Տիզբոնի սինդրոմը

Տիզբոնի սինդրոմը

«Ինչու՞ Տարասովը»՝ այս հարցադրումն էի արել երեկ: Նպատակս մեկն էր՝ եթե կա անհրաժեշտություն՝ քննարկելու ԼՂ կարգավորման շուրջ իրավիճակը, ինչի մասին հունվարի 25-ի ասուլիսում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ես կարծում եմ՝ կա, ապա ինչու՞ են լռում հայրենական փորձագետները: Պարվում է՝ լավ էլ խոսում են, բայց… ռուսաստանյան լրատվամիջոցներից: Սերգեյ Շաքարյանցն, ահա Regnum-ում մի «հեկտարանոց» հոդված է  հեղինակել, որի գլխավոր թեզերն են. 

ա) Այն, ինչ հունվարի 25-ին Կապանում հրապարակեց վարչապետ Փաշինյանը, ոչ մի կապ չունի ԼՂ հարցում Ռուսաստանի մոտեցումների հետ, դա կարգավորման՝ ամերիկյան նախկին համանախագահներ Մեթյու Բրայզայի եւ Ռիչարդ Հոգլանդի ծրագիրն է

բ) Փաշինյանն այդ  նախագծի ջատագովն է

գ) Փաշինյանը ձգտում է Արցախում իշխանության բերել իր մարդուն, որպեսզի այդուհետեւ իրացնի տարածքների հանձնման եւ վերջնական կապիտուլյացիայի ծրագիրը  

դ) Այդ դավաճանությունը կանխելու համար Արցախում նախագահ պետք է ընտրել պատերազմ անցած գեներալներից մեկին՝ կամ Սամվել Բաբայանին, կամ Վիտալի Բալասանյանին:

Հայ քաղաքագետը չէ՞ր կարող հայկական մամուլում բարձրացնել իր մտահոգությունները: Կարող էր, բազմաթիվ լրատվամիջոցներ նրան սիրով հարթակ կտրամադրեին: Բայց նրան  թվում է, թե Փաշինյանի կապանյան ասուլիսն Ռուսաստանի պատկան մարմինները մինչեւ վերջին ստորակետ ու բացականչական նշան չեն վերլուծել, ինչպես նաեւ՝ Արցախի նախագահի թեկնածուների հայտարարությունները, սպասել են իր հուշումներին: Գործ ունենք Տիզբոնի սինդրոմի հետ, երբ ներքին խնդիրներ լուծելու համար ստեղծվում է արտաքին միջամտության անխուսափելիության տպավորություն, որից հետո ինչ սցենար կգործարկվի՝ արդեն տեխնիկայի հարց է: Ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հայ քաղաքագետի վերջնանպատակն է՝ որպեսզի Արցախի նախագահի ընտրության հարցը ոչ թե նրա քաղաքացիները որոշեն, այլ՝ ռուսաստանյան կուրատորները: Ինչպես՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ու Մերձդնեստրում կամ Դոնեցկում եւ Լուգանսկում:

Նրան չի հուզում իրողությունը, որ մոսկովյան կուրացիայի տակ գտնվող Աբխազիայում այսօր առարկայական է քաղաքացիական պատերազմի սպառնալիքը, որ դա ադրբեջանցիների կապույտ երազանքն է՝ Արցախը դիտարկել Դոնեցկի եւ Լուգանսկի հետ նույն հարթությունում: Սերգեյ Շաքարյանցի եւ այն շրջանակների համար, որոնց քաղաքական շահերն է նա սպասարկում, բերված եւ բազմաթիվ այլ մտահոգությունները որեւէ նշանակություն չունեն: Միայն թե արցախյան հանրությանը զոմբիացնելու խնդիրը լուծվի: Կարեւոր չէ՝ Արցախի նախագահի թեկնածուներից ով ինչ վարկանիշ եւ ընտրվելու շանսեր ունի: Գլխավորը՝ արցախցուն ներշնչել, որ եթե նախագահ չընտրվի պատերազմ անցած գեներալ Վիտալի Բալասանյանը, Փաշինյանը «կծախի հողերը»: Ընդ որում, հեղինակին երեւի թվում է, որ երբ դա ասվում է Regnum-ի հարթակից, ապա ազդեցությունն ավելի է զորանում: Չի՞ հասկանում հայ քաղաքագետը, որ վիրավորում է արցախցուն: Մի՞թե դեռ կան քաղաքական կոչվող դեմքեր, որ Արցախի եւ արցախցու մասին դատում են 30-ամյա վաղեմության չափանիշներով: Ըստ երեւույթին՝ կան: Այլապես ո՞վ է քաղաքագետ կարգում Շաքարյանցին եւ նմաններին: Այլապես կենդանի չէր լինի Տիզբոնի սինդրոմը: