Թուրք-ադրբեջանական հերթական քարոզչական կեղծիքը․ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետությունը»

Թուրք-ադրբեջանական հերթական քարոզչական կեղծիքը․ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետությունը»

Թուրքիայի եւ Ադրբեջանի անմիջական հովանավորությամբ ստեղծվել է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի կամ Իրեւանի Հանրապետություն» կոչված հերթական խամաճիկ կառույցը, որը ղեկավարում է Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի պրոֆեսոր, իրեն հայագետ համարող Գաֆար Չախմախլին։

Կազմակերպությունը իրեն համարում է ադրբեջանական երկրորդ պետականություն, որքան էլ կարող է ծիծաղելի ու ցնորամիտ հնչել՝ Հայաստանի տարածքների վրա հիմնված, եւ իր նպատակն է հռչակում «ադրբեջանական հողերի վերադարձը (օրինակ՝ Դիլիջան, Երեւան, Սեւան, Գյումրի, Վանաձոր, Սյունիք եւ այլն, դե Արցախը կա ու կա իրենց հավակնությունների մեջ)»։

Ըստ Minval.az-ի փոխանցման, առաջիկայում այս կառույցը «ընտրելու է Ազգային խորհուրդ, ապա իրականացնելու է վտարանդի պառլամենտական ընտրություններ եւ ապա՝ ձեւավորելու է վտարանդի կառավարություն»։ Թե ինչպիսի պատմական զեղծարարությամբ է այս նախաձեռնության պատմական արդարացվածությունը հիմնավորվել, կարելի է պատկերացնել, հաշվի առնելով, թե թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես է սիրում պատմությունը կեղծել կամ յուրացնել։ Հետաքրքիր է թերեւս այն, որ նույնիսկ պարսկական Երեւանի խանությունը ներկայացվել է որպես ադրբեջանական պետականության ժառանգություն։