Լռության ասպետը

Լռության ասպետը

Գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանի հիշատակին


Մարդկային հիշողությունը բնության մեծագույն հրաշքն է: Նա ավելին է, քան հույզը, տրամաբանությունը, ապրումը: Նա դուրս է մեր նախասիրությունից եւ ենթակա չէ մեր ցանկություններին, քանի որ ժամանակը ետ պտտել չի հաջողվի, եւ անցյալի վրա ներգործել չենք կարող: 

Պարկեշտ ու անբասիր ապրած քաղաքացու եւ բարձրաստիճան սպայի մասին հիշողությունը դուրս է անձնական ճանաչողության սահմաններից:
Այն, ինչ կատարվում է այսօր, երեկ է սկսվել, եւ երեկվա սխալները եթե չեն սրբագրվում, չեն շտկվում, ավերածություններ են գործում իրենցից շատ հետո անգամ: Խոսքը ոչ այնքան մեղավորներին պատասխանատվության կանչելու մասին է, որքան պատմական եւ քաղաքական գնահատականներ տալու, անցյալի սխալներից մաքրագործվելու: Երեւի հիշողներ կլինեն.

…Եթե աստված եք

Մի ընդունեցեք նրանց մատաղը:
Քաղաքական ճահիճը մեզանում սկսեց ձեւավորվել 1996 թվականից: 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների նախադեպը, Մարտի 1-ը սկիզբ են առել 1996թ. նախագահական ընտրություններում, որը հնարավոր էր կանխել, եթե օրվա հայրերն իրենց անձերից շատ սիրեին երկիրը, ով իրենց մանդատ էր տվել, իրենց զավակներին սիրեին, կամենային օրինավոր ու կայուն երկիր ժառանգել նրանց եւ այսօր մեղավորներ չէին լինի, կլինեին իրենց օրվա ու իրենց ժամանակի հերոսները: Ռոմանտիկայի ժանրի՞ց է: Կարծում եմ՝ ոչ: Այլապես 18-րդ դարում գողերով ու մարդասպաններով լցված Ամերիկան չէր դառնա կանոնավոր եւ օրինակելի երկիր, այլապես մեկուկես միլիարդանոց Չինաստանում քաոս պիտի տիրեր, այլապես… շարունակությունը թողնում եմ ընթերցողին:     

Մենք ունեցել ենք 1990թ․ ԳԽ եւ 1999թ. ԱԺ ընտրությունների հաջողված օրինակը: 2018թ. Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ու քաղաքական ուժն արիություն ունեցան իրականացնելու որակյալ ընտրություններ, եւ դա իրողություն է:

Բարի եւ ուժեղ մարդը

Մեկ տարին մեծ ժամանակ չէ՝ սթափ եւ օբյեկտիվ գնահատելու ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական մահը: Շնորհակալության են արժանի լրատվական միջոցների կոռեկտությունն ու շահարկումներին չտրվելը: Զոհվել էր գեներալ-գնդապետ, ում կենսագրությունը սերտորեն առնչվում էր երեսնամյա մեր հանրապետության պատմությանը, արցախյան հերոսամարտին, խորհրդային պետությունից անցման հասարակայնորեն խառնակ ու դժվարին ժամանակին, հասարակական կարգի պահպանությանը, քաղաքական ցնցումներից հետո նորանկախ երկրի առանցքային կառույցներից մեկի՝ ՆԳ նախարարության վերածննդին: Հարությունյան մարդուն, սպային եւ պաշտոնյային ծառայակից ընկերներն ու ծանոթները կգնահատեին գրեթե միեւնույն բառերով, քանի որ բոլոր իրավիճակներում միեւնույն հավասարակշիռ կեցվածքն ու վերաբերմունքն ուներ, երբեք չէր շտապում, հաճախ թվում էր, թե դանդաղում է, բայց անհրաժեշտ, օրինաչափ արդյունքին մոտենում էր ճիշտ ժամանակին եւ հարկավոր դիտանկյունից:         

Իբրեւ ոստիկան եւ օպերատիվ աշխատող՝ ձեւավորվել էր ՆԳՆ քրեակատարողական վարչության ստորաբաժանումներում, ծառայության բերումով առնչվել հասարակության տարբեր շերտերի, հատկապես հանցավոր տարրերի հետ, բայց առօրյա շփումներում միշտ հակված էր տեսնել մարդկանց լավագույն որակները: Հանդուրժող էր, ներողամիտ, բայց չէր հաշտվում եւ չէր ներում, երբ ձեռք էին բարձրացնում հասարակական նորմերի, բարոյական արժեքների, օրենքի, մարդկանց կյանքի ու կայքի վրա: Այստեղ անհանդուրժող էր, սակայն երբեք չէր տրվում զգացմունքներին՝ դեպքերին մոտենալով օրենքի պահանջներին համապատասխան: Հայկ Հարությունյանն իր ողջ էությամբ օրինապաշտ մարդ էր: Այս որակումները, գիտեմ, կարդալու են տասնյակ, հարյուրավոր իր գործընկերները եւ, կարծում եմ, իրենց մտքում շարունակելու եւ լրացնելու են ինձ իրենց համատեղ ծառայողական փորձությունների, ծանր ու դժվարին օրերի բարձրությունից, քանի որ գեներալ Հարությունյանն անդավաճան գործընկեր էր, մարտական ծառայության մեջ գործընկերներից մի քայլ առաջ քայլող:

Ոստիկանությունը մեծ ընտանիք է: Այստեղ ամենափոքրիկ մանրամասն էլ տեսանելի է բոլորին, ոչինչ չես թաքցնի: Վերից վար բոլորի վարքն ու աշխատանքը տեսանելի են: Ոստիկանությունն իր վրա է կրել եւ կրում է հասարակության տրամադրությունները, այս կամ այն իրավիճակի նկատմամբ անբավարարությունը, պետական կառույցներից մեկն ու մեկի վատ աշխատանքի համար դժգոհությունները՝ հասարակական կարգի պահպանության քսանչորսժամյա իր ծառայության հոգնությանն ավելացնելով շատ հաճախ իր ջանքերի ու նվիրվածության չհասկացվածությունն ու չգնահատվածության զուսպ վիրավորանքը: Ահա, նման պայմաններում մեծագույն հաջողություն էր, երբ համակարգը ղեկավարում էր հավասարակշիռ, օբյեկտիվ, արդարամիտ մեկը: Սրանք Հայկ Արտեմիչի պրոֆեսիոնալ որակներն էին: Ահա, այս որակներն էին, որ թե՛ ծառայակիցների, թե՛ իրեն ճանաչողների մոտ հարգանք ու ակնածանք էին ներշնչում իր նկատմամբ:

Պատիվ ունեմ
Անձնական բարձր որակների եւ խարիզմայի շնորհիվ Հայկ Հարությունյանը վայելում էր ԱՊՀ երկրների իր գործընկերների մեծագույն հարգանքը: Առանձնակի ջերմ էին ՌԴ ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւի հետ նրանց հարաբերությունները: Նրանց բարեկամությունը փոխադարձաբար մեծ նպաստ էր բերում պրոֆեսիոնալ ոլորտներին: Առանձնակի արդյունավետ էին անցնում համատեղ կոլեգիաները, որտեղ անհետաձգելի եւ օրախնդիր բազում հարցեր էին լուծվում: ՌԴ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, Դոնի Ռոստովի մարզը համեմատաբար առավել հայաշատ վայրերից են: Իրենց բնակության վայրերում հայրենակիցների դիրքերն ամրացնելու եւ ներքին կնճռոտ խնդիրները կարգավորել-հարթելու համար գեներալ Հայկ Հարությունյանի նախաձեռնությամբ եւ Ռաշիդ Նուրգալիեւի աջակցությամբ մեկական համատեղ կոլեգիաներ կազմակերպվեցին Կրասնոդար եւ Դոնի Ռոստով քաղաքներում: Դրանց արդյունավետության մասին պատկերացում կազմելու համար նշեմ միայն, որ Կրասնոդարի երկրամասում հայերի նկատմամբ ծայր առած դժգոհությունների ֆոնին, երբ վանդալիզմի զոհ էին դառնում հայերի գերեզմանները, ավերվում էին հայերին պատկանող խանութներ, արտադրամասեր, հայ եւ ռուս երիտասարդների միջեւ օրեցօր խորանում ու թշնամության էին վերածվում հարաբերությունները, եղել էին դանակահարության մի քանի դեպքեր:

Կրասնոդար քաղաքում ՌԴ ՆԳ եւ ՀՀ ոստիկանության համատեղ կոլեգիայից հետո արմատապես փոխվեցին փոխհարաբերությունները, եւ եթե հիշողներ կան, դրանից հետո այլեւս նման միջադեպեր չեն գրանցվել: Նման բարձր կարգի հանդիպումները մեծ խանդավառություն էին ստեղծում մեր հայրենակիցների մոտ եւ էական նպաստ էին բերում նրանց կենսագործունեությանը սեփական երկրամասերում: Սա մեկ օրինակն է միայն Հ. Հարությունյանի ջանքերով դրսում ապրող մեր հայրենակիցների անվտանգության ու շահերի պահպանության, մինչդեռ օրինակները շատ են: Իսկ նա դա անում էր իբրեւ ամենօրյա աշխատանքի մի մաս, իբրեւ պարտք, անբասիր, առանց ցուցադրության: Ես շատ կարճ եմ աշխատել Հայկ Արտեմիչի հետ, նրա հետ երկար ճանապարհ անցած մարդկանց մեջ, անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր հոգու եւ պատվի հարց կհամարեն՝ առավել համակողմանի ներկայացնելու իրենց գործընկերոջ եւ հրամանատարի անցած պատասխանատու, ծանրակշիռ եւ արդյունավետ ուղին: Վստահ եմ՝ պատմելու եւ հիշելու շատ հետաքրքիր դրվագներ կունենան:   

շարունակելի

Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ