Հայկական ամնեզիա

Հայկական ամնեզիա

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մասնակցել է ֆրանսիահայ կազմակերպությունների ամենամյա հավաքին եւ խոսել նաեւ ղարաբաղյան կարգավորման մասին: Նրա գնահատմամբ՝ «…չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության եւ անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է, մարդկային դրամա, որը մեկուսացման մեջ է դնում այդ շրջանի բնակչությանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներն ավելի վաղ առնվազն չորս հայտարարություն են տարածել եւ «անընդունելի» որակել ներկայիս ստատուս-քվոն, եւ Մակրոնի շեշտադրումները լիովին ներգրվում են այդ համատեքստին: Այստեղ նորություն չկա: Շուրջ քառորդ դար է անցել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնութագրումից, որ մեր ընդդիմախոսը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան՝ միջազգային հանրությունը, եւ այսօր էլ սկզբունքորեն ոչինչ չի փոխվել:

Ցավոք, անփոփոխ է մնում նաեւ հայկական ըղձախոսությունը, եւ Մակրոնի ելույթի առթիվ հայ մեկնաբանը դիտարկում է անում. «Ե՞րբ իրեն վստահ կզգա Էմանուել Մակրոնը Եվրոպայում: Երբ ավելի ամրապնդվի Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի ու Արցախի հաղթանա՞կը, պաշտպանունակությունն ու ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության համակարգի կառավարման արդյունավետությունը, թե՞ երբ այդ հաղթանակը հանձնվի Ադրբեջանին եւ Թուրքիային»: 

Մեզանում Ռուսաստանին սեփական շահը գիտակցելու, տարածաշրջանում հայկական գործոնի վրա հենվելու եւ այդպիսով ավելի ազդեցիկ դառնալու խորհուրդների պակաս չկա: Երեւում է, հերթը հասել է Ֆրանսիային ներշնչելուն: Վաղը կսկսեն Միացյալ Նահանգներին «մշակել»: Հուշերի «Կյանքի բովից» գրքում Շիրվանզադեն մի զավեշտա-ողբերգական պատմություն է անում, թե ինչպես Թիֆլիսի հայկական շրջանակները որոշեցին  պատվիրակություն ուղարկել Լոնդոն՝ նորընտիր վարչապետ Գլադսթոնի հետ հանդիպման:

Ծախսերը, բնականաբար, պիտի հոգար հայ բուրժուազիան: Պատվիրակությունը հասնում է Լոնդոն, Գլադսթոնի պատվին տրվում է ճոխ ճաշկերույթ: Արդյունքը՝ կլոր զրո: Անցել է մոտ դարուկես, մենք դեռ այն հույսին ենք, որ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը ֆրանսիահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կարող է ղարաբաղյան կարգավորման հարցում պաշտոնական Փարիզի մոտեցում «մշակել»: Եւ մոռացության ենք տալիս, որ ֆրանսիահայերի հետ հանդիպումից երեւի թե ժամեր անց Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Որպեսզի ցրի այն տպավորությունը, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան անաչառ չէ: Ի դեպ, հայկական տարածքները սանտմետր առ սանտիմետր հետախուզող ադրբեջանական արբանյակները ֆրանսիական արտադրության են եւ ուղեծիր են դուրս բերվել ֆրանսիական հրթիռներով: Այնպես որ, ճաշը՝ ճաշ, քաղաքականությունը՝ քաղաքականություն: