Մանդատս որոշել եմ վայր դնել` առողջական խնդիրների պատճառով
Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Նանա Սարգսյանը պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը: Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «Այո, առաջիկայում պատրաստվում եմ վայր դնել մանդատը, հստակ օր նշել չեմ կարող, այլ բան ասել եւս չեմ կարող»: Հայտնի է, որ այս խմբակցությունը երկու թեւի է բաժանվել` մեկն արտերկրում գտնվող Դոգի ենթակայությամբ է գործում, մյուսը` բանտում գտնվող Արտակ Գալստյանի: Ըստ այդմ` կուսակցությունն էլ է կիսվել, երկու մասի բաժանվել: Օրերս խմբակցությունը մասնակցեց ավագանու նիստին եւ քվորում ապահովեց, որի արդյունքում ընդդիմադիր խմբակցությունների մի քանի անդամ` բացակայությունների հիմքով զրկվեցին մանդատներից:
Մենք մի քանի հարց ենք ուղղել Ամալյա Նանա Սարգսյանին, ով, մեզ հասած տեղեկություններով, գալստյանական թեւից է:
- Ձեր այս հայտարարությունից հետո տարբեր տեղեկություններ սկսեցին շրջանառվել, մասնավորապես, որ Դուք Արտակ Գալստյանի թիմում եք, հենց այդ պատճառով էլ որոշել եք վայր դնել մանդատը, քանի որ ճնշումներ են եղել Ձեր նկատմամբ:
- Մանդատս որոշել եմ վայր դնել առողջական խնդիրների պատճառով: Դեռեւս դիմում չեմ գրել, բայց շուտով կգրեմ, դե երբ կգրեմ` կգրեմ, ես կորոշեմ, բայց այն, որ դուրս եմ գալու, դա միանշանակ է: Ես Արտակ Գալստյանի թիմակիցը չեմ, նրան ցանկանում եմ շուտափույթ ազատություն, առողջություն, բայց մեր աշխատանքն այլեւս համատեղելի չէ: Չեմ պատկերացնում:
- Ինչո՞ւ: Ի դեպ, Վարդան Ղուկասյանի հետ այս հարցը քննարկե՞լ եք:
- Բոլորովին, ես ոչինչ չեմ քննարկել, ուղղակի տեղյակ եմ պահել իմ այս որոշման մասին, իսկ նա հարգել է այն: Վահան Ավագյանը եւս հարգել է իմ որոշումը: Դա իմ որոշումն է, ոչ մի ճնշում, ոչ մի նման բան չկա:
- Փաստացի «Հանրային ձայն» խմբակցության կյանքը` որպես ընդդիմադիր խմբակցություն, շատ կարճ տեւեց: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:
- Անհոգ եղեք, ֆրակցիան կշարունակի իր աշխատանքը, անկախ այն բանից՝ ես կգնամ, թե չեմ գնա: Ֆրակցիան միշտ աշխատել է ի նպաստ Երեւանի եւ երեւանցու:
- Կգործի, բայց արդեն բացահայտ որպես իշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր ֆրակցիա: Ֆրակցիային մեղադրում են ծախվելու մեջ:
- Ես նոր եմ վերադարձել Հայաստան, չգիտեմ:
- Չե՞ք զղջում, որ անդամակցեցիք այդ թիմին:
- Բոլորովին չեմ զղջում, ես դեռ այդ թիմում եմ, դեռ աշխատելու եմ, չգիտեմ՝ որքան կտեւի աշխատանքս, գուցե մի շաբաթ, գուցե մի ամիս: Երբեք չեմ զղջացել, չեմ էլ զղջում: Աշխատել եմ Երեւանի եւ երեւանցու համար, բավականին ծավալուն աշխատանք եմ արել: Այդ մասին կարող են փաստել բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ այս ընթացքում դիմել են: Դպրոցի տնօրեններ, վարչական շրջանների ղեկավարներ: Տարբեր մարդիկ, տարբեր հարցերով:
- Իսկ ի՞նչ զուգադիպությամբ Ձեզ մոտ առողջական խնդիրներ առաջացան հենց այս խժդժությունների փուլում: Մարդիկ կարող են դրան չհավատալ:
- Ինձ համար միեւնույն է, թե մարդիկ ինչին կհավատան: Այն, որ ես բավականին մեծ աշխատանք եմ կատարել հենց այդ նույն մարդկանց համար եւ ոչ մի տեսակի շնորհակալական խոսք անգամ չեմ լսել, գուցե դա էլ ինձ է վիրավորել: Ես ի՞նչ անեմ էլ, որ մարդկանց գոհացնեմ: Ոչ մի խնդիր անպատասխան չեմ թողել: Ցանկացած հարցի փորձել եմ լուծում տալ, չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ անել, ես, ի վերջո, ավագանի եմ ընդամենը: Ես էլ եմ մարդ, ինձ շատ հարցեր կարող են դուր չգալ, ես հենց հիմա դեղ եմ խմել ու վատառողջ եմ: Զբաղվելու եմ լրագրությամբ, կշարունակեմ նաեւ քաղաքական գործունեությունս: Ինձ մարդիկ մշտապես ճանաչել են: Ես արդարության կողմնակից եմ:
Կարծիքներ