«Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներն աջակցություն կստանան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին քննարկում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը։
Այս մասին այսօր Hraparak.am-ին հայտնեց նախարարության մամուլի պատասխանատու Զառա Մանուչարյանը։
«Աջակցության ծրագրի հարցը քննարկվում է, առայժմ պարզ է միայն շահառուների շրջանակը, որ լինելու է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների անդամները և պայթյունից ֆիզիկապես տուժած անձինք։ Թե աջակցությունն ինչ ձևաչափով, ինչ չափով ու ինչ ընթացակարգով կտրամադրվի, այդ հարցն այս պահին քննարկումների փուլում է, առաջիկայում այդ մասին կտեղեկացնենք»,-ասաց Մանուչարյանը։
Ինչ վերաբերում է տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին աջակցելու հարցին, Մանուչարյանն ասաց, որ տնտեսվարողներին աջակցությունը իրենց նախարարության լիազորություններից դուրս է։ Տնտեսվարողների հարցով, ըստ ամենայնի, պետք է էկոնոմիկայի նախարարությունը զբաղվի։
Աջակցության շահառուների քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն ևս այս պահին նախարարությունը չունի՝ դա ևս քննարկման փուլում է։
Կարծիքներ