«Հրապարակ». Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը չի աշխատում

«Հրապարակ». Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը չի աշխատում

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, որն անցյալ տարի կառավարությունը 5 մլրդ դրամով վաճառեց մեծածախ առեւտրով եւ բեռնափոխադրումներով զբաղվող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանին, չի աշխատում։ Ծաղկաձորի բնակիչներն ասում են, որ հանգստացողներ չկան, միայն պահակներին են տեսնում՝ գնալ-գալուց։ Նույնը պնդում են հյուրանոցային բրոքերները, որոնք զբաղված են Ծաղկաձորի  հյուրանոցներ եւ հանգստյան գոտիներ հյուրեր բերելով։ Որեւէ շարժ «Գոլդեն փելես» հյուրանոցում չկա։ Մենք փորձեցինք տվյալներ ստանալ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ից, հարցնել, թե ինչ խնդիրներ կան «Գոլդեն փելեսի» հետ կապված, սակայն այստեղ էլ մեռյալ գոտի է։ «Սփյուռ»-ում ձեւական հեռախոսահամար է նշված, որին ոչ ոք երբեք չի պատասխանում, սոցցանցում էլ նույնքան անհաղորդ էջ ունեն, ձեւի համար։ 

Հիշեցնենք, որ հյուրանոցի նախկին տերը՝ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, 2019 թվականին այն նվիրեց պետությանը, որից հետո  ԱԱԾ-ն կարճեց նրա դեմ իրականացվող քրեական հետապնդումը։ Նոր տերը՝ Նարեկ Նալբանդյանը, պարտավորվել է առաջիկա հինգ տարիներին կատարել 4,5 միլիարդ դրամի ներդրում, ստեղծել առնվազն հարյուր աշխատատեղ, սակայն այդպես էլ ոչինչ չարեց։ Էկոնոմիկայի նախարարություն դիմեցինք այն հարցով, թե ինչ տեղեկատվություն ունեն իրենք՝ որպես գերատեսչություն, որը տնօրինում է ամբողջ տնտեսության զարգացման վերաբերյալ տեղեկությունները, որպես ոլորտի զարգացման քաղաքականությունը մշակող, դրան հետեւող մարմին, արդյոք Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» գոնե մեկ անգամ հարկ մուծե՞լ է։ Սակայն այնտեղ չէին տիրապետում ինֆորմացիայի եւ, ինչպես նման դեպքում արվում է, գրավոր հարցում պահանջեցին։