Եթե քարտեզով գերիների վերադարձի հարցը լուծվում էր, ինչո՞ւ շուտ չէին անում․ Կ․ Վրթանեսյան   

Եթե քարտեզով գերիների վերադարձի հարցը լուծվում էր, ինչո՞ւ շուտ չէին անում․ Կ․ Վրթանեսյան   

Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ 15 հայ ռազմագերի է ադրբեջանական կողմը վերդարձրել Հայաստան, իսկ հայկական կողմն Արդբեջանին է փոխանցել տեղեկություն, Աղդամի ականապատ տարածքներից քարտեզ։

Փոխանակումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության միջնորդությամբ և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Բացի այդ, փոխանակմանը մասնակցություն է ունեցել Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ուշագրավ է, որ գերիների հարցով զբաղվող և Մուրադովի հետ կապի մեջ գտնվող գնդապետ Բորիս Ավագյանը «Հրապարակին» ասել է, որ ավելի վաղ ականապատ տարածքների քարտեզի տրամադրման հարցը բարձրացրած է եղել Մուրադովը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության անունից, որպեսզի բոլոր ռազմագերիներին փոխանակի այդ քարտեզների հետ։ Սակայն Հայաստանի ՊՆ-ն ասել է, որ այդպիսի քարտեզ գոյություն չունի։ «Հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը քարտեզները հավաքել է գաղտնի, դրել է իր տակ, պահել է 7 ամիս, 7 ամիս անց քարտեզները հանել է, սկսել է փոխանակել ինչ-որ փոքր խմբերի հետ։ Այդ քարտեզները, որոնց փողային արժողությունը մոտ 100 մլն դոլար է, ինքը փոխանակում է 15 հոգանոց խմբի հետ՝ ընտրարշավի ժամանակ», - ասել է Ավագյանը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Razm.info» ռազմավերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։


- Պարո՛ն Վրթանեսյան, հունիսի 12-ին հայտնի դարձավ 12 ռազմագերու փոխարեն հայկական կողմը Աղդամի ականապատ տարածքներից քարտեզ է փոխանցել Արդբեջանին։ Ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նույն օրը գրել էր, որ իբր մի մասն է փոխանցվել․․․

-  Տարոն Չախոյանի ոչ մի ասած իմաստ չունի մեկնաբանել, քանի որ հայտնի դեզինֆորմացիա տարածող է, հռչակավոր։

- Նաև ցանկանում էի հասկանալ՝ ականապատ տարածքների քարտեզների փոխանցումն ի՞նչ վնաս է կարող մեզ հասցնել։

- Ես, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե դրանք ինչ քարտեզներ են, չունեմ այդպիսի տվյալներ։ Ու դժվար թե բացի մի քանի կոնկրետ զինվորականներից ու ղեկավարությունից դա իմանան։ Բայց այստեղ, ինձ թվում է, հարցն ավելի շատ այն է, որ եթե այդ քարտեզները կային, ապա ինչո՞ւ դեռ չտրվեցին ապրիլին, երբ որ Ադրբեջանը սկսեց հրապարակավ այդ խնդիրը բարձրաձայնել։ Ընդ որում հենց գերիների հետ կապված, հենց գերիների կոնտեքստում այդ հարցը բարձրաձայնվեց։ Կարծեմ՝ այդ  մասին խոսում էին ապրիլի 3-ից։ Եթե հնարավորություն կար քարտեզը տալու, մի քանի ամիս շուտ բերել մեր տղաներին, ինչո՞ւ դա չի արվել։ Եվ, ի վերջո, մեկ [ադրբեջանցիները] ասում էին «դիվերսանտ են», հիմա բաց են թողնում, դա էլ է հարց՝ ի՞նչ «դիվերսանտներ» են, որ հետո փոշմանում ու տալիս են։ Մի խոսքով, այստեղ ակնհայտորեն առևտրի տարրեր կան, պարզ չէ, թե ի վերջո այդ մարդկանց այն ժամանակ չեն բերել, այլ բերում են հիմա, ինչ-որ նախընտրական փուլում։ Ու այդ բերեը նմանվում է ինչ-որ նախընտրական շուի։

- Ադրբեջանական կողմն էր գրել, որ քարտեզներ են փոխանցվել, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հաստատեց դա։ Սակայն հետաքրքիրն այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հայտարարություն է տարածում ու նշում «տեղեկության» տրամադրում, նաև վրացական կողմն է հայտարարություն տարածում ու նորից նշում «տեղեկության» տրամադրում, չեն նշում «քարտեզ»։ Հնարավո՞ր է, որ բացի քարտեզից, այլ բան էլ տրվեր։

- Գիտե՞ք, ներկա իշխանությունների պարագայում ամեն ինչ հնարավոր է։ Ես ոչ մի բան, այդ թվում՝ կատարյալ աբսուրդ ինչ-որ բան, չեմ բացառում։ Այնքան բարդ է, որ նույնիսկ անհնարին է ինչ-որ տրամաբանական բանի մեջ մեկնաբանել։ Ասենք՝ լավ, եթե այդ քարտեզով գերիների վերադարձի հարցը լուծվում էր, ու եթե այդ քարտեզը ռազմավարական կարևորություն չուներ, ինչո՞ւ շուտ չէին անում։ Իսկ եթե ռազմավարական կարևորություն ուներ, ինչո՞ւ են հիմա տվել, ինչո՞ւ են տվել ընդհանրապես։ Այսինքն՝ որ կողմից նայում ենք, անպատասխան ու մտահոգիչ հարցերի շարան է ստացվում։

- Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նաև իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գերիներից 4-ը, կարծես թե, Վարդենիսի ուղղությամբ (երբ որ ադրբեջանցիները մայիսից ներխուժել են Հայաստանի տարածք) գերեվարված 6 զինվորներից են եղել։ Սրա տակ ի՞նչ է կարող թաքնված լինել։

- Չեմ կարող ասել, կրկնում եմ, քանի որ մենք, Հայաստանի բնակիչներն այս պահին գտնվում ենք իշխանությունների կողմից ստեղծված ինչ-որ ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Մեզ չեն հասնում շատ լուրեր, նույնսիկ հանրային կարևորություն ունեցող թեմաներով լուրեր չեն հասնում։ Սահմանափակում են լրագրողների հնարավորությունները, արգելում այցելել սահմանամերձ գյուղեր, ոչ թե դիրքեր։ Լավ, հասկացանք դիրքերի մասով, բայց գյուղեր է նաև արգելվում այցելել և խոսել բնակիչների հետ․ դա արդեն օրենքի խախտում է, հոդված կա՝ լրագրողի գործունեության խոչընդոտում։ Այս պայմաններում, երբ որ ամեն ինչ պատված է մշուշով, ուղղակի ֆիզիկապես անհնարին է գնահատել իշխանությունների այս կամ այն քայլը։ Եվ քանի իշխանությունը կարողանում են անպատիժ այդ քաղաքականությունն իրականացնել, բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում էին խոսքի ազատությամբ, լրագրողների շահերի պաշտպանությամբ, քար լռություն են պահպանում ակնհայտ խախտումների պարագայում։ Այս ամեն ինչի պարագայում շատ դժվար է մեկնաբանել, նամանավանդ եթե դրան գումարվում են Նիկոլ Փաշինյանին և իր թիմին բնորոշ զառանցանքները, աբսուրդ հայտարարությունները և այլն։

- Գնդապետ Բորիս Ավագյանը, ով նախկինում Արցախի նախագահի ներկայացուցիչն էր, նաև զբաղվում է գերիների հարցով, և միշտ կապի մեջ է ռուսական խաղաղապահ զորամբի ղեկավար գեներալ Մորադովի հետ, «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ Հայաստանից ռուսական կողմին ասել են, որ այդպիսի քարտեզ գոյություն չունի։ Հետո պարզվում է, որ Վրաստանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի աջակցությամբ քարտեզ են տալիս, և գերի են բերում։ Սա ինչպե՞ս հասկանալ։

- Չեմ կարող մեկնաբանել։ 1000 ձևի է կարելի հասկանալ։ Ի՞նչ են ասել, ե՞րբ են ասել, ինչպե՞ս են ասել, ընդհանրապես ի՞նչ քարտեզ են տվել։ Հնարավոր է, որ 1994 թվականի քարտեզ է, հնարավոր է, որ ուրիշ բան է։ Լավ, գոնե եթե անորոշության, այդ ինֆորմացիան պահելու մշուշն ինչ-որ օգուտ տար նույն գերիներին բերելու հարցում, ես էլի դա կարող էի հասկանալ։ Բայց այս պահին եղած կցկտուր տվյալներից ստացվում է, որ իշխանությունները վաղուց կարող էին այդ հարցը լուծել այդ քարտեզը տալով, բայց ձգել են, հասցրել են մինչև նախընտրական վերջին շաբաթն ու այսպիսի բան են անում։ Հնարավոր է, որ համընկնում է, դա լրիվ չի կարելի բացառել, բայց ինձ համար արդեն դժվար է նման համընկնումների հավատալ։ Ի վերջո, 62 հայերին, որ դեկտեմբերի 12 կամ 16-ին գերեվարեցին, նույնիսկ հայտնի չէ, թե երբ են Խածաբերդի դեպքերը կոնկրետ եղել։ Այդ մասին սկսեցին խոսել դեկտեմբերի 12-ից, բայց թե երբ է եղել, մինչև հիմա հստակ պատկեր իշխանությունները հայ հանրության չեն տվել՝ ի՞նչ է կատարվել Խծաբերդում, Հին Թաղերում։ Ո՞վ էր մեղավոր, ի վերջո, ինը հոգի մարդ է զոհվել, 62 հոգու գերի են տարել։ Ինչ-որ բան սխալ են, չէ՞, արել։ Որևէ պատասխանատվության մասին որևէ  պատճառ, որևէ արժանահավատ պատկեր իշխանությունները չեն ներկայացրել։ «Անցավ-գնաց», այսպիսի մի մոտեցում է, թողել են ու վերջ։