Չի կարելի կրկնել 44-օրյա պատերազմի սխալները, ճիշտ կլինի, եթե պետնախարարը անձամբ խոսի իր հրաժարականի մասին․ Արշակ Աբրահամյան

Չի կարելի կրկնել 44-օրյա պատերազմի սխալները, ճիշտ կլինի, եթե պետնախարարը անձամբ խոսի իր հրաժարականի  մասին․ Արշակ Աբրահամյան

Քիչ առաջ գրեցինք, որ  առաջիկա ժամերին սպասվում է նոյեմբերին պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, սա անսպասելի է նաեւ Արցախի քաղաքական ուժերի համար, որոնք մեր տեղեկություններով այս պահին փորձում են հանդիպել իշխանական վերնախավի հետ եւ հասկանալ ստեղծված իրավիճակը:

Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանյանը հեռանում է նախագահ Արայիկ Հարությունյանի, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով, խոսվում է, որ ըստ ամենայնի՝ նման ցուցում է տվել ադրբեջանական կողմը, Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հրապարակային պահանջել Վարդանյանի հրաժարականը: 

«Կարծում եմ վաղը, երևի, որոշակի ինֆորմացիա այդ ուղղությամբ կլինի,որովհետև նրա այդ պաշտոնում գտնվելը շատ ծանր էին տանում ադրբեջանական իշխանությունները և հայտարարում էին, որ նրա հետ երբեք չեն բանակցի։Ես չէի ուզենա որ այնպես լիներ, որ պարզվեր այս ամենի հետևում թաքնված են ադրբեջանական ճնշումները, և չդառնա այնպես, թե իրենց քմահաճույքով պետք է Արցախում իրականացվի կադրային քաղաքականություն»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ,  «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը:

 «Ասեմ այսպես`չի կարելի նման լարված իրավիճակում կրկնել 44-օրյա պատերազմի սխալները և շատ կարևոր թեմաները թողնել, որպեսզի հանրությունը հանկարծ տեղեկանա լրատվականներից, ովքեր շատ հաճախ հղում են կատարում փակ և անանուն աղբյուրներին։Սա շատ նուրբ հարց է,պետք է պաշտոնական մակարդակով հայտարարություն լինի։Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե պետնախարարը անձամբ խոսի դրա մասին»,-հավելեց մեր զրուցակիցը։