Ես որևիցե մեկի առաջ պարտավորություն չունեմ․ Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին (տեսանյութ)

Ես որևիցե մեկի առաջ պարտավորություն չունեմ․ Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին (տեսանյութ)

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպե՞լ է, ինչ նա ազատության մեջ է։

«Ոչ զանգահարել եմ, ոչ հանդիպել եմ, անվտանգությանը դիմեք, կասեն»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, Ծառուկյանն ասաց․ «Բայց խի՞ եմ խուսափում, բայց ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ։ Չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին ա խոսքը՞»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե իր ղեկավարած ուժը ժամանակին սերտ համագործակցել է Քոչարյանի հետ, ԲՀԿ-ն Քոչարյանի հետ էին կապում, հիմա ցանկություն չկա՞ հանդիպելու, Ծառուկյանն ասաց․ «Եղբայր ջան, ուրեմն ասեմ, հիմա ում հետ պետք է՝ կապում են, որտեղ անհրաժեշտություն կա, մենք ի՞նչ կապ ունենք, որ պետք է կապեն։ Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքականությամբ զբաղվելու, էսօր օրը երկու հատ կուսակցություն են բացում, ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ քաղաքական գործունեությամբ ա զբաղվում»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քոչարյանն իրեն ժամանակին աջակցել է բիզնեսների ծաղկման հարցում, ԲՀԿ ղեկավարը հեգնեց․ «Ի՞նչ եք ասում, աղջիկ ջան, կարող ա ձեր բարեկամներին ա աջակցել։ Ինձ ոչ մեկը չի աջակցել, ես որևիցե մեկի առաջ պարտավորություն չունեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։