Քաղաքական հիվանդասենյակ համար վեց

Քաղաքական հիվանդասենյակ համար վեց

Տարօրինակ մի պատահականությամբ, հունվարի 29-ին, երբ լրանում էր հանրահայտ ռուս գրող Անտոն Չեխովի ծննդյան 160-ամյակը, Հայաստանը հիշեցնում էր Չեխովի հայտնի պատմվածքը՝ «Հիվանդասենյակ համար վեց»-ը եւ նրա հերոսներին: «Համար վեց» թվագրված հիվանդասենյակը Չեխովի պատմվածքում հայտնի էր նրանով, որ այն նախատեսված էր խելագարների համար: 
Վերջին շաբաթվա Հայաստանը, այնտեղ զարգացող դեպքերն ու ներհասարակական կիզակետում հայտնված դեմքերն ավելի շատ հիշեցնում են ոչ թե նոր Հայաստանը, այլ խելագարների համար նախատեսված այն հիվանդանոցը, որն արեւմտահայերը միամտորեն անվանում են «խենթանոց»:

Իրականում հասարակական-քաղաքական այս խենթանոցը նոր չէ. դեռեւս հին Հայաստանի վերջին ինքնակոչ կառավարիչ Սերժ Սարգսյանն այն անվանում էր «կրկես», ավելի ճիշտ՝  զայրացած պնդում էր, թե «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Թեպետ այն, ինչի նա վերածում էր Հայաստանը, քաղաքական կրկես էր՝ քաղաքական լարախաղացներով, շպարված ծաղրածուներով եւ վարժեցված ընդդիմությամբ:  

Հենց այդ կրկեսն էլ ժառանգեց նոր Հայաստանի հեղափոխական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Կրկեսի նախկին դերակատարների մի մասին Նիկոլը տուն ուղարկեց, ոմանց՝ բանտ, մյուս մասի հետ սկսեց աշխատել: Հեղափոխությունից կարճ ժամանակ անց, Երեւանի վերանորոգվող քաղաքական կրկեսում, սկսեց նոր դերաբաշխումը՝ մանկապատանեկան տարիքը նոր-նոր հաղթահարած, բայց պատանեկան ագրեսիվությունը, մերժողականությունն ու ինքնասիրահարվածությունը չհաղթահարած նոր դերակատարներով, որոնցով Նիկոլ Փաշինյանը լցրեց Երեւանի ավագանին, Հայաստանի խորհրդարանը եւ կառավարությունը: 

Կարճ ժամանակ անց, երբ նոր Հայաստանում Նիկոլին 70 տոկոս ընտրական քվե տված հեղափոխական հանրությունն իր իսկ ձեւավորած պետական համակարգն ու իշխանություններին սկսեց մեղմորեն անվանել «մանկապարտեզ», պարզ դարձավ, որ նոր իշխանություններից հանրության մեծ հիասթափությունն առջեւում է: Թեպետ իրականում պարզ էր, որ պետականության հանդեպ այդօրինակ մեծ անլրջությունը խարխլելու է Հայաստանի պետության շենքը, եթե իշխանության փաստացի եւ միակ ղեկավարը չվերանայի եւ չշտկի սեփական սխալները: Սակայն մանկական կրկեսում մեծ գայթակղություններ էին սպասվում ոչ միայն իշխանության գերկենտրոնացման, այլեւ պետբյուջեի վատնումների, ահռելի հավելավճարների, մեծաթիվ եւ թանկաժեք գործողումների հնարավորություններով: Թվում էր, թե ինքը՝ սատանան էր իշխանության տեսքով այցելել ու գայթակղում նոր իշխանություններին: 

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառուցած կրկեսն աստիճանաբար վերածվում էր Չեխովի նկարագրած եւ արեւմտահայերի բնութագրած խենթանոցի, թեպետ՝ քաղաքական խենթանոցի: 
Եթե Չեխովի հիվանդասենյակում խենթերը եւ մյուս գործող անձինք փոքրաթիվ էին՝ հիվանդանոցի հնաբնակը՝ ազգությամբ հրեա Մոյիսեյկան՝ «խաղաղաբարո, անվնաս մի խենթուկ, քաղաքի ծաղրածուն, որին վաղուց արդեն սովորել են տեսնել փողոցներում», որը միակն էր, որ կարող էր դուրս գալ հիվանդանոցից, Իվան Դմիտրիչ Գրոմովը՝ «նախկին դատական պրիստավ եւ նահանգական քարտուղար՝ 33-ի մոտ մի տղամարդ», որը տառապում է հալածախտով, եւ որի «խոսքը խառնաշփոթ է, տենդագին, ինչպես զառանցանք, պոռթկուն եւ ոչ միշտ հասկանալի։ Երբ նա խոսում է, դուք նրա մեջ տեսնում եք խելագարին եւ մարդուն։  Նա վախենում էր, թե իրեն որեւէ կերպ կխաբեն, աննկատելիորեն գրպանը կաշառք կդնեն ու հետո կմերկացնեն որպես ոճրագործի», Անդրեյ Եֆիմիչ Ռագինը՝ քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը, ստուգելով հիվանդանոցը, «եկավ այն եզրակացության, որ դա անբարոյական եւ բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։

Նրա կարծիքով ամենախելոք բանը, որ կարելի էր անել, այս էր՝ հիվանդներին ազատ արձակել, իսկ հիվանդանոցը փակել։ Բայց նա մտածեց, որ դա անելու համար միայն իր ցանկությունը բավական չէ, եւ որ այն անօգուտ կլինի. եթե ֆիզիկական եւ բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի. պետք է սպասել, մինչեւ դա ինքն իրեն հողմահարվի։ Մանավանդ որ, եթե մարդիկ հիվանդանոց են բացել եւ այն հանդուրժում են իրենց քաղաքում, նշանակում է՝ դա նրանց հարկավոր է», Եվգենի Ֆյոդորիչ Խորոտովը՝ գավառական բժիշկը, Միխայիլ Ավերյանիչը՝ փոստի պետը՝ սնանկ կալվածատերը, Նիկիտան՝ հիվանդանոցի պահակը՝ ծեր, պաշտոնաթող զինվոր, որը ծեծում է հիվանդներին եւ մաքրում նրանց աղտեղությունները:

Փաշինյանի կառուցած քաղաքական համար վեց հիվանդասենյակի հիվանդներն ու աշխատակիցները, ի տարբերություն Չեխովի պատմվածքի, փոքրաթիվ չեն: Քաղաքական այս հիվանդասենյակի գործող անձինք թե՛ նախկինների, թե՛ ներկաների ներկայացուցիչներն են, որոնց ցանկն անվերջ համալրվում է եւ փոփոխվում: Օրինակ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը՝ 19-ամյա մի երիտասարդ, որը հորդորում է գրոհել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջին՝ գանակոծելու իրեն գրեթե տարեկից աղջկան, նույն խմբակցության մեկ այլ անդամ, որը ցուցարարի ձերբակալությունը համարում է «հանրային պահանջ»: Այս հիվանդասենյակում են գտնվում նաեւ նույն սակավաթիվ ցուցարարներից ոմանք՝ «հասարակական նախաձեռնությունների» անդամներ՝ «Ադեկվադ», «ՎԵՏՈ», որոնք «քաղաքական պայքար» են մղում մերժելի բառապաշարով եւ  տեխնոլոգիաներով:
Քաղաքական համար 6 հիվանդասենյակի գործող անձինք են ոչ միայն ներկաների, այլեւ նախկինների մի մասը, այդ թվում եւ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը: Հրայր Թովմասյանը՝ գործող կեղծված Սահմանադրության հայրը, որին, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը սկսեց վերածել քաղաքական հալածյալի, եւ որը համառորեն հրաժարվում է հրաժարական տալ պաշտոնից իբրեւ սահմանադրական արդարադատության խրոխտ պահակի:

Թեպետ եթե Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլից առաջ նրա ուղղությամբ հոնքն անգամ շարժեր, ապա Թովմասյանը հրաժարականի մի քանի դիմում միանգամից կներկայացներ՝ դրանց տեքստի ընտրությունը թողնելով, բնականաբար, Սերժ Սարգսյանին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, որ Թովմասյանից գրիչներ նվեր ընդունելու հին սովորություն ունի, ՍԴ անդամ Վահե Գրիգորյանին չկարողանալով կարգել ՍԴ նախագահ՝ դրա փոխարեն վերջինիս պարգեւատրել է բարձր աշխատավարձով, ծառայողական մեքենայով եւ աշխատանքի չներկայանալու իրավունքով: Այսպես ՀՀ Սահմանադրական դատարանը, որը մշտապես եղել է հայկական ապօրինությունների կամակատարը, այժմ վերածվել է Բաստիլի, ավելի ճիշտ, Բաստիլի այն խցի, որտեղ պահվում էին վտանգավոր գրքերը: Փաշինյանը չի կարողանում գրավել Բաստիլի այդ խուցը, որը հայաստանյան այս խենթանոցի գլխավոր գործող վայրն է այժմ դարձել:

Փաշինյանը «համար 6 հիվանդասենյակում» է հավաքել նաեւ ոչ քիչ թվով «մանդատավորների», որոնք ԱԺ բոլոր խմբակցություններում իշխանավայել հանգրվանել են, եւ որոնց միայն ֆեյսբուքյան գրառումներով կարելի էր հիվանդանոցի ուղեգիր տալ:  

Քաղաքական այս խենթանոցը Նիկոլ Փաշինյանը թեպետ կառուցեց Սերժ Սարգսյանի քաղաքական կրկեսի հիմնասյուների վրա, սակայն իր իսկ կառավարման սխալների, մարդկային մերժելի որակների բացահայտման կամ ձեռքբերման, նրա քաղաքական վարքագծի հետեւանքով հիվանդասենյակ համար վեցը վերածվում է այնպիսի խենթանոցի, որը կառավարելն ու վերահսկելը գերբարդ աշխատանք է դարձել հենց Նիկոլի համար: 

Չեխովի պատմվածքի ավարտին հիվանդանոցում խռովություն է բարձրանում, հիվանդանոցի պահակ Նիկիտան հարվածում է բժշկի դեմքին, որը հաջորդ օրը մահանում է կաթվածից:
Քաղաքական այս խենթանոցը ոչ թե Չեխովի պատմվածքն է, այլ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ հին ու նոր կգբ-շնիկները հաշիվներ են մաքրում միմյանց հետ՝ մատուցելով այն որպես «քաղաքական պայքար»: 

Սա մեր պետությունն է, ուր մենք ապրում ենք նաեւ խենթերի ու հանցագործների հետ, եւ այս խենթանոցում ողջամտությունը պահպանելն է արդեն դառնում խենթություն: