Ուսուցումը բանտ ու բանակ չէ․փրկությունը՝ ուրիշ դպրոց

Ուսուցումը բանտ ու բանակ չէ․փրկությունը՝ ուրիշ դպրոց

«Երեխաներից նրանց մանկությունը գողանալը՝ նրանց մեծաքանակ տեղեկատվություն տալու համար, հանցագործություն է»:

Երաժիշտ, փիլիսոփա Մ. Կազինիկը mel.fm-ով խոսել է ժամանակակից դպրոցի խնդիրների մասին, պատմել, թե ինչու ֆիզիկայի ուսուցիչները պետք է խոսեն Բախի մասին, եւ ով է երեխաներից խլում նրանց կյանքի լավագույն ժամանակաշրջանը:

«Այսօրվա դպրոցն անցած դարի դպրոց է, դպրոց, որը բացարձակ ճշմարտացի չէ: Նախկինում ամեն ինչ հասկանալի էր, չկային տեղեկատվության այլ աղբյուրներ` բացի ուսուցիչներից: Իսկ այսօր ցանկացած ուսուցիչ իր գիտելիքներով տանուլ կտա համացանցին: Ցանկացած ուսուցիչ` նույնիսկ ամենահրաշալին, չի կարող գիտենալ նույնիսկ մեկ միլիարդերորդ մասն այն տեղեկատվության, որ առկա է համացանցում:
Յուրաքանչյուր օրինաչափ երեխա համացանցում կգրի բանալի բառը եւ կստանա տեղեկատվության միլիոնավոր պաշարներ: Իսկ խեղճ ուսուցիչն առաջվա նման հանձնարարում է կարդալ 117-րդ էջն ու այն պատմել սովորել: Աբսուրդն ակնհայտ է:

Ո՞րն է արդյունքը

Սարսափելի է: Եվ այն տարեցտարի ավելի սարսափելի ու սարսափելի է դառնում… Ներողություն տավտոլոգիայի համար: Մենք երեխաներից խլում ենք նրանց կյանքի լավագույն տասը տարին: Իսկ ի՞նչ ենք արդյունքում ստանում. Ստաս Միխայլովի ու Լեդի Գագայի երկրպագուներ: Մինչդեռ այդ երեխաները տասը տարի սովորել են Պուշկինի, Տյուտչեւի պոեզիան, ուսումնասիրել Մոցարտ, երգել երգչախմբում, սովորել հանճարեղ գործեր, որոնք հաճախ մեծահասակներն էլ չեն հասկանում: Սովորել են բարձր գրականություն, երաժշտություն, ապացուցել են թեորեմներ, սովորել տրամաբանական մտածողություն: Բայց այս ամենից հետո աշխարհ է դուրս գալիս մի մարդ, ով չի կարող իրար կապել նույնիսկ 5 հնչյուն, ում բառապաշարում այնպիսի բառեր են, որ ոչ մի ուսուցիչ նրան չի սովորեցրել:

Ապագայի դպրոց

Դպրոցը չի համապատասխանում սոցիումի պահանջներին: Միակ փրկությունն ուրիշ դպրոցն է, ապագայի դպրոցը: Յուրաքանչյուր առարկա պիտի դասավանդվի այլ առարկաների հետ մի փնջում: Չկան իրարից անջատ առարկաներ, կա աշխարհի համայնապատկեր: Եվ հենց դա էլ մեզ տալիս է նոբելյան մրցանակակիրներ եւ պարզապես օրինաչափ մարդիկ` օրինաչափ մտածողությամբ: Իդեալական դպրոցը համայնապատկերային տեսլականի, մտածողության կառուցողն է` իր բոլոր ասոցիատիվ կապերով: Իմ դպրոցում բոլոր առարկաները միացած են մեկ ամբողջական հասկացողությամբ, երեւույթով, առարկայով, իրով: Դասը կարող է ձգվել մի ամբողջ օր, եւ այն վարում են բոլոր ուսուցիչները` այդ երեւույթին առնչվող:

Ինչո՞ւ եմ ես խոսում բոլոր ուսուցիչներից միաժամանակ: Շատ ստորացուցիչ է ամեն դասաժամի վազել դասարանից դասարան եւ ամեն ժամ փոխել ատմոսֆերան, ինքդ վերափոխվել: Սովորական դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ բացարձակ չի համապատասխանում մյուս ուսուցչին ու նրա առարկային: Ֆիզիկայի ուսուցիչը նույնիսկ չի էլ մտածում, որ երեխաների մոտ քիչ առաջ աշխարհագրություն էր, եւ չի կարողանում հասկանալ, թե ինչու չի կարողանում կարգապահություն հաստատել: Եվ հետո գալիս է երեխաների սիրելի ուսուցիչը, ու նա կարիք էլ չի զգում երեխաներին կարգապահ դարձնելու: Այո, սա շատ լավ է, սակայն հնարավոր չէ դպրոցի հիմքը դնել ուսուցիչների անհատականությունների վրա:

Միջառարկայական կապ

Բոլոր նոբելյան հայտնագործությունները ստացվել են միջառարկայական մակարդակի վրա` առարկաների խաչմերուկում: Նման համակարգ տարածելը լրիվ իրական է: Սկսել պետք է առանձին կետերից: Այն, ինչ ես եմ առաջարկում, ավելի բնական է, քան այն, որ խեղճ ուսուցիչն անընդհատ հարմարվում է տարբեր դասարանների: Ֆիզիկայի ուսուցիչը, որն անցել է իմ մեթոդիկան, մտնում է դասարան ու սկսում խոսել Բախի մասին: Քիմիկոսը միացնում է Բորոդինի երաժշտությունը, որի միջոցով պարզ է դառնում երաժշտության ու քիմիական փոխարկումների միջեւ կապը: Երաժշտությունն ուղեղի սնունդն է:  Իմ դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ սկսում է անսպասելիից, անսովորից: Դա կասեցման սկզբունքն է: Հենց ուսուցիչը դասը սկսում է «Դոստոեւսկին ռուս մեծ գրող է» արտահայտությամբ, երեխաների ուշադրությունը թուլանում է: Ավելի լավ է կարդալ ինչ-որ մի ստեղծագործություն: Իմաստն այն է, որ «Դոստոեւսկին մեծություն է» միտքը երեխաների մոտ ինքնաբերաբար ծնվի դասաժամի վերջում:

Հումորի զգացումը` անհրաժեշտ որակ

Մի կարեւոր պայման էլ կա` հումորի զգացումը: Այո, ոչ բոլորն ունեն այս հատկանիշը: Չունեցողներն ավելի լավ է հաշվապահ դառնան` մանկավարժությունից հեռու: Երբ ուսուցիչը ծիծաղելի պատմություն է հորինում ու պատմում, երեխաներին կարծես վերբեռնում է:
Իսկ միթե օրինաչափ ուսուցիչը չի կարող երեխայի գիտելիքը ստուգել` առանց այդ հիմար քննությունների, հիմար տոմսերի: Իսկ եթե երեխան մոռացել է Ջոմոլունգմայի ճիշտ բարձրությունը, ինչ է` նրան պիտի բավարա՞ր գնահատել…Դատարկ բան է: Իսկ նա կասի. «Իվան Իվանիչ, այնտեղ` նրա ներքեւում, մի ամբողջ կրոն է ծագել: Այնտեղ Տիբեթն է, ինչե՜ր են այնտեղ կատարվում: Կարո՞ղ եմ Ձեզ պատմել դրա մասին»: Ուսուցումը բանտ ու բանակ չէ: Դա Պլատոնի ակադեմիայի լուսավոր վայրն է, որտեղ մարդիկ ժպտալով ճանաչում են տարբեր բաներ: Երեխան համակարգիչ չէ եւ ոչ էլ սովետական մեծ ակադեմիա: Կարեւորը, որ երեխան երջանիկ լինի: Ժամանակակից դպրոցում նա երբեք չի կարող երջանիկ լինել:

Գլխավոր շարժիչը` դեպի գիտելիք

Ամբողջ համակարգը պետք է փոխվի: Բոլոր առարկաներից այդչափ գիտելիք ոչ մեկի պետք չէ: Ինչո՞ւ ուսումնասիրել Դանիայի աշխարհագրությունը, չէ՞ որ դուք նրա մասին լիքը տեղեկատվություն կարող եք գտնել համացանցում, հենց պատրաստվեք այնտեղ մեկնել: Այլ բան է այն ճանաչել Անդերսենի միջոցով: Իմ դասը միավորում է նրա հեքիաթները Դանիայի աշխարհագրության, պատմության, Կոպենհագենի գեղեցկության, Ջրահարսի սիրո պատմության հետ: Ահա սա' է դպրոցը:
Գլխավոր շարժիչը` դեպի գիտելիք, սերն է: Մնացածը դերակատարում չունեն: Այն, ինչ մարդը սիրում է, նա դա գիտի: Չի կարելի «բրթել» գլխի մեջ մաթեմատիկա կամ երկրաչափություն: Ժամանակակից դպրոցին պակասում է արվեստը, մշակույթն ու հռետորաբանությունը: Պետք է պարզապես հիշել այն 7 ազատ արվեստները, որոնք սովորում էին անտիկ երեխաները: 

Մի խոսքով` ամբողջ քաղաքակրթության իմաստն ու նպատակը մշակութային արտեֆակտների ստեղծումն է : Ո՞վ էր կառավարում Բախի ժամանակաշրջանում, ո՞րերորդ թագավորն էր Շեքսպիրի ժամանակ…Շեքսպիրի դարաշրջան, Պուշկինի դարաշրջան, Մոլիերի դարաշրջան, հունական թատրոնի դարաշրջան: Իսկ թե ով էր այդ ժամանակ կառավարիչը, կարելի է նայել տարբեր աղբյուրներում: Մարդկության զարգացման ընթացքից մնում է միայն մշակույթը: Ոչ մի այլ բան չի մնում, ինչքան էլ մենք ջանանք: Նույնիսկ գիտական հայտնագործությունները միայն կամուրջ են դառնում մյուս հայտնագործությունների ստեղծման համար:
Մշակույթը պետք է, որպեսզի մարդիկ իրար չսպանեն: Դպրոցը պիտի լինի մանկության ուրախ հիշողություն, մարդու կյանքի ամենալուսավոր հատվածը: Այսպես թե այնպես ամեն տարվա հետ մենք մոտենում ենք մահին: Այս իմաստով կյանքը բավական վատատեսական բան է` տխուր: Նաև երեխաներից խլել նրանց մանկությունը, որպեսզի նրանց հաղորդել տեղեկատվության մեծ պաշար, որը նրանք երբեք չեն հիշելու ու կիրառելու, հանցանք է: Թողարկել պետք է ոչ թե մաթեմատիկոս  կամ  ֆիզիկոս, այլ` ՄԱՐԴ»:
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ