Գույքահարկի ավելացումը, ըստ ամենայնի, կապված է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ
Տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին, դրանց գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին: Վարչապետը հանձնարարել է առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի տնտեսական բլոկի հանձնաժողովների ղեկավարներին և այդ քննարկումների արդյունքներով վերջնական տեսքի բերել նախագիծը:
Կառավարության հաղորդագրության մեջ գույքահարկի ավելացման մասը լղոզված է, սակայն եթե հիմքը նախկին օրինագիծն է, ապա այն ենթադրում էր հատկապես կենտրոնում անշարժ գույքի հարկման ավելացում, ինչն ամիսներ առաջ, երբ դեռ չկար «կորոնավիրուս» կոչվող ֆորսմաժորը, տեղը տեղին քննադատվել էր։ Տնտեսության համար վատատեսականից մինչև ապոկալիպտիկ սցենարներով ժամանակաշրջանում, երբ կանխատեսվում են անգամ սով ու գործազրկություն, կառավարությունը որոշել է բարձրացնել անշարժ գույքի հարկումը։ Զրուցել ենք «Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ նախագահ Արայիկ Այվազյանի հետ։
- Պարոն Այվազյան, ո՞րն է քաղաքացիների համար առանց այն էլ ծանր պայմաններում անշարժ գույքի հարկը բարձրացնելու իմաստը, այն դեպքում, երբ մասնավորն է այդ վիճակը հաշվի առնելով՝ իջեցնում ծառայությունների ու ապրանքների գները։
- Կարող եմ ենթադրել, որ կառավարությունը ծրագրեր ունի։ Տեսեք՝ վերջերս ընդունվեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքը։ Միգուցե դրա հետ կապ ունի՞, որովհետև երբ սկսվի գույքի հետ կապված գործընթացը, հետևաբար, խնդիր է դառնալու՝ իմանալ ու որոշել այդ գույքի իրական արժեքը։ Միգուցե վստահ չեմ կարող պնդել։
- Բայց պարտադի՞ր է դրա համար առանձին օրենք ընդունել, եթե այդ գույքը կարող են որոշել անկախ բրոքերական կազմակերպությունները։
- Ենթադրում եմ իրենց մոտեցումը։ Ամեն ինչը պետք է ունենա հիմք, որպեսզի չստացվի, որ որևիցե մեկի սուբյեկտիվ մոտեցումն է դրա տակ, որոշել են ընդունել օրենք, իսկ օրենքն ի՞նչ է ենթադրում՝ ընդհանուր խաղի կանոններ բոլոր դեպքերի համար։
- Լավ, այնուամենայնիվ, սա անդրադառնալու է շարքային քաղաքացու վրա։
- Կախված նրանից, թե վերագնահատման արդյունքում գույքի արժեքը կավելանա՞, թե՞ ոչ։ Ճիշտն ասած, երբ այն ժամանակ քննարկվում էր գնահատման մեթոդաբանությունը, մեթոդները վերջնական չընդունվեցին՝ վերանայման նպատակով։ Հետևաբար, գնահատելուց հետո պարզ կդառնա՝ շարքային քաղաքացիների համար դա դրակա՞ն է ազդելու, թե՞ բացասական։ Եվ, ի դեպ, սա կախված է, թե ում տեսանկյունից ենք նայում, որովհետև էն քաղաքացիները, որոնք հիպոթեքով տուն գնելու խնդիր ունեն, այդ արհեստական ցածր արժեքն էլ նրանց է վնասում։ Մարդն ուզում է հիպոթեքով տուն վերցնի, գնում է գնահատել տալու, կազմակերպությունները կարևորություն են տալիս կադաստրային արժեքներին, դրանից ելնելով՝ արհեստական ցածր են գնահատում, ու ստացվում է, որ երբ մարդն իր գույքը գրավադրում է, այդ ժամանակ շատ մեծ տարբերություն է լինում։ Այսինքն՝ հարցին կարելի է մի քանի տեսանկյունից մոտենալ․ դեմ չեմ՝ այն մարդիկ, որոնք գործարք չեն անելու, ուղղակի իրենց կենցաղային կյանքով են ապրում, ու հանկարծ անշարժ գույքի գինը բարձրանում է, վստահ եմ, որ նրանց համար անհարմարություններ կառաջանան։
- Ամեն դեպքում, մենք գիտենք, որ ֆորսմաժորների դեպքում թանկանում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները։
- Այո, բայց պայմանավորված նրանով, թե ինչ տիպի ֆորսմաժոր է։ Օրինակ, այս մեկը՝ կորոնավիրուսը, միանգամայն սպեցիֆիկ է։ Ինչո՞վ, օրինակ՝ եթե այլ պարագայում մարդկանց տեղաշարժի հետ կապված խնդիր չէր առաջանում, հիմա առաջացավ, ու ի՞նչ եղավ․ օտար պետություններում գտնվող մեր քաղաքացիները ոչ մի աջակցություն չէին ստանում։ Հետևաբար, ստիպված հետ եկան Հայաստան։ Երբ բոլորը հետ եկան Հայաստան, անկախ նրանից, թե ինչ նպատակով ու ծրագրերով են եկել, ստացվեց, որ մեզ մոտ անշարժ գույքի պահանջարկն ավելացավ․ թե՛ վարձով մնացողների, թե՛․․․
- Բայց անշարժ գույքի ռիելթորներն ուղիղ հակառակն են ասում, որ կա ահռելի առաջարկ ու գրեթե զրոյական պահանջարկ։
- Անշարժ գույք ձեռք բերելու իմաստով, այո, միգուցե այս ընթացքում նվազեց, որովհետև, որպես կանոն, Հայաստանում ովքե՞ր են ձեռք բերում անշարժ գույք՝ մեր հայրենակիցները, որոնք բնակվում են կա՛մ այստեղ, կա՛մ արտերկրում։ Հիմա ֆինանսական ճգնաժամից ելնելով՝ Հայաստանում չեն ուզում ձեռք բերել։ Մարդիկ այս անորոշությունից ելնելով՝ որոշել են մի պահ դադար տալ։ Բայց, մյուս կողմից էլ, նայում եմ՝ բավականին շատ նոր շինարարություններ են մեկնարկել։ Եթե չեմ սխալվում՝ անցած տարվա մեջ քաղաքապետարանը մոտ 3000 շինթույլտվություն է տվել։ Իսկ սա լուրջ ծավալ է, ու հնարավոր է շուկայում առաջարկի կտրուկ աճ լինի։ Ու միգուցե մարդիկ սպասում են։ Մյուս կողմից էլ, կառավարությունն անընդհատ նշում է, որ վիրուսը շարունակական է լինելու, չի բացառվում, որ սեպտեմբերից նոր ալիք սկսվի։ Արդեն մի քանի ամիս այս ճգնաժամը մեր մաշկի վրա զգացինք, մի հատ էլ դրանից հետո զգուշացնում են, որ մի հատ էլ է լինելու։ Բնականաբար, ոչ ոք չի մտնի այս անորոշությունների մեջ նման վարկերի տակ։
Կարծիքներ