Անգամ հիմա ունևորները դողում են փողի վրա...  

Անգամ հիմա ունևորները դողում են փողի վրա...  

Ունևոր մարդկանց մտածողությունն ու հոգեբանությունն ամեն դեպքում մնում են անհասկանալի, քանզի անգամ վարակի համատարած այս իրավիճակում, նրանց մեծամասնությունը չհասկանալով մահվան վտանգի ռեալությունը, գոնե մի պահ չի զգոնանում և չի փորձում իր գործունեությունը, վարքն ու բարքը  համապատասխանեցնել ստեղծված նոր իրավիճակին, որն այլ հրամայականներ է թելադրում, քան սովորական իրավիճակներում: Նրանք լավ չեն պատկերացնում, որ դրանք անտեսելու դեպքում, եթե ուրիշ ոչինչ, ապա Տիրոջ հավանական պատժից բացի հայտնվելու են նաև սպասվողից էապես տարբերվող՝ բացասական ֆինանսական արդյունքների առջև: Նրանք այնքան են սևեռված գումարների մեծ հոսքերի գաղափարի վրա, որ չեն էլ նկատում, որ իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով խարխլվել են դրան տանող ճանապարհները: Էլ չենք ասում անակնկալ հայտնված ձմեռը (փոխաբերական իմաստով՝ կորոնավիրուսի պատճառով առաջացած վիճակը), որի հետևանքով ջերմաստիճանի կտրուկ անկում ու տեղաշարժման անասելի դժվարություններ են  առաջացել, իսկ նրանք դեռևս ամառային հագուստներով են ու երթևեկում են ամառային անվադողերով: 

Փոխանակ սթափվելու և ձեռնարկելու ստեղծված իրավիճակին համապատասխան միջոցառումներ, նրանք սպասվող եկամուտի հոսքից շլացած, ամառային եղանակին հարիր միջոցներով փորձում են դիմակայել ձմռան սարսափելի պայմաններին: Բնական  է, որ պարտադիր հայտնվելու են անկանխատեսելի վիճակներում՝ դրանց բոլոր հնարավոր հետևանքներով: 

Կարծում եմ նույնը կլինի նաև այսօր, եթե նրանք շարունակեն ուրանալ Տիրոջը ու չփորձեն թոթափել փողի մոլուցքը: Մի բան հաստատ է, որ այս պարագայում փողով չես հաղթի կորոնավիրուսին, առավել ևս, որ կողքդ լիքը սոված հայրենակիցներ կան, ովքեր կորցրել են հաց հայթհայթելու միակ շանսը՝ աշխատանքը և առանց չափազանցության աստիճանաբար մատնվում են սովի: Զարմանում ես, որ այս պարագայում անգամ, երբ աշխարհն ամեն օր  տասնյակ հազարավոր զոհեր է տալիս, նրանք դարձյալ չեն գիտակցում, որ այս կարճ կյանքում, առավել ևս այս իրավիճակում փողը պետք է լինի ընդամենը միջոց, այլ ոչ թե նպատակ: 

Հարգելի ունևորներ, բավական է պաշտեք փողը ու դողաք դրա վրա: Փորձեք թուլացնել ձեր կառչածությունը դրանից և ձեր թալանած փողից մի քանի կոպեկ հատկացրեք ձեր շրջապատի աղքատներին, որպեսզի նրանք չսովահարվեն, մանավանդ որ այս հրեշ վիրուսին հնարավոր է հաղթել միմիայն բարձր իմունիտետի դեպքում, որը սոված մարդու մոտ իսպառ բացակայում է: Խաղաղ պայմաններում ինչ-որ կերպ հասկանալի է փողի մոլուցքը, սակայն անհասկանալի է, թե վտանգներով լի այս իրավիճակում, երբ իրենցից ցանկացած մեկն ամեն վայրկյան կարող է վարակվել ու այլևս չփրկվել, ինչ դեր պետք է խաղան նրանց թողած միլիոնները: Եթե ոչ խղճի մտոք, ապա գոնե Տիրոջ նկատմամբ ունեցած վախից, հիմա ոչինչ չպետք է խնայեն և մաս հանեն աղքատներին, հույս պահելով, որ Տերը կգնահատի և ինչ-որ չափով կգթա իրենց: Մի՞թե նրանք տեղեկացված չեն աշխարհում իրականացվող լուրջ բարեգործական միջոցառումների մասին, թե այս օրերին աշխարհի մեծահարուստներն ինչ մեծ գումարներ են ուղղում բարեգործությանը։ Դժվար չէ նաև հասկանալը, որ այդ բարեգործները հեչ էլ միամիտ չեն, ինչո՞ւ են հենց այս իրավիճակում ավելի մեծ ծավալներով բարեգործություն կատարում: 

Եթե հնարավորություն լիներ ունևորների վարքագծի վերաբերյալ վիճակագրություն ներկայացնել, ապա պարզորոշ կուրվագծվեր, որ նման իրավիճակներում նրանց փոքր մասն է միայն դասեր քաղում՝ դարձի գալիս և դրանք էլ այն մարդիկ են, ովքեր շատ թե քիչ հավատում են Տիրոջ գոյությանը, իսկ մեծամասնությունը փողի մոլուցքից շլացած, փորձ էլ չի անում հետ կանգնել ընտրած ճանապարհից: 

Սակայն  մեկ բան է, երբ սովորական, առօրեական իրավիճակ է, մեկ այլ բան է, երբ աշխարհում բառացիորեն մոլեգնում է մահաբեր կորոնավիրուսն՝ իր սարսափելի հետևանքներով, որի բուժումն արդեն մոտ հինգ ամիս՝ չնայած ողջ աշխարհի բազմաբնույթ փորձերին, ոչ մի կերպ չի հաջողվում գտնել: Ավելին, այդ փորձերի վճակագրությունը խոսում է այն մասին, որ եթե գտնվի էլ այդ բուժումը, ապա դրա մասսայական գործարկման համար տարիներ կպահանջվեն, որի ընթացքում այդ չարագույժ վարակը բառացիորեն աշխարհին կարող է բերել միլիոնավոր մարդկային զոհեր: Եվ ահա այս իրավիճակում անգամ, մեր հարգարժան ունևորները դողում են իրենց փողերի վրա և ափսոսում են ողորմություն անել սովից խորտակվող մեր աղքատ հայրենակիցներին, ովքեր հավանաբար մի մեղք են գործել միայն. որ խեղճ ու կրակ են, ինչպես նաև ժամանակին նրանց նման թալանով չեն զբաղվել: 

Փաստացի, մեր չունևոր խավն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ ունևոր խավի կողմից սատարում չունենալվ, հույսը կարող է դնել միմիայն երեսուն և ավելի տարիներ պատերազմող, մինչև խորքը թալանված, խեղճ ու կրակ վիճակում հայտնված պետության վրա (ցավոք, մեր պետական այրերն էլ այնքան փորձառություն չունեն, որ իրենց ճկուն աշխատանքի շնորհիվ լրացնեն պետության աղքատության բացը), որից ռեալ ակնկալիքները չափազանց փոքր են...                    

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ