Ուժ կա՝ խելքն ի՞նչ ենք անում

Ուժ կա՝ խելքն ի՞նչ ենք անում

Արդեն հայտնի է, որ ՍԴ երեք «նախկին» դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Սահմանադրական դատարանի «նախկին» նախագահ Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խիստ օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Լրատվամիջոցներից մեկը գրեց, որ  ՄԻԵԴ-ի կողմից ապտակ կլինի ՀՀ իշխանությունների «իրավաբանական թևին»՝ «…եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման (Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորների, Էդ.Ա.)  միջնորդությունը և կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետև հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել»: 

Գործընկերներիս այս կարծիքի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ կուզենայի հավելել, որ նրանք, չգիտես ինչ նկատառումներից ելնելով, պատասխանատուների խիստ փոքր ցանկ են ներկայացնում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դեմ արշավն ավելի վաղ է սկսվել, երբ Ռուստամ Բադասյանն, օրինակ, արդարադատության նախարար էլ չէր: Հետևաբար Ռուստամ Բադասյանն ինչո՞ւ պետք է միայնակ պատասխան տա մի հում գործի համար, որ իրենից առաջ սկսել են հեղափոխության քյոհնա առաջնորդները՝ Լևոն պապի խորհուրդներով: Ռուստամ Բադասյանն ո՞ւր էր, երբ Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե ինքն է ՍԴ նախագահը: Սա, իհարկե, չի նշանակում, որ Բադասյանը մեղքի իր բաժինը չունի: Մենք ուղղակի ուզում ենք ասել, որ նշվածներից բացի ուրիշ մեղավորներ էլ կան, որոնց անուններն այս փուլում չտալը, մեղմ ասած, կողմնապահություն է:

Մինչև Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելն ո՞վ էր լսել Վահագն Հովակիմյանի անունը՝ որպես իրավաբան-գիտնականի: Ոչ ոք, բայց տեսա՞ք ինչ եղավ, երբ սույն պատգամավորը բարձրացավ ամբիոն և հայտարարեց, թե ժողովուրդն իրենց 80 տոկոս քվե է տվել, և իրենք պետք է սահմանադրական հանրաքվե անեն՝ անհնազանդ դատավորներից ազատվելու համար: Հետևից էլ կպցրեց, թե սա արվում է հանուն Հայաստանի և հանուն հեղափոխության: Այդպես էլ վեր կացան ու Վահագն Հովակիմյանի կոչով գնացին հանրաքվեի: Բայց՝ ստոպ: Ոնց որ Վահագն Հովակիմյանի կոչով չէր: Եվ իսկապես, ո՞վ պետք է նրա կոչով ճամփա ընկներ, Նիկո՞լը: Դա հնարավոր բան չէ: Նիկոլն էր այս ամեն ինչի ոգեշնչողը, իսկ Նիկոլին էլ ոգեշնչում էին զանազան տեղերից: Նիկոլին, ի դեպ, ոգեշնչելու համար շատ բան պետք չէր: Բավական էր նրա ականջին շշնջալ, որ ՍԴ-ն է հեղափոխության թշնամին և վերջ: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու սորոսահայությունը դա անում էին ամենայն բծախնդրությամբ:

Կորոնավիրուսը «մեծ ջանքերի գնով» կանգնեցրեց սահմանադրական պուտչիստներին և ստիպեց չեղարկել ապօրինի հանրաքվեն: Նիկոլը հիասթափված էր, թիմը՝ թևաթափ: Ու հենց այդտեղ ի հայտ եկան նոր ոգեշնչողներ, որոնք Նիկոլին դրդեցին նոր հերոսության՝ ՍԴ հարցերը լուծել ԱԺ-ում մեծամասնության ուժով: Հետն էլ վախեցնում էին, օրինակ Արման Բաբաջանյանն ասում էր, որ եթե ՍԴ-ի հարցը չլուծես, այս դատարաններն ու դատավորներն են քեզ դատելու: Եվ Փաշինյանն անցավ գործի: Այս պատմության մնացած մասն արդեն ձեզ հայտնի է՝ կողմ 88+1, դեմ չկա, ձեռնպահ չկա, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, ՍԴ 3 դատավոր գնում է թոշակի: Բայց մինչ այս նորությունը պաշտոնապես կհայտնեին Հրայր Թովմասյանին ու 3 դատավորներին, Թովմասյանն արձակուրդ գնաց, ՍԴ նախագահի պարտականությունն էլ դրեց Ալվինա Գյուլումյանի վրա: Այս պահից սկսվեցին իմքայլականների նոր արկածները պետականաշինության բնագավառում: Արարատ Միրզոյանն իսկույն ՍԴ նախագահի ԺՊ նշանակեց Աշոտ Խաչատրյանին, որն անսպասելիորեն կարգին մարդ դուրս եկավ ու այն բանից հետո, երբ նույնիսկ Փաշինյանն էր շնորհավորական ուղերձ հղել, Միրզոյանին հուշեց, որ այս ամենը օրինական չէ, ավելին, հակասահմանադրական է, որովհետև Սահմանադրության մասին օրենքը թույլ չի տալիս:

Պիտի նոր փոփոխություններ արվեին, որ նախորդ որոշումը, այսպես ասենք, փրկվի: Միրզոյանը խոստացավ անել և նույն համաձայնությամբ խորհրդարանն ընդունեց նոր փոփոխությունների փաթեթն ու ուղարկեց Նախագահին: Վերևում արդեն ասացի, թե ինչ արեց նախագահը: Նա հայտարարեց, որ չի ստորագրելու նոր փաթեթը՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով, թե ինչ է անելու այն:

Եվ այս իրավիճակում էլ իմանում ենք, որ ՀՀ իշխանությունների բանը բուրդ է: Նրանք պարտավոր էին ճիշտ ընթերցել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որպեսզի հիմա էլ չընկնեին ՄԻԵԴ-ի «դրբի» տակ: Եվրոպայում իրավաբանությունն ու իրավագիտությունը բավականին կոնկրետ են, և չի կարող անպես լինել, որ ՄԻԵԴ-ում այլ իրավաբանություն գործի, իսկ Վենետիկի հանձնաժողովում՝ այլ: Դա Հայաստանը չէ, որ նույն գործով մի դատավորն այլ որոշում է կայացնում, իսկ մյուսն՝ այլ: Մյուս կողմից էլ ՄԻԵԴ-ում հրաշալի գիտեին, թե ովքեր են դիմումատուներն ու ինչ են ուզում: Ֆռռացնել ՍԴ նախագահի և 4 դատավորի, մեղմ ասած, անիմաստ գործ է, ինչը, վստահաբար չէին հասկանում և այսօր էլ չեն հասկանում ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը՝ իրենց ողջ կազմերով: Դե հենց այդ կազմերով էլ կգնաք ու կկանգնեք դատարանի առաջ՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Պարոնայք, ձեր անհարկի ու չկշռադատված քայլերով դուք հարկադիր պարապուրդի եք մատնել երկրի բարձրագույն դատարանը, աղավաղել այդ դատարանի լեգիտիմ կազմը, բռնություններ եք գործադրել, ՍԴ դատավորին արգել եք շենք մտնել՝ հենվելով իմքայլական թայֆաբազությամբ ԱԺ-ով անցկացված մի թղթի կտորի վրա:

Հա, չմոռանամ ասել, որ մեր հարգելի կոլեգաների ցուցակում, որտեղ 3 մարդու անուն է նշված ընդամենը, պետք է ավելացնել ողջ իմքայլությանը, Փաշինյանին և, իհարկե Արման Բաբաջանյանին: Բոլորը պետք է հրաժարական տան, 100 տոկոսով, ինչպես բոլորովին վերջերս ասաց մի դասական: Եվ, իսկապես, ինչո՞ւ պետք է պլստա որեւէ մեկը, չնայած արդեն սկսել է արդարանալ, թե՝ ես ինչ անեմ, այս իշխանության մեջ գործում է «сило есть- ума не надо» սկզբունքը: Բայց, քանի որ խառը ժամանակներ են, ավելի լավ է կայքի խոսքով ասենք. «ՍԴ շուրջ ստեղծվել է իրապես տարօրինակ վիճակ, այդ թվում՝ այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց օրենսդրական փաթեթները, որոնք պետք է որ ամբողջացնեին հանգուցալուծումը և ուժի մեջ մտցնեին դատարանի շուրջ սահմանադրական և օրենսդրական լուծումները: Թե ինչու նախագահ Սարգսյանը որոշեց չստորագրել և 3 շաբաթով ձգել անորոշ իրավիճակը, չի եղել պաշտոնական բացատրություն, և հարցը կարող է լինել ենթադրությունների դաշտում: Փաստ է, որ ՍԴ-իշուրջ քաղաքական հանգուցալուծման պայմաններում իրավականորեն օդից կախված վիճակ է, ինչն, ըստ էության, ցույց է տալիս մի բան՝ քաղաքական ուժի պայմաններում քաղաքական մեծամասնության իրավագիտական ուժի բացակայությունը: Բանն այն է, որ քաղաքական ուժը պահանջում է, իհարկե, հանրային վստահություն, մանդատ, որն ապահովվում է այդ ուժի առաջնորդի՝ վարչապետ Փաշինյանի միջոցով: Իրավագիտական ուժի համար պահանջվում է մասնագիտական խորագիտություն»: