Երբ Ռուսաստանի բանակը շնչակտուր լինի, իսկ «վագները» վերջանա, հակահարձակման կանցնենք

Երբ Ռուսաստանի բանակը շնչակտուր լինի, իսկ «վագները» վերջանա, հակահարձակման կանցնենք

«Իրավիճակը մարտի դաշտում բարդ է, սակայն վերահսկվող է»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գերագույն ռադայի խորհրդական, Հայաստանի հետազոտությունների միջազգային կենտրոնի հիմնադիր, Stay with Ukriane բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ով բնակվում է Կիեւում։ Հասարակական գործիչը տեղեկացրեց, որ Դոնբասի մարտական գծի ուղղությամբ Բախմուտում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Հակառակորդը սիստեմատիկաբար «կոտրում է իր ատամները»՝ կորցնելով հազարավոր զինվորներ։ Ուգլեդարի շուրջ պաշտպանական գիծը ճեղքելու փորձերը նույնպես չստացվեցին, ընդհակառակը՝ գործողության լիակատար ձախողմամբ ավարտվեցին։ Հազարավոր անդառնալի կորսված կյանքեր, հարյուրավոր զինտեխնիկա, որոնք պարզապես լքվել են հետնահանջի ճանապարհին։ Ուկրաինացի զինվորները հաջողությամբ հակազդում են նաեւ հարձակումներին Կուպյանսկի ուղղությամբ, ու եթե հակառակորդն ուզում էր ռեւանշ վերցնել Խարկովի մարզում՝ անցած տարվա սեպտեմբերին այնտեղից նվաստացուցիչ փախուստից հետո, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Օբյեկտիվ պետք է լինել, քանի որ տակտիկական նախաձեռնողականությունը ռուսական կողմինն է, որովհետեւ նրանք ակտիվ հարձակվում են, սակայն հաջողություն չեն գրանցում, առաջ են եկել միայն հաշված մի քանի կիլոմետր՝ կորցնելով հսկայական ռեսուրսներ։ Ստրատեգիական պահին, երբ Ռուսաստանի բանակի շունչը կտրվի, իսկ «վագները» վերջանա, հարձակման արդեն մենք դուրս կգանք»,- ասաց Պետրոսյանը։

Գերագույն ռադայի խորհրդականը կարծում է, որ գարնան ավարտին կամ ամռանը ուկրաինական զորքերի ֆունդամենտալ հաղթանակին ականատես կլինենք երկրի հարավային հատվածում, եւ իրենք կկարողանան ճեղքել ռուսական բանակի պաշտպանական գիծը Բերդյանսկի հատվածում։ Իսկ հետագայում արդեն քաղաքներն ազատագրելով՝ դեպի Ղրիմ տանող միջանցքը բացելու գործընթացը կսկսեն, որից հետո Ուկրաինայի զինված ուժերի թիրախում կհայտնվեն թերակղզում տեղակայված ռուսական զորքերը։ 

Մեր հարցին, թե ամենաթեժ մարտերն այս պահին որ հատվածներում են ընթանում, Պետրոսյանն ասաց, որ տեղակայումները հետեւյալն են՝ Կուպյանսկ-Լիմանսկի ուղղություն, Բախմուտ, Ավդեեւկա։ Նա շեշտեց, որ հակառակորդը փորձում է բարելավել դիրքերը, սակայն պարբերաբար պարտություններ է կրում։ Հիմնական գործողությունները տեղային նշանակություն ունեն, ու դեռ չի կարելի խոսել այն լայնածավալ հարձակման մասին, որի վերաբերյալ տարբեր փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին դեռեւս տարվա սկզբին։
«Ամենայն հավանականությամբ, տեսնելով հարձակման գործողությունների թույլ պոտենցիալը՝ Ռուսաստանը չի անցնի այնպիսի հարձակման, ինչպիսին կար պատերազմի սկզբում, նրանք չունեն բավարար կարողություններ եւ ռեսուրսներ։ Բոլորը Ռուսաստանի բանակն անվանում էին աշխարհում երկրորդ հզոր բանակը, ես կարող եմ ասել, որ այն կարող է այդպիսին համարվել միայն խաղաղ ժամանակ՝ մարտի դաշտում պատկերն ամբողջովին այլ է։ Այս պահին ամենակարեւոր ուղղությունը հարավն է՝ Զապորոժիեի մարզը։ Այնտեղ հակառակորդը հարձակողական լայնամասշտաբ գործողություններ չի իրականացնում, ամենայն հավանականությամբ, իրենց հաշվարկն է՝ զուտ պաշտպանական գործողություններ՝ մինչեւ ձմեռ դիմանալու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Մենք հետաքրքրվեցինք Սուրեն Պետրոսյանից, թե Ուկրաինայում հայկական համայնքն ինչպես է մասնակցում պատերազմական գործողություններին։ Պետրոսյանն ասաց, որ ակտիվ մասնակցություն ունի, եւ շեշտեց, որ իր «Մոնս Պիուս» կազմակերպությունն արդեն մոտ տասը միլիոն տոննայի հումանիտար օգնություն է հավաքել եւ հարյուր հազար ԱՄՆ դոլար հանգանակություն՝ ուկրաինական բանակի կարիքները հոգալու համար։ Նման դեպքերը եզակի չեն, ու այս գործընթացին իր ակտիվ աջակցությունն է ցուցաբերում նաեւ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։

Մեծ դեր են խաղում նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակության շփումները։ 
«Մարդիկ Հայաստանում պետք է հասկանան՝ պետք է հեռանալ Ռուսաստանից ու զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների հետ։ Երբ Ռուսաստանն ընկնի, մենք մեծ հնարավորություններ կստանանք ու միջազգային կոալիցիա ձեւավորելու ժամանակ առավելություններ կունենանք՝ մեր շահերն Արցախի հակամարտության հարցում լավագույնս պաշտպանելու համար»։ 

Հետաքրքրվեցինք, թե ուկրաինական կողմը ռուսական զորքերի կորստի մոտավորապես ինչ պատկեր է ներկայացնում։ Պետրոսյանը պատասխանեց՝ ռուսական կողմի կորուստները հսկայական են՝ մոտ 200 հազար զինվորական, 3 հազար 200-ից ավելի տանկ, 300 ինքնաթիռ, 300 ուղղաթիռ։ «Ուկրաինական կողմը չի հրապարակում իր կորուստների թիվը, քանի որ դա պատերազմի ընթացքում պետական գաղտնիք է, սակայն, մեր գնահատականներով, Ուկրաինայի կորուստները ռուսականից մոտ երեք անգամ քիչ են։ Պետք է նշել, որ այս պատերազմը հսկայական թվով զոհեր տվեց քաղաքացիական հասարակության շրջանում, մենք չենք կարող հաշվել բոլոր կորուստները, որովհետեւ ռուսական զորքերը ոչնչացնում են մեր ժողովրդին՝ օկուպացված տարածքներում»,- եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։