Գրեցի այն կռվի ու սիրո մասին, որ տեսա

Գրեցի այն կռվի ու սիրո մասին, որ տեսա

«Եզդիների կողքին» կրթամշակութային նախաձեռնության շրջանակներում Հայաստանում հիմնադրվել է առաջին եզդիական թատրոնը, որի առաջին ներկայացումը նվիրված է արցախյան վերջին պատերազմին եւ կոչվում է «Կռիվ ու սեր»:

«Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանը պատմում է, որ մեկ տարի առաջ ստեղծվեց «Եզդիների կողքին» կրթամշակութային նախաձեռնությունը, հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ պետք է Հայաստանում ստեղծել եզդիական կրթամշակութային օջախներ, եւ առաջին քայլը եղավ թատրոնի ստեղծումը. «Խումբը, որ պետք է ներկայանար հանրությանը՝ որպես դերասանախումբ, անհնար բան էր թվում, բոլորն ասում էին` Գրետա, թող այդ միտքը, չես կարող։ Երկրորդ դժվար հարցն այն էր, որ չկար գրականություն, եւ ես երկար ժամանակ փնտրում էի գրականություն ու մարդկանց, ովքեր թարգմանություն կկատարեին, որովհետեւ շատ հակասություններ կան անգամ գրվածքի առումով: Եվ սկսեցի որոնողական աշխատանքներ, հանդիպեցի այս խմբի մարդկանց, ովքեր հասկացան թատրոնի արժեքը, նվիրվեցին կամավորության սկզբունքով, իսկ տղաներից երկուսը հրաժարվեցին անգամ իրենց առաջարկած աշխատանքից եւ եկան թատրոն՝ առաջին ներկայացումը հանձնելու»:

Թատերախմբի անդամները պրոֆեսիոնալ դերասաններ չեն, Գրետա Ալեքսանյանը, ով նաեւ ներկայացման սեցենարի հեղինակն է, ասում է, որ հատուկ չեն ընտրել այդ մոտեցումը, ավելին` ցանկալի կլիներ, որ գոնե մեկ պրոֆեսիոնալ դերասան լիներ, բայց բացը շտկել է Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գեւորգ Բաբախանյանը, ով թատերախմբի համար կազմակերպել է արագացված դասընթացներ` ծանոթացնելով նրանց թատերարվեստին:

«Մոտ 7 ամիս աշխատել ենք թատրոն ունենալու գաղափարի վրա, մշակեցինք ազգային մի պատմվածք եւ երբ արդեն պատրաստվում էինք բեմ բարձրանալ այդ ներկայացմամբ, սկսվեց պատերազմը, ինչին եզդիների աջակցությունը, ներգրավվածությունը շատ մեծ էր, իսկ իմ կրթամշակութային նախաձեռնությունը գլխիվայր շուռ եկավ եւ դարձավ բարեգործական նախաձեռնություն։ Աշխարհում ապրող բազմաթիվ եզդիներ հենց այս խողովակով Արցախին ու արցախցիներին հասցրին մեծ քանակությամբ օգնություն»,- պատմում է Գրետան ու նշում, որ թատերախմբի դերասաններից Ամար Մամոյանը մասնակցել է պատերազմին եւ Քյարամ Սլոյանի եզդիական կամավոր ջոկատի հետ մեկնել առաջնագիծ. «Նա այդ պատերազմը տեսել, ապրել է եւ այդ ամենը բերել նաեւ բեմ: Անգամ փորձերի ժամանակ, երբ զենքերը չկային, ինքը շատ ուժեղ հուզվում էր, այն աստիճան, որ մեզ թվում էր` իրեն վտանգ է սպառնում: Ինքն իսկապես բեմում ապրում է այդ կռիվը ու մեզ էլ տեղափոխում կռվի դաշտ»: 

Առաջին եզդիական թատրոնը, որը կրում է մնջախաղի վարպետ, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովի անունը, տեղակայվել եւ գործում է Էջմիածնում` Մաչանենց թատրոնի շենքում: Ներկայացման առաջնախաղն օրերս է տեղի ունեցել, ներկա են եղել Արսեն Փոլադովի ազգականը, ընկերները, Ռուբեն Հախվերդյանը, Մուրադ Ջանիբեկյանը, այլ մտավորականներ եւս: Ներկայացման փորձերին եղել են նաեւ ԿԳՄՍ նախարար Դումանյանն ու փոխնախարար Խզմալյանը: Առաջիկայում ներկայացումը կխաղան Հայաստանի եզդիաբնակ համայնքներում, ունեն նաեւ հրավերներ դրսից, որը սահմանները բացվելուն պես կիրականացնեն:    

Ներկայացումը եզդիերեն է, ու թեպետ հանդիսատեսի համար հայերենով տեղեկատվական թերթիկներ են պատրաստել, բայց մեծ մասը հրաժարվել է դրանք վերցնել։ «Ասում էին՝ մենք ուզում ենք լսել, փորձել պատկերացնել այն, ինչ կատարվում է բեմում, իսկ արդեն ներկայացումից հետո ասում էին` ինչ լավ է, որ չվերցրինք, որովհետեւ էմոցիաներով հասկացանք ներկայացման բովանդակությունը»,- պատմում է Գրետան ու ընդգծում, որ ներկայացման 2 առաջնախաղն էլ անցել է լեփ-լեցուն դահլիճում, անգամ կուլիսներից են շատերը հետեւել ներկայացմանը` տեղերի բացակայության պատճառով:

Գրետա Ալեքսանյանը թեպետ մասնագիտությամբ իրավաբան է, բայց նաեւ գրական գործունեություն է ծավալում. «Որպես սցենար՝ սա առաջին փորձն էր, որը երկար ենք հունցել ռեժիսորի հետ: Անկախ ինձնից, գրեցի այն կռվի ու սիրո մասին, որ տեսա: Եվ առհասարակ՝ այն սերը, որ ես տեսա եզդիների կողմից, անպատկերացնելի էր: Նաեւ դրա համար ներկայացման վերնագիրն ընտրվեց «Կռիվ ու սեր»։ Մի տեղ կա, որտեղ եզդի տղան ասում է` մենք գոնե գիտենք, թե ինչի համար ենք կռվում` մեր հայրենիք Հայաստանն ենք պաշտպանում, եւ Օթարներ, Ալիկներ, Բորիկներ, Գեղամներ ծնվելով՝ մենք հաղթանակը կդարձնենք մերը: Հերոսների անուններն անգամ պատերազմից հայտնի եւ իմ սրտին մոտ անուններ են: Այս պատերազմում մենք ունենք ազգությամբ եզդի 15 զոհված զինծառայող, նրանցից յուրաքանչյուրի տանը լինելով, նրանց հրաժեշտ տալով, շատ ծանր ապրումներ եմ ունեցել: Այդ ընթացքում սկսեցի շատ գրել այն ամենի մասին, ինչ ապրում էի, եւ ինչ պատմում էին նրանց մայրերը: Ու քանի որ չէինք կարող 15  հոգու հերոսությունները բեմ բերել, դրա համար որոշեցինք, որ կերպարները պետք է հավաքական լինեն եւ նվիրված Արցախյան պատերազմում զոհված բոլոր զինծառայողներին»:   

Ներկայացումը համեմված է եզդիական ավանդական զրույցներով, դետալներով, շարժումներով: Առաջիկայում նախատեսվում է բեմադրել այս ներկայացման շարունակությունը` հետպատերազմյան շրջանի մասին, որտեղ կբեմադրվի նաեւ եզդիական հարսանիք: