Լողորդը

Լողորդը

Մի քանիսը փորձում են լողալով կտրել-անցնել կարմրահեղուկ լողավազանը, բայց չի հաջողվում. վերջին մտքերը խեղդվում են արագ ցամաքող գինու վերջին կաթիլների մեջ: Երկար, բարակիրան բաժակի հատակին գինու հետք է մնացել, որը ջրի շիթին այլեւս չի հնազանդվում ու իր տեղն է զբաղեցնում չորանոցի վրա՝ հենց էդպես, գինու լաքան հատակին՝ մաքուր բաժակների կոկիկ շարքում: Էդ բաժակի հատակն անդունդ է, հուսահատությունը միշտ էնտեղ է նետվում ու խորքում կորչում է, թեեւ էնքան է նետվել նախկինում, որ վաղուց պիտի լցված լիներ, ինչպես գերբեռնված աղբանոցը: 

Պատշգամբում քամին քշում է ծառերը, որ կախարդված, ասես հսկայական, զորավոր հմայիլի ազդեցության տակ տեղում են մնում: Քամին փչում է՝ իրեն փոթորկի տեղ դրած, տերեւները սարսափից խշխշում են, բայց նրանց սարսափը տեղին չէ, որովհետեւ ուժը, որովհետեւ կառչած են ճյուղերին, ուղիղ համեմատական է քամու ուժգնությանը: 
Սպիտակ, փափուկ, մազմզոտ ծածկոցը հարմարավետ գրկել է մարմինը՝ մի քանի ժամ այն պաշտպանելու քամուց ու աշխարհից: 

Հանկարծ պատշգամբը լայնանում է, պատերը հեռանում են՝ տեղ բացելով հույզերի համար, որ գինու ճնշումից դուրս են ցայտում ուղեղի խորքերից՝ անճոռնի, անձեւ ու անշնորհք պար գալով քամուց չորացած շրթունքներին:

Հոգին ճչում է, բայց բոլորն ականջներն ասես պինդ փակել են խցաններով: Խուլերի շքերթ:
Մի քանի մետր այն կողմ փայլփլուն, սառնամիտ ավտոմեքենաների շարանն է, ու էդ մետաղական սառնությունը հիմա մխիթարական է, ոնց որ շիկացած երկաթը կծխար սառույցով լի դույլի մեջ, իր ցավն էլ թշշալով հանգչում է՝ հետ շպրտվելով սառը գույների ավտոմեքենաների անծայր շարանի անտարբերությունից: 

Ներսում գեղեցիկ, ճաշակով կահավորված, բայց խստաշունչ սենյակի սառնությունն է՝ կատարյալ գծերով մի բնավորության արտահայտությունը, որ լավ կաներ՝ ընձառյուծի մորթու պես անհամար բծերով ծածկված լիներ, այնինչ անախորժության աստիճան հարթ է ու մաքուր, ինչպես երբեք հողի հետ խաղ չանող, ոչ մի զանցանք չգործող ուշիմ աշակերտուհու վերնաշապիկը: 
Ցուրտ է ու մութ: 

Գինին վերջանում է: Առջեւում անքուն, կատաղի, քամուց էլ ուժգին մոլեգնող հուսահատությունն է՝ նոր ծագող առավոտին նախորդող թաքուն, ծածուկ պատշգամբից տուն սողացող, խորամանկ, սիրտ կոտրող թշնամին: Հատակին լաքաներ ունեցող բաժակը սրընթաց նետվում է դեպի պատն ու ճակատը դեմ անելով անողոք ցեմենտին՝ անհամար մանր փշուրների բաժանվում: 
Ներսում՝ սպիտակափառ խոհանոցի շողշողուն պահարանում, դրանից դեռ տասնմեկ հատ կա՝ փարթամ, բայց անուրախ գոյակիցների, պատիվ առած զինվորների պատրաստակամ, բայց անօգուտ մի ջոկ:

Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ