«Հրապարակ». Խմբագրակազմն ապրիլ ամսին է տեղեկացվել, որ հունիսի 1-ից չենք հրատարակվելու

«Հրապարակ». Խմբագրակազմն ապրիլ ամսին է տեղեկացվել, որ հունիսի 1-ից չենք հրատարակվելու

Գրել էինք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որի մեկնարկը տրվել է 1990 թվականին, այսինքն` Հայաստանի երրորդ հանրապետության տարեկիցն է, հունիսի 1-ից այլեւս չի հրատարակվում: Փակվել է նաեւ համանուն կայքը: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ թերթի փակման պատճառը ծախսարդյունավետության նվազ մակարդակն է, դադարեցվել է նաեւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։ Որոշել են նշված պարբերականներին ուղղվող ֆինանսական ռեսուրսները հետ չվերցնել, այլ ուղղել պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն ստեղծելուն։

Մեր զրուցակիցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն է։

- Իրականում ինչո՞ւ փակվեցին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու կայքը միասին։ Մի՞թե հնարավոր չէր գոնե կայքը պահել։

- Մինչ Ձեր հարցերին պատասխանելը, թույլ տվեք Ձեր միջոցով շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներիս, լրատվամիջոցներին, որոնք անդրադարձել են, սրտացավություն են ցուցաբերել, անհանգստացել, մեր գործունեության դադարեցման հետ կապված իրենց խոսքն են ասել։ Դեռ զանգեր եմ ստանում սփյուռքից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, եւ բոլորի առաջին հարցն է՝ ինչո՞ւ փակվեց թերթը։ Գիտեք՝ հարցի հասցեատերը ես չեմ, լիարժեք պատասխան չունեմ, բայց․․․․։ Ծախսատարության մասին նշումն ընդամենը առիթ է, ոչ պատճառ, քանի որ թերթը ե՛ւ շատ լավ վաճառվել է, ե՛ւ գովազդներից ունեցել է տարեկան 20-30 միլիոն դրամի եկամուտ, 6 միլիոն ստացել են բաժանորդագրություններից։ Այնպես որ, տարեկան հատկացվող գումարը՝ 50-60 միլիոն դրամը, կիսով չափ վերադարձվել է պետությանը։ Բացի այդ՝ եթե պետությունը դոտացիա է տալիս, ապա վերադարձելիության սպասելիք չի լինում։ Եթե շուրջ 80 մլն դրամի դոտացիա թերթի համար մուտք է արվել, ես, անկեղծ՝ չգիտեմ, թե թերթի համար որքան գումար է պետք եղել։ Արմենպրեսի կայքէջին պարսկերեն, չինարեն, վրացերեն լեզուների ավելացումը կարող էր արվել այլ միջոցների հաշվին եւ ոչ թե «ՀՀ» օրաթերթի փակման։ Եվ հիմա շատ կուզեի, որ տարեվերջում մի մոնիթորինգ անցկացվեր, թե, օրինակ, վրացերեն տպագրության դեպքում ինչ արդյունք են ունեցել: Գիտեք՝ ինչքան դժվար է մի բանի հիմքը գցել, ստեղծել, իսկ քանդելը որքան հեշտ է։ Օրաթերթ-պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիրը երջանկահիշատակ Այդին Մորիկյանին էր, ով մտավորական եւ պետական գործիչ էր՝ մեծատառով, հիմա ցավալի է, երբ նրա ստեղծածը կորցնում ենք։

- Ձեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կարծիքը ո՞րն է։ Ձեր աշխատակազմի՝ ներկայիս իշխանությանը դեմ արտահայտվե՞լն էր պատճառը, որ դադարեցվեց թերթի ֆինանսավորումը:

- Ե՛վ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ կարծիքս նույնն է։ «Հրապարակը» նույնպես օրաթերթ է, եւ Ձեր աշխատակազմը բոլորից լավ է պատկերացնում ամենօրյա ռեժիմով թերթ հրապարակելու աշխատանքի դժվարությունը։ Ես 2019 թվականից եմ հանձն առել «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի պարտավորությունները, եւ որդեգրել ենք մեր սկզբունքները։ Մենք ոչ մի անհատի չենք հաճոյացել, մենք բարեխիղճ եւ անդավաճան ենք եղել մեր սկզբունքներին, այն է՝ ծառայել հայրենիքին, ժողովրդին, պետականությանը, մեր հավատքին ու սկզբունքներին։ Ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը եղավ, որ «Հայաստանի Հանրապետությունը» «Արմենպրես» լրատվականում ընդգրկվեց։ Որոշումն ընդունողների եւ կիրառողների համար, ըստ իս, այսկերպ հեշտ էր պետական լրատվական դաշտը մեկ կետից կառավարելը։

- Գուցե դուք այդ կառավարելի դաշտից դուրս մնացիք, եւ որոշեցին ազատվե՞լ ձեզնից։

- Ոչ թե «գուցե», այլ վստահաբար՝ այո։ Դե, ժողովրդական ասած՝ գլխից էլ ազատվեցին, գլխացավանքից էլ․․․ Իմ առաջին մտահոգությունը մեր 3 տասնյակից ավելի աշխատողների հարցն էր, որ բոլորը միանգամից գործազուրկ են դառնում։ Վիրավորական էր, որ թերթի խմբագրակազմը գրեթե վերջում է տեղեկանում, որ այլեւս չենք աշխատելու։ Զարմանալի էր նաեւ թերթը փակելու շտապողականությունը, քանի որ այս տարվա համար բյուջեն հաստատված էր, պայմանագրերը կնքված էին համայնքների ու գովազդատուների հետ, մինչդեռ ընդամենը ապրիլ ամսին է խմբագրակազմը տեղեկացել, որ հունիսի 1-ից այլեւս չենք հրատարակվելու։ Սարսափելին այն է, որ նման մեծ արխիվ ունեցող թերթի կայքէջն է նաեւ փակվելու։ Գուցե մենք առաջարկներ ունեինք պետությանը, եւ իրականում ես 2 խողովակով 3-4 առաջարկ եմ արել իրենց, դրանցից մեկը՝ որ մեր խմբագրակազմը սեփականաշնորհի թերթը, եւ նման դեպքում թերթը խմբագրության աշխատակիցների շնորհիվ կարող էր իբրեւ առանձին ձեռնարկություն շարունակել իր աշխատանքը։ Իմ առաջարկներից ոչ մեկն իրենց չի հասել, որովհետեւ խնդիր էր դրված, որ չպետք է լինենք, ու վերջ։ Հիմա մեզ անընդհատ զանգահարում են, հարցնում, թե իրենց պայմանավորվածությունների հետ ինչ է լինելու, ասում են՝ մենք բաժանորդագրվել էինք, հայտարարություններ ունենք, ի՞նչ ենք անելու։ Ես իրոք չգիտեմ, գուցե պետությունն այդ մարդկանց փողերը հետ կվերադարձնի, բայց որ ինչ-որ որոշում նպաստել է՝ թերթը հնարավորինս արագ փակել, դա փաստ է։

- Մենք տեղյակ ենք, որ նոր կայք եք հիմնադրում՝ փորձելով պահպանել «Հայաստանի Հանրապետություն» անունը։

- Այո, հիմա մենք կայք ենք ստեղծել, այն արդեն գրանցված է, դեռ վերազինման փուլում ենք, հանրությանը կներկայանանք ամենօրյա լրատվությամբ՝ hhtert.em.-ի միջոցով։ Հետագայում՝ առաջ Աստված, հաջողելու դեպքում, գոնե շաբաթաթերթի կտրվածքով լույս կտեսնի «Հայաստանի Հանրապետություն» թերթը։ Մենք «Հայաստան» բառի համար պետական տուրք կվճարենք, բայց կփորձենք պահել անունը։ Մեր աշխատակազմն այնպիսի ներուժ ունի, որ հենց այնպես չի կարող կորչել։ Մարդիկ կան՝ 25 տարուց ավելի աշխատել են։

- Բայց թերթի լույսընծայումն այսօր այդքան էլ շահավետ տարբերակ չէ, մարդիկ նախընտրում են տեղեկացված լինել կայքերով։
 

- Քանի դեռ կա այն սերունդը, որ թեկուզ 500 օրինակ նախընտրում է թղթային տարբերակով ձեռք բերել, մենք պատրաստ ենք աշխատելու։