Ինչպես են պատրաստվում պատերազմի Ադրբեջանը եւ Հայաստանը

Ինչպես են պատրաստվում պատերազմի Ադրբեջանը եւ Հայաստանը

Թե նոյեմբերի 9-ի պարտությունից հետո ինչ է կատարվում Հայաստանում, բազմիցս է խոսվել ու գրվել: Սակայն եղածն արդեն եղել է, եւ հետագայի համար չափազանց կարեւոր է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում կորցրածը՝ թեկուզ մասնակի, ետ բերելու, առավել եւս՝ նոր կորուստներ չտալու: Պատերազմից անցել է մոտ մեկ տարի, թշնամին բոլոր ուղղություններով լուրջ քայլեր է ձեռնարկում՝ եթե ոչ նոր պատերազմ նախապատրաստելու, ապա գոնե իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում անակնկալի չգա եւ ոչ թե ապրիորի, այլ պլանավորված գործողություններ իրականացնի։

Այս առումով մերոնք կարծես ուղտի ականջում քնած լինեն: Նրանց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բազմապիսի ուղղություններով եւ շատ ծավալուն (իհարկե, կան նաեւ աշխատանքներ, որոնք գաղտնի են իրականացվում, եւ մենք դրանցից տեղյակ չենք)։ Փորձենք դրանք ներկայացնել հակիրճ: Դրանցից ամենակարեւորը Հայաստանի տարածքների մաս-մաս գրավումը եւ դրանցում կայուն հաստատվելն է, ինչպես նաեւ օր-օրի՝ առանց դիմադրության առաջ տեղաշարժվելը:

Երկրորդը․ գրաված տարածքների հարեւանությամբ բնակվող բնակչությանը վախեցնելն ու հոգեբանական տեռորի ենթարկելն է՝ իր հետեւանքներով հանդերձ՝ կրակահերթեր, որոնց ընթացքում տալիս ենք նոր զոհեր, նոր գերիների առեւանգում, խոտհարքների այրում եւ այլն:

Երրորդը միջազգային շրջանակներում բազմաթիվ ուղղություններով դիվանագիտական լուրջ խնդիրների առաջադրումն ու համապատասխան հաջողությունների գրանցումն է, միջազգային հանրության շրջանում քարոզչության միջոցով խաղաղարար երկրի իմիջի ձեւավորումը, որ իրենք, իբր հաղթանակից հետո անգամ, Հայաստանի նկատմամբ ունենալով ուժային եւ այլ ակնհայտ առավելություններ, չեն օգտվում դրանցից, այլ փորձում են խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել երկու երկրների միջեւ առկա բազմաթիվ խնդիրները։ Փորձում են այդ հարաբերությունները բերել խորհրդային ժամանակների եղբայրական հարաբերությունների մակարդակին, որի համար էլ հատկապես բարձրաձայնում են միջանցքի բացման հարցը, որի արդյունքում իբր երկու ժողովուրդների շփումը կդառնա անմիջական ու եղբայրական: 

Ադրբեջանը շարունակաբար բարձրաձայնում է, որ իր առաջնային խնդիրն է՝ մեծ եղբայր Թուրքիայի հետ Հարավային Կովկասում հաստատել կայուն խաղաղություն եւ Հայաստանի հետ համատեղ լուծել իր առջեւ ծառացած բազմապիսի, հատկապես՝ տնտեսական խնդիրները, որը եւ կդառնա երկու երկրների արդյունավետ համագործակցության խաղաղ առհավատչյան:

Հաջորդը բազմապիսի եւ բազմաթիվ ենթակառուցվածքների՝ օդանավակայանների, խրամատների, տարբեր կառույցների շինարարական աշխատանքների իրականացումն է, որը ծառայելու է ե՛ւ պատերազմական գործողությունների, ե՛ւ խաղաղ ժամանակների խնդիրների լուծմանը, որոնց բացակայությունը կամ ընթացիկ իրադարձություններին զուգահեռ դրանց կառուցումը բազմապիսի դժվարությունների առջեւ կկանգնեցներ նրան, ու իրենց հիմնական նպատակներին հասնելու արդյունավետության առումով կունենային նվազ արդյունքներ:

Մի բան է, երբ պատերազմող կողմերը գտնվում են ստարտային նույն իրավիճակում, մեկ այլ բան, երբ նրանցից մեկը նախապես, որոշակիորեն նախապատրաստված է լինում դրան: Պատերազմի ավարտից անմիջապես հետո նրանք, կարեւորելով ժամանակի ճիշտ օգտագործումը, հատկապես գրավյալ նոր տարածքներում համակարգված կերպով ձեռնամուխ եղան բազմաթիվ շինությունների կառուցմանը, որոնք բացի իրենց հիմնական գործառույթներից, հոգեբանորեն դրական կազդեն ադրբեջանական եւ բացասական՝ հայ ժողովրդի վրա: 

Բնավ պարտադիր չէ ռազմական գործիչ լինել, հասկանալու համար, որ պատերազմող ցանկացած երկրի համար այդ պատերազմի հաջողությունը հիմնականում պայմանավորված է լինում թիկունքի կանոնավոր եւ կազմակերպված աշխատանքով, ինչը եւ անում է Ադրբեջանը՝ հիմնվելով չափազանց անհրաժեշտ ենթակառուցվածքների վրա, որոնցով մերոնք այնքան էլ լուրջ չեն զբաղվում: Իրավիճակը, հավանաբար, այդպիսին է եղել նաեւ 2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ, որը երեւի թե չափազանց որոշիչ նշանակություն ունեցավ այդ պատերազմի ելքի համար, իսկ վերջին 9 ամիսները, ցավոք, խոսում են այն մասին, որ կարծես թե մերոնք այնքան էլ ճիշտ չեն սերտել այդ դասերը…

Պատերազմը հաղթում են թիկունքում, հետո այն ամրագրում են կռվում։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ