ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային պայքա՞ր է տանում, թե՞ նպաստում է, որ «Սիլ»-ն ավելի լավ վաճառվի

ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային պայքա՞ր է տանում, թե՞ նպաստում է, որ «Սիլ»-ն ավելի լավ վաճառվի

Մենք տեղեկություն ստացանք, որ «Սիլ գրուպ» ընկերության կազմում գործող «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ն մոտ մեկ ամիս առաջ նամակ է գրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)՝ խնդրելով ուսումնասիրություն իրականացնել ջրերի շուկայում, քանի որ կարծում է՝ անհավասար մրցակցություն կա այս դաշտում։ ՏՄՊՊՀ-ն այս նամակը ստանալով՝ վարույթ է հարուցել եւ սկսել «ուսումնասիրությունները»։

Հանձնաժողովի աշխատակիցները, մեր տեղեկությամբ, նաեւ այցելել են խոշոր օբյեկտներ ու հարցրել, թե ինչու «Սիլ» ընկերության ջուր չեն գնում՝ այդպիսով անուղղակի ճնշում գործադրելով տնտեսվարողների վրա։ Որոշ տնտեսվարողներ էլ, ըստ տեղեկության, համաձայնել են «Սիլ» ընկերութան արտադրած ջրերից ձեռք բերել, միայն թե գլխացավանքի մեջ չընկնեն։ Մեզ պատմեցին, որ «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ն ՏՄՊՊՀ-ին ուղարկած իր դիմում-բողոքի մեջ մատնանշել է խանութների-ռեստորանների մի հսկայական ցանկ, որոնք իրենց ջրից չեն օգտվում, եւ որոնց հարկավոր է պատժել։ 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ դրա վերաբերյալ նաեւ նիստ են արել, դիտանցումներ, ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրել, լսումներ են կազմակերպել նրանց հետ, բայց դեռ որեւէ բան չեն արձանագրել։ Մեզ ասացին, որ նիստին մասնակցել են ջուր արտադրող որոշ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Ջերմուկի», «Բջնիի», նաեւ մի քանի խոշոր ռեստորանների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են «Սիլ»-ից չօգտվելու իրենց պատճառները։ Օրինակ՝ պահանջարկ չկա հաճախորդների կողմից, պայմանները լավը չեն, տեղ չունեն դնելու եւ այլն։

- Իսկ դուք մինչ այդ ուսումնասիրություն իրականացրե՞լ էիք այդ ոլորտում, նկատե՞լ էիք անհավասար մրցակցության դրսեւորումներ։

- Չէ, անբարեխիղճ դրսեւորումներով՝ ոչ «Սիլ»-ի հետ կապված, ունեցել ենք գործեր, բայց էդ ոլորտով՝ ոչ։ Բողոքներ անդադար ունենում ենք, «Ապարան» ջուրն ենք ունեցել, «Ջերմուկի» հետ կապված գործեր ունենք, մի դեպքում «Ջերմուկի» դեմ են բողոքել, մյուս դեպքում ինքն է բողոքել՝ «Ապարան» ջրի պարագայում։

- Իսկ այս վարույթով ի՞նչ եք պարզել՝ ջրերի ոլորտում կա՞ իսկապես անհավասար մրցակցության խնդիր։

- Չեմ կարող ասել, որովհետեւ կխախտեմ, հանձնաժողովը բոլորով իրար հետ պետք է քննարկի, էս պահին, որ անկեղծ լինեմ, չկա էդ կարծիքը, որովհետեւ լիքը ինֆորմացիա ունենք ճշտելու։

- Իսկ ճի՞շտ է, որ ձեր աշխատակիցները, երբ այցելել են տնտեսվարողներին, հարցրել են՝ ինչո՞ւ «Սիլ գրուպի» ջուր չեն օգտագործում։

- Հա, բա ի՞նչ, դրա համար էլ ուսումնասիրում ենք, հարցնում ենք, էդ հարցումը գրավոր ենք անում։

- Իսկ դա ձեր կողմից ճնշում չէ՞ տնտեսվարողների վրա։

- Չէ, ես հո չե՞մ ասում՝ ինչի չես վերցնում, մենք հարցում ենք տալիս՝ ձեզ դիմում եղե՞լ է վերցնելու, թե՞ չի եղել, դուք ունե՞ք գերիշխող դիրք, թե՞ չունեք, դա մենք ենք բացահայտում։ Օրինակ, եթե փոքր խանութ է Ձերը, Դուք կարող եք ցանկացած ջուր վաճառել կամ չվաճառել, կամ եթե ցանց եք, բայց Դուք կարող եք տնտեսական առումով, եթե դա տնտեսապես հիմնավորված է, էդ ջուրը չօգտագործեք կամ ասեք՝ տեղ չկա, եթե դա օբյեկտիվ է։ Էդ հարցումները դրան են ուղղված, ոչ թե՝ էս ջուրը ինչի չես վերցնում։ Էսպիսի հարցումներ եղել են նաեւ ուրիշների դեպքում, օրինակ՝ «Պեպսի»-ի ու «Կոկա-կոլա»-ի գործ ունենք, որ հիմա դատարանում է գտնվում՝ «Պեպսի»-ն բողոքել էր «Կոլա»-ի» դեմ։

- Հիմա, եթե ջուր արտադրող մյուս ընկերությունները, օրինակ՝ «Նոյը», «Ակվա Արմենիան», «Ջերմուկը», ձեզ  նմանատիպ գրությամբ դիմեն, դուք նորից գնալու եք տնտեսվարողներին հարցնե՞ք՝ ինչո՞ւ, ասենք, «Ակվա Արմենիա» չես օգտագործում։

- Իհարկե։ Գրավոր գրում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ չեք օգտագործում, կարող է ասի՝  դիմում չի եղել մեզ, կարող է ասի՝ ջուրն օգտագործել ենք՝ դուր չի եկել, կարող է ասի՝ տեղ չունենք, կարող է հակամրցակցային համաձայնություն պարզվի, օրինակ՝ 5 հոգի որոշեն մեկին ջուր չծախեն ու շուկայից դուրս մղեն։ 

- Իսկ նկատե՞լ եք՝ ձեր կատարած այդ հարցումներից հետո այն տնտեսվարողները, որոնք «Սիլ» չէին գնում, սկսեն արդեն «Սիլ» գնել։

- Ոչ։ Մեզ մոտ հրավիրել էինք, ով եկել էր, ոչ մեկը էդ պահին ջուր չէր վերցնում, բայց մեր ասածը հստակ է, որ մենք չենք ասում՝ ջուր վերցրեք, մենք ասում ենք՝ ինչո՞ւ չեք վերցնում, ինչո՞ւ եք սա անում։ Էդպես լինի, նույն հարցումը շաքարով ու կարագով ենք արել․․․

- Պարզապես տեղեկություն կա, որ որոշ տնտեսվարողներ ձեր հարցումներից հետո սկսել են «Սիլ» վերցնել, որ ավելորդ խնդիրներ չունենան։

- Չէ, եթե նման բան են անում, սխալ են անում։ Էդ օրը ով եկել էր նիստին, էդ եկած մարդկանց՝ մոտ 7 տնտեսվարող սուբյեկտ, ոչ մեկը էդ պահին էդ ջրից չէր վերցնում, իրենք իրենց փաստարկները ներկայացրին, թե ինչու չէին վերցնում։ Համենայնդեպս, մեր հարցումն էդպես մեկնաբանելը սխալ է, որովհետեւ նմանատիպ հարցում մենք բոլոր գործերով ուղարկում ենք, դա մեր գործն է, բա ինչո՞ւ ուրիշ գործերով չեն վերցնում։

- Հիմա, եթե պատճառն իրենք ասում են, թե ինչու չեն վերցնում տվյալ ապրանքից, եւ ձեզ հիմնավոր է թվում, ի՞նչ եք անում այդ դեպքում եւ ի՞նչ եք անում, եթե հիմնավոր չի թվում։

- Մի քիչ պարզ եք ասում։ Եթե մենք տեսնում ենք, որ տնտեսապես հիմնավորված է, իրենց գործը կարճվում է, եթե մենք տեսնում ենք, որ կա հակամրցակցային համաձայնության խնդիր, դա շատ բարդ է՝ միայն չվերցնելը չէ, եթե կա պայմանավորվածություն տարբեր ընկերությունների միջեւ, էդ դեպքում, եթե դա կարողացանք ապացուցել, ապա հակամրցակցային համաձայնություն է, եթե գերիշխող դիրք ունի, ցանց է եւ իր գերիշխող դիրքն օգտագործում է՝ ինչ-որ մեկին շուկայից դուրս մղի, դա էլ գերիշխող դիրք է։

- Ես տեղյակ եմ, որ խոշոր ընկերությունները հաճախ գումար են վճարում տնտեսվարողներին, որպեսզի միայն իրենց ապրանքից օգտվեն։ Դա ինչպե՞ս եք պարզելու։

- Հենց էդպիսի բան կարողացանք ապացուցել, դա շատ լուրջ խնդիր է։ Ապացուցման ձեւեր կան, իհարկե։ Բայց՝ եթե կարողանանք ապացուցել, եթե չես կարողանում ապացուցել, նշանակում է՝ նման բան չկա։