գործում, որի մատակարարումն էլ է շատ դժվար դարձել, քանի որ Գորիսից Կապան գնացող առաքիչները Տափողով են գնում և գյուղ չեն մտնի, պարզ է։ Դժվար է, խանութպանն ինքն իր ուժերով է Գորիսից, Կապանից ապրանքները բերում։ Շուռնուխցիները իրար բարևելուց էլ են ամաչում, իրար աչքերի մեջ չեն նայում, ամենքն իրեն մեղավոր է համարում գյուղի վիճակի համար»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի ղեկավարի խոսքով, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատախումբը Որոտանում մի հացի փուռ է հիմնել, որը դեռ շահագործման չի հանձնվել։ Մոտակա շաբաթներին, հավանաբար, կշահագործվի, և հացն այնտեղից կտեղափոխվի  Շուռնուխ՝ արդեն վճարովի հիմունքներով։

«Այն ժամանակ «Արցախ անտառը» կար, ժողովուրդը հիմնականում այդ թևի վրա էր աշխատում՝ օրինական անտառահատությամբ էին զբաղվում։ Այսօր գյուղի մոտ 60 տոկոսն անգործ է։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Այսօր անասուններ չկան, դրանց մոտ 70 տոկոսն արդեն վաճառել է գյուղացին։ Տեսեք, 400-450 հազար դրամով գնված կովը վաճառվել է մոտ 130-135 հազար դրամով։ Պատճառը վաճառելու այն էր, որ երբ այդ կովերին բաց էին թողնում, նրանք անցնում էին սահմանը։ Անասունները սովոր էին  իրենց արոտի  հատվածին։ Այս պահին մոտավորապես 19 խոշոր անասունի փոխհատուցում կառավարությունը կատարել է։ Բայց էլի ունենք անասուններ, որ անցել են սահմանը, դրանց փոխհատուցումներն ընթացքի մեջ են»,-զրույցի վերջում ասաց Շուռնուխի ղեկավարը։