Արարողակարգից անդին

Արարողակարգից անդին

Տոնեցինք Շուշիի ազատագրման 28-ամյակը: Արցախ այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ՝ ըստ արարողակարգի: Առանձնահատկությունն այն էր, որ Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորեցին Արցախի գործող եւ նորընտիր նախագահները: Եւս տասը օր, եւ Արայիկ Հարությունյանը երդմամբ կստանձնի Արցախի նախագահի պաշտոնը: Արդեն հայտնի է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա Շուշիում:

Դա ակնհայտ մեսիջ է Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը: Տոնի նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի համալսարաններից մեկի ծագումով ադրբեջանցի պրոֆեսորի նախաձեռնությամբ ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջանի (Երեւանի) վտարանդի կառավարություն»: Թե ինչու՞՝ Թուրքիայում, ոչ թե՝ Բաքվում, որտեղ ծագումով հայաստանցի պետական-քաղաքական գործիչներ կան թե իշխանության մեջ, թե ընդդիմության շարքերում՝ այլ հարց է: Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ «վտարանդի կառավարության անդամների նախնիները 1918-20 թվականներին բռնատեղահանվել են Հայաստանից»:

Անշուշտ, այդ կառույցն ստեղծվել է Ադրբեջանի իշխանությունների գիտությամբ եւ հովանավորությամբ: Ադրբեջանի սահմանադրությունը ճանաչում է 1918-20թ.թ. դեմոկրատական հանրապետության իրավահաջորդությունը: Վերջինս 1918 թ. մայիսի 28-ին անկախություն է հռչակել Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասն ընդգրկող տարածքների նկատմամբ իրավազորության հավակնությամբ: Ճիշտ է, այդ սահմանները երբեք միջազգայնորեն չեն ճանաչվել, բայց դա ներկայիս Ադրբեջանին չի խանգարում «պատմականորեն» իրենը համարել Սյունիքը եւ Երեւանը: Ստացվում է, որ Ադրբեջանի գործող սահմանադրությունը փաստացի Հայաստանի դեմ ագրեսիայի աղբյուր է: Շուշիում վարչապետ Փաշինյանի ելույթին Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը հետեւյալն էր. «Հայաստանը զրոյացնում է բանակցային գործընթացը»:

Պաշտոնականին գումարվում են տասնյակ քաղաքական եւ փորձագիտական արձագանքներ: Գերիշխող տեսակետը, որ, կարելի է չկասկածել, համաձայնեցված է ամենաբարձր մակարդակով, մեկն է՝ բանակցությունները ոչ մի հեռանկար չունեն, մնում է պատերազմի տարբերակը: Ադրբեջանական կողմին այս հարցում որոշակի օժանդակություն են ցուցաբերում ռուսաստանցի քաղաքագետները: Նրանցից մեկը նույնիսկ գծել է ,,հակաահաբեկչական ռազմագործողության,, սցենարը: Բաքվում ուշի-ուշով հետեւում են հայ-ռուսական հարաբերություններին:

Վերլուծաբան Թոֆիգ Աբասովի կարծիքով, ներկայումս դրանք լարված են, ինչը «հավանական է դարձնում Շուշիի եւ Երեւանի դեօկուպացիան»: Նման մտավարժանքներ, ինչ խոսք, ադրբեջանական կողմն իրեն թույլ է տվել նաեւ նախկինում: Բայց այսօր  այլ իրավիճակ է: Ոչ ոք չի համարձակվում կանխատեսել, թե ինչպիսին է լինելու հետկորոնավիրուսային աշխարհակարգը: Ինչ-որ բան, անշուշտ, փոխվելու է: Ադրբեջանը հետեւողականորեն գնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ-ադրբեջանական բախտորոշ դիմակայության նենգափոխելու ճանապարհով:

Հարյուր տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանները որոշվել են ռուս-թուրքական համաձայնությամբ: Ի՞նչ է սպասվում: Մեծացնելով հավակնությունների պարագիծը՝ Բաքուն փորձում է հասնել «Լավրովի պլանին» Հայաստանի համաձայնությա՞նը: Տոնը՝ տոն, արարողակարգն՝ արարողակարգ, բայց մենք ունե՞նք ապագայի պրագմատիկորեն հաշվարկված տեսլական: Արարողակարգից անդին աշխարհը չափազանց եսպաշտ է: Ամեն ինչ կառուցվում է շահի եւ ուժերի հարաբերակցության վրա: Տեւական պաուզայից հետո Թուրքիան վերսկել է ռուսաստանյան C 400 համակարգերի տեղաբաշխման ծրագիրը՝ չնայած ԱՄՆ-ի դժգոհությանը: Շուտով դրանք կկանգնեն մարտական հերթապահության: Քաղաքական ի՞նչ գործարք է ուրվագծվում Մոսկվա-Անկարա առանցքով: Եկող տարի լրանում է «Բարեկամության եւ եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրի 100 տարին…