Մարդուն մնում են միայն ապրած տարիները

Մարդուն մնում են միայն ապրած տարիները

• Երեւի մարդուն իրոք հարկավոր է երբեմն մենակ մնալ ինքն իր հետ, ինքն իր դեմ, եւ երեւի հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետեւ մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես:
• Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերն ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ մարդիկ չձեւանային, չորս պատը պատյան չդարձնեին:
• Օտար գյուղը գիրք չէ օտար լեզվով, այլ՝ ազգական, որին երբեք չէիր տեսել, տեսար, ու անմիջապես խաղաց արյունը, հիշեցիք մյուս ազգականներին, որոնց երկուսդ էլ գիտեք:
• Խմել եւ քնել՝ երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում. դա է տարբերությունը:
• Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել, ձանձրալի է: 
• Պիտի գտնել զուսպ բառեր, քիչ ու խիտ: Քիչ… Գրելը նման է հեռու ճանապարհ գնալուն, երբ փոքր ճամպրուկ ես վերցնում՝ միայն ամենահարկավոր բաները տանելու համար: Գտնել ամենահարկավոր բառերը, սեղմել դրանք նախադասություն-ճամպրուկների մեջ, բայց չտափակացնել շպրոտ ձկան պահածոյի նման:
• Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
• Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաեւ լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
• Ծանր է լինել միջանկյալ սերունդ, լինել կամուրջ՝ շատ նեղ առվի, որի վրայով անցնում են միայն թոշակառուները. ջահելները թռչում են՝ չնկատելով կամ արհամարհելով կամուրջը:
• Ձյուն գար, աշխարհում ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, վերադառնային չապրած տարիները:
• Արյունը գլխավորն է մարդու մեջ, բախտորոշ րոպեներին արյունն է քվեարկում:
• Պայմանական բաներ են բոլոր այս հարաբերությունները քսաներորդ խելագար դարում, որ հեռացնում է մարդկանց իրարից՝ նրանց մեջ քաշելով պատեր, վարագույրներ, միջնորմներ, նրանց արանքում սառնարաններ դնելով:
• Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացքարեր, իսկ տարիները ցորեն են կուտակել, ինչպես ուզես: 
• Դեմքը ե՞րբ է եղել բաց այբբենարան, որ նայես ու կարդաս հոգին՝ ա-բ-գ-դ-ե-…Դեմքը միշտ էլ պատահաբար ստացած նվեր է:
• Թվիսթը ինչ-որ մոլեգին բան ունի իր մեջ, խենթացնում է անմիջապես, մոռացնել տալիս կյանքի հազար անհայտով հավասարումները, քեզ դարձնում բնական արարած, որ շարժումներ է անում, ապրում միայն մարմնով:
• Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով:
• Սրբություններ կան. արյունը սրբություն է, միասին ապրած տարիները, միասին լռած րոպեները սրբություն են, մի հատ մսով կարկանդակը, որ դժվար օրերին կիսում էին հինգ հոգով, սրբություն է:
• Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետեւ բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել:
• Վաղուց հնարել են գրքեր կարդացող մեքենա: Իսկ կլինի՞ մտքեր կարդացող մեքենա: Կամ զգացմունքներ, ուրիշի ներքին ապրումները կարդացող մեքենա: Երեւի դա էլ կհնարեն մի օր ու…ու կկործանվի մարդկությունը:
• Փողոցը, այնուամենայնիվ, փողոց է՝ իր աղմուկով, օրենքներով, տրամաբանությամբ: Փողոցը գործ չունի քո այդ րոպեի տրամադրության, մտքերի, հուսահատության հետ: Փողոցը բռնակալ է, ու պիտի ենթարկվես:
• Ի՞նչ մի դժվար բան է դատապարտել ընկերներին, մանավանդ որ նրանք մեռած են… Համարձակ կեղծիր, համարձակ:
• Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:
• Ծերանալը ո՛չ կնճիռ է, ո՛չ արյան ճնշման փոփոխություն, ո՛չ դիմում՝ կենսաթոշակի խնդրանքով:
• Սո՛ւտ է, աշխարհում ոչ մեկից եւ ոչ մի բանի հետք չի մնում. ո՛չ ավազի վրա, ո՛չ ուրիշների հիշողության մեջ, ո՛չ ժամանակի ծալքերում… Մարդուն մնում են միայն ապրած տարիները:
• Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ՝ արագ:
• Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:
• Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաեւ մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաեւ պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երեւի նաեւ սիրել, ում նա չկարողացավ…
• Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, եւ ինչպես մարմինը՝ երեւի նաեւ հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաեւ նստում է, կռանում, թավալվում:
• Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց հետ կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել՝ այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ո՞ւմ են պետք ծաղիկներն ու արցունքները:
• Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
• Հիմա դա մոդայիկ դեր է. դժգոհում են, կուրծք ծեծում, բայց բավական է չնչին մի քամի, շարֆ են կապում, ականջներով գլխարկ են դնում, չմրսե՞ն հանկարծ: Սիրում եք սուրը, եթե պատյանում է: Կամ չեք հանում, որովհետեւ գիտեք՝ փայտից է:
• Հին փողոցները նման են տխրության, բայց հայրենի գյուղի հին փողոցը ուրախություն էլ ունի: Հին փողոցներում ավելի մաքուր, չխանգարված է մնում մանկությունդ:
• Սեւ ակնոցը ոչ թե արեւից պաշտպանվելու համար է, այլ՝ ծանոթներից:
• Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
• Մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես եւ փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ կյանքդ դառնում է լուցկու տուփ՝ միայն այրված հատիկներով:

Վ. Պետրոսյան, «Ապրած եւ չապրած տարիներ»

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ