Գյումրու համար հիմնական շուկա շարունակում է մնալ Երևանը

Գյումրու համար հիմնական շուկա շարունակում է մնալ Երևանը

Թեեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետությունում  տոնական միջոցառումներ նախատեսված չէին, այնուամենայնիվ Հանրապետության երկրորդ քաղաքը լեփ-լեցուն էր: Հարևան մարզերի, քաղաքների շատ բնակիչներ, որպես մշակույթային եւ կոլորիտային քաղաք, օրն առանձնահատուկ անցկացնելու նպատակով ընտրել էին Գյումրին: Գյումրիում գործող զբոսաշրջային ընկերությունների ղեկավարները վստահեցնում են, որ օգոստոսի վերջից եւ սեպտեմբերի սկզբից, հատկապես հանգստյան օրերին, Գյումրիում  արդեն իսկ նկատվում է զբոսաշրջային մեծ ակտիվություն: «Շատ ուրախալի էր, որ սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնում, պատմական միջուկում, փողոցներում, սրճարաններում, ֆիլմերի բակերում, որտեղ զբոսաշրջային կենտրոններն են, մարդկային մեծ հոսք կար»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն  Լիզա Գասպարյանը:  

Մեր զրուցակցի խոսքերով՝  հոկտեմբեր ամսին Գյումրիում սպասվում է զբոսաշրջային բում: «Քաղաքային տուրի առումով Գյումրին ամենից պահանջված քաղաքն է: Աշունն այստեղ շատ մեղմ է, գեղեցիկ: Պատմական փողոցներով քայլելը հաճելի է, եւ  մշակութային Գյումրին բացահայտելու հրաշալի ժամանակաշրջան: Պետք է շեշտեմ, որ երբ պարետի որոշմամբ բացվեցին թանգարանները, մշակույթային օջախների դռները, աշխույժությունն էլ ավելի մեծացավ :

Մինչ այդ հյուրեր ունենում էինք, հիմնականում առանց գիշերակացի էին գալիս: Գալիս  էին ուղղակի օգտվելու սրճարաններից, հյուրանոցներում շատ քիչ էին մնում, պասիվ էր: Զբոսավարներն անգործ էին, իսկ ահա վերջին շաբաթների ընթացքում ամեն ուր եւ ամեն օր  ակտիվություն է նկատվում: Անգամ հյուրեր ունենք, որ թատրոն այցելելու մեծ ցանկություն են հայտնում, բայց ստիպված ենք լինում մերժել»,-ասաց Լիզա Գասպարյանը:

Զբոսաշրջային ընկերության ղեկավարը նկատում է, որ նախորդ տարի՝ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը, զբոսաշրջիկների հոսքը չէր դադարում: Գյումրի հատկապես այցելում են մայրաքաղաքի բնակիչները: «Քանի եղանակը թույլ է տալիս, զբոսաշրջիկներ այցելում են: Պետք է շեշտեմ, որ Գյումրու համար հիմնական շուկա շարունակում է մնալ Երևանը »: