Շուշիի մշակույթի տան փլատակներում որոնողական աշխատանքներ կիրականացվեն` ոստիկանին գտնելու համար

Շուշիի մշակույթի տան փլատակներում որոնողական աշխատանքներ կիրականացվեն` ոստիկանին գտնելու համար

2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրել էինք, որ ադրբեջանական վերահսկողության  տակ անցած Շուշի քաղաքի մշակույթի տան մոտակայքում նախատեսվում են որոնողափրկարարկան աշխատանքեր։

Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանից կողմից իսրայելական «Լոռա» հրթիռով մշակույթի տան ռմբահարումից հետո անհետ կորել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանը, ում հայտնաբերելու ուղղությամբ իրականացված որոնողական, փրկարարական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։

Եվ ահա, վաղն առավոտյան ժամը 9-ից նախատեսվում են փրկարարական աշխատանքներ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

«Հրապարակ» կայքի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով Արցախում է։ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը դիմել էր Ավագյանին՝ քայլեր ձեռնարկելու ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշիում որոնողական աշխատանքները կազմակերպելու համար։

«Աշոցքի բաժնի պետին վերջին անգամ տեսել էին Շուշիի մշակույթի տանը։ Մուրադովի միջոցով ադրբեջանցիներից ստանանք այդ համաձայնությունը։ Հետո հանդիպեցի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ։ Վաղն առավոտյան ժամը 9-ին ԱԻԾ-ի աշխատակիցները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կբարձրանան Շուշի, որ մշակույթի տան փլատակներում սկսեն որոնողական աշխատանքները։ Մեզ մոտ կա ձևավորված, հիմնավորված կարծիք, որ գուցե նրա դիակն այնտեղ է»,- մանրամասնեց Ավագյանը։

Վերջինս նաեւ ասաց, որ հանդիպում է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, քննարկվել են նաև այլ դիմումներ կապված անհետ կորածների հետ։ «Բազմաթիվ էլի դիմումներ կան անհետ կորածների ծնողներից, բարեկամներից։ Քննարկել ենք Բալասանյանի հետ այն գործընթացը, ծրագիրը, որոնց կարող ենք աջակցել՝ հնարավորինս որոնողական աշխատանքներն արագացնելու համար»,- նշեց ԱՀ նախագահի ներկայացուցիչը։

Հարցին՝ բացի մշակույթի տանից կա՞ այլ վայր որտեղ կարող են իրականացվել որոնողական աշխատանքներ, Ավագյանը պատասխանեց, որ առաջին փուլում որոնողական աշխատանքներն իրականացվելու են այն վայրում, որտեղ վերջին անգամ Արմեն Ղազարյանն տեսել էին նրա գործընկերները։ «Վերջին անգամ նրան տեսել էին մշակույթի տան դահլիճում նստած։ Գերիների ցուցակում չկա ոստիկանի անունը։ Նրա կարգավիճակը նշված է որպես անհետ կորած։ Եթե որոնողական աշխատանքները լիովին կատարվեն, և նրան չգտնեն, այդ ժամանակ գործընթացը պետք է արդեն անցնի ուրիշ փուլի, բայց գերիների ցուցակը ստուգել են, նա չկա ցուցակում։ Սա լինելու դեռեւս առաջին փուլը»,- նշեց Արթիկի փոխհամայնքապետը։

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 4-ին Շուշի էր տեղափոխվել ոստիկանության Լոռու, Տավուշի և Շիրակի մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմավորված 1-ին հրաձգային գունդը։ Նրանք տեղակայվել էին քաղաքի մշակույթի տանը, որտեղ լինելու ընթացքում այն ռմբակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից, նախնական տվյալներով՝ զոհվել էր 22 ոստիկան։