Regnum-ը բացու՞մ է գաղտնիքը

Regnum-ը բացու՞մ է գաղտնիքը

«Արեւմտյան Ադրբեջանի (Երեւանի) հանրապետության» հռչակման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության «թանաքը չչորացած»՝ հարցին անդրադարձել է Regnum-ի «հայամետ» մեկնաբան Ստանիսլավ Տարասովը, որի մանվածապատ դատողություններն ի վերջո ամփոփվում են ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուի հետեւյալ դիտարկմամբ. «Հայերի հետ պետք է խոսել այսպես. եթե մենք նրանցից պահանջենք Երեւանը, Զանգեզուրը եւ այն մասերը, որ սահմանակից են Թուրքիայի Կարսի մարզին, որ պատմականորեն նույնպես պատկանում են Ադրբեջանին, ապա նրանք կազատեն մեր օկուպացված տարածքները եւ Զանգեզուրը: Իսկ մենք մեր հերթին կթողնենք Երեւանը եւ Կարսի հետ սահմանակից մասերը»: Ո՞րն է Թուրքիայից հնչած մի հայտարարությանն ռուսաստանցի վերլուծաբանի այդքան օպերատիվ եւ, մանավանդ, ադրբեջանցի գործընկերոջ տեսակետին ենթատեքստային հղումով արձագանքի շարժառիթը: Արդյոք Թուրքիայի Կեյսարիի համալսարանի պրոֆեսոր Չախմախլիի նախաձեռնությունը՝ հռչակելու «Արեւմտյան Ադրբեջանի (Երեւանի) հանրապետություն»,՝ քարոզչական ճնշու՞մ չէ Հայաստանի նկատմամբ, որպեսզի Երեւանը համաձայնի ԼՂ կարգավորման «Լավրովի պլանին»: Տպավորություն է, որ Regnum-ը որոշակի գաղտնիք է բացում, ինչից կարելի է ենթադրել, որ ԼՂ կարգավորման շուրջ ընթանում են ռուս-թուրք-ադրբեջանական խորհրդատվություններ այն կտրվածքով, որ կարգավորման «փուլային տարբերակը» բանակցություններում առաջ մղելու համար հայկական կողմը պետք է ենթարկվի տեղեկատվա-քարոզչական «հրետանային նախապատրաստության»: Ո՞րն է լինելու մեր պատասխանը: