Եթե վրաս մի բան լիներ, հիմա ինձ 100 անգամ տարել էին․ Տեղի համայնքապետը որոշում է կայացրել

Եթե վրաս մի բան լիներ, հիմա ինձ 100 անգամ տարել էին․ Տեղի համայնքապետը որոշում է կայացրել

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով կկայանա ավագանու անդամների ընտրություն, կընտրվի նաև համայնքի ղեկավար։ Գործող համայնքապետ Ներսես Շադունցն ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել, չնայած համայնքներում նրա վարկանիշը բավականին բարձր է։

Hraparak.am-ի հետ զրույցում Ներսես Շադունցն իր չառաջադրվելը նախ պատճառաբանեց ընտանեկան ծանրաբեռնվածությամբ, իսկ զրույցի ընթացքում անկեղծացավ՝ ասելով․ «Ես, առհասարակ, ընտրություն չեմ սիրում, իմ չառաջադրվելու գլխավոր պատճառը մեր ժողովրդին միմյանց դեմ չհանելն է, մանավանդ հիմա դա ավելի է խորացել, ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամներն իրար դեմ են դուրս եկել։ Առաքելությունս ավարտած եմ համարում, 5 տարով էի եկել, հնգամյա զարգացման ծրագրի 90 տոկոսից ավելին իրագործեցինք, չնայած դոնոր կազմակերպություններ կան, որոնք հիմա՝ իմ հեռանալուց հետո, կամուկացի մեջ են՝ շարունակել համագործակցությունը, թե չէ։ Բայց ես հետագայում էլ հետևողական եմ լինելու, որ որոշ ծրագրեր ավարտին հասցվեն»։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունը նոր ընտրություններով փորձում է «տիրանալ» Սյունիքին, եւ բոլոր համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր թեկնածուն ունի։ Մեր տեղեկություններով, Տեղում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Շադունցի համագյուղացի Դավիթ Դոլունցն է առաջադրվելու։ Շադունցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրա կրկին չառաջադրվելու պատճառը հենց դա չէ։

«Ինձ վրա ոչ մի բան չի կարող ազդել, եթե վրաս մի բան լիներ, հիմա ինձ 100 անգամ տարել էին»,- ասաց Շադունցը՝ ընդգծելով, որ պաշտոնից հեռանալուց հետո էլ համայնքը լքելու որևէ մտադրություն չունի․  

«Էստեղից լավ տեղ որտե՞ղ պիտի գտնեմ, որ ապրեմ»։ Տեղի համայնքի ղեկավարի խոսքերով՝ վերջին շրջանում համայնքի սահմաններում համեմատաբար հանգիստ է, հակառակորդի կողմից փոքր-ինչ զսպվածություն է նկատվում։