Կկարողանա՞ «Սուրմալուի» ողբերգությունը միավորել մարդկանց ու կանխել «Նաիրիտի» աղետը

Կկարողանա՞ «Սուրմալուի» ողբերգությունը միավորել մարդկանց ու կանխել «Նաիրիտի» աղետը

Սոցցանցերում վերջերս մարդիկ հաճախ են մտորում, թե ինչպես էր հնարավոր Հայոց ցեղասպանության ժամանակ հարյուրավոր հայերի տանել մահվան դուռը՝ ընդամենը մի քանի ոստիկանների ուղեկցությամբ: Չէ՞ որ եթե հայերը միավորվեին եւ հարձակվեին պահակախմբի վրա, նրանցից շատերը կփրկվեին: 

Հոգեբանները բացատրել են այդ երեւույթի պատճառները․ նրանց ասելով՝ դա համարյա ամենուր է այդպես եղել, որտեղ որ մարդկանց ուղեկցել են սպանդի: Մեր կողմից կարող ենք ենթադրել, որ ցեղասպանված հայերը չափազանց ընկճված են եղել դեպքերի այդպիսի արագ ու անսպասելի զարգացումներով, հասկացել են, որ Թուրքիայի տարածքով փախչել-փրկվելու հնարավորություն չկա, իրենք իրենց համոզել են, թե ոստիկանները չեն խաբում եւ իրենց ոչ թե սպանելու են տանում, այլ ընդամենը տեղահանում են: Բացի այդ, գաղտնիք չէ, որ հայերը դժվարությամբ են միավորվում՝ ամեն ոք ջանում է իր հարցերը լուծել միայնակ: Եվ հաճախ չի վարանում դա անել մյուսների հաշվին:

Մեզ ուրիշ բան է զարմացնում: Այդ հարցով տարակուսողների մեջ քիչ չեն երեւանցիները: Նաեւ մայրաքաղաքի այն վարչական շրջանի բնակիչները, ովքեր գտնվում են «Նաիրիտի» հարեւանությամբ: Իսկ այդ գործարանում, որն արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում եւ հաստատ չի աշխատելու որպես կաուչուկ արտադրող ձեռնարկություն, պահվում են ահռելի քանակությամբ դյուրավառ, խիստ թունավոր եւ շատ ավելի վտանգավոր ու մահաբեր նյութեր, քան պահվում էին «Սուրմալու» տոնավաճառում: Այդ նյութերն այնքան դյուրավառ են ու վտանգավոր, որ դրանք անվտանգ պահելու համար անհրաժեշտ են փորձառու հատուկ աշխատակիցներ, ովքեր օր ու գիշեր հերթապահում եւ հատուկ պայմաններ են ստեղծում, այլապես այդ աղետի բունը կոչնչացնի Երեւանի կեսն ու հազարավոր երեւանցիների: Երեւանցիների, որոնց չեն ուղեկցում զինված թուրք, քուրդ կամ չերքեզ ոստիկաններ: Երեւանցիների, որոնք ապրում են եվրոպական ոչ տոտալիտար երկրի մայրաքաղաքում, որտեղ չեն գնդակահարում բողոքողներին, նույնիսկ չեն դատապարտում երկարատեւ ազատազրկման: Երկրի, որտեղ կան քիչ թե շատ ազատ լրատվամիջոցներ: Եվ այդ երեւանցիներին պետք է որ միավորեր իրենց ընտանիքները մահից փրկելու գաղափարը՝ նրանք պետք է զանգվածաբար բողոքեին ու պահանջեին այդ վտանգավոր պահեստը դուրս բերել մայրաքաղաքից: Բայց… ոչ, չի միավորում: Նրանք սպասում են, որ ուրիշները գան ու հարցը լուծեն: Սպասում են, որ աղետ լինի, նոր բարձրաձայնեն։

Այդ ուրիշներից մեկն այս տողերի հեղինակն է, ով «Հրապարակ» օրաթերթի 2020 թվականի օգոստոսի 7-ի համարում հոդված էր տպագրել՝ վերնագրված․ «Որպեսզի Երեւանում չկրկնվի Բեյրութի ողբերգությունը» : 

Հիշեցնենք, որ Լիբանանի իշխանությունները հանցագործ անտարբերություն են ցուցաբերել ահազանգերին, թե Բեյրութի նավահանգստում տարիներ շարունակ պահվում է պայթյունավտանգ նյութ՝ սելիտրա: Որպես հետեւանք, այդ պահեստը 2020-ին պայթել է՝ խլելով բազմաթիվ մարդկանց կյանք եւ պատճառելով այնպիսի ավերածություններ, որ այդ երկիրը մինչ օրս չի կարողանում դուրս գալ ճգնաժամից: Հիշեցնենք նաեւ, որ Լիբանանը, ինչպես այսօր Հայաստանը, գտնվում էր անկայուն, պատերազմական վիճակում, եւ այն ժամանակ կային ենթադրություններ, թե պահեստը թուրքերն են պայթեցրել: 

Ի պատասխան մեր այդ հոդվածին, արձագանքեց պատասխանատուներից մեկը եւ խոստացավ Ռուսաստանից ներկրել հատուկ սարքավորումներ, որոնց օգնությամբ այդ վտանգավոր նյութերը հնարավոր կլինի չեզոքացնել: Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը, հետո՝ համավարակը, եւ այդ խոստումը, ամենայն հավանականությամբ, մնաց անկատար: Համենայնդեպս, այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի եղել:

Ի դեպ, մեր այդ հոդվածն ավարտել էինք հետեւյալ պարբերությամբ. «Պետք է անհապաղ վերացնել այդ աղետի աղբյուրը ու նաեւ ստուգել. արդյո՞ք մայրաքաղաքում չկան վտանգավոր նյութեր պարունակող պահեստներ: Մենք այնքան անհոգ իշխանություններ ունենք, այնքան անգործունյա վերահսկիչ օրգաններ եւ այնքան անպատասխանատու գործարարներ, որ չի բացառվում, որ Երեւանում կհայտնաբերվեն «սելիտրայով» կամ շատ ավելի վտանգավոր նյութերով բեռնված պահեստներ»: 

Ինչպես հասկանում եք, ոչ միայն չի վերացվել «Նաիրիտում» գտնվող աղետի աղբյուրը, այլ նաեւ չի ստուգվել, թե չկա՞ն արդյոք Երեւանում վտանգավոր նյութեր պարունակող այլ պահեստներ ու շենքեր: Եթե ստուգեին, այսօր չէր լինի «Սուրմալուի» ողբերգությունը:

Հիմա ի՞նչ, սպասենք «Նաիրիտի՞» համաշխարհային մասշտաբի աղետին, թե՞ երեւանցիները կկարողանան միավորվել գոնե իրենց ընտանիքների գոյությանը վերաբերող հարցի շուրջ:

Գրիգոր Էմին-Տերյան