Նրանք մենք ենք ․․․

Նրանք մենք ենք ․․․

«Ներառական կրթություն» բառակապակցությունը լսելիս մեզ թվում է, թե դա ինչ-որ հեռու, մեզ հետ չառնչվող հասկացություն է: Սովոր ենք խղճալ հաշմանդամներին, նրանց հետ շփվելիս ասես շնորհ ենք անում, մարդուն ընկալում ոչ թե ըստ անհատականության, անվան, այլ… ըստ ախտորոշման:

Ե՞րբ է գալու այն գիտակցումը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի ներառվելու պահանջ ու կարիք, ամեն մեկս էլ այդ ոլորտի սուբյեկտ է: Ամենքս էլ ունենք որեւէ ֆիզիկական, հուզահոգեբանական սահմանափակում: Ասենք՝ մեկը նկարել չգիտի, մյուսը՝ լողալ, նիհար կամ գեր ենք, կարճլիկ կամ բոյով, մեկը սենտիմենտալ է, մյուսը՝ ինքնամփոփ: Ունենք տարբեր ունակություններ ու հոգեկերտվածք: Ինտեգրվելու եւ հասարակության շրջանում ներառվելու կարիք ունենք բոլորս: Եվ ո՞վ է գծել այդ շրջանը, որի ներսում գտնվողներն «արտոնյալ» են, իրավատեր ու լիարժեք: Ո՞վ է որոշել չափանիշներ ու սահմանել կանոններ:

 Թվում է՝ քսանմեկերորդ դարում այլեւս չպետք է խոսվեր ու գրվեր այս մասին: Անհեթեթ ու պարսավանքի արժանի են թվում այն ժամանակները, երբ, օրինակ, Բաբելոնում հայրն իրավունք ուներ սպանել «տարօրինակ» նորածնին, երբ այդպիսի մարդկանց համարում էին «սատանա կուլ տված», նետում էին ժայռերն ի վար։ Բայց քիչ բան է փոխվել՝ հաշմանդամությունը, որ իրավաբանական եզրույթ է ու քաղաքացիական կարգավիճակ, այսօր էլ դառնում է անուն ու ճակատագիր:

Գաղտնիք չէ, որ նման անձի թիվ մեկ խնդիրը ոչ թե այս կամ այն օրգանի ախտահարումն է, այլ ֆիզիկական ու հոգեբանական այն իրականությունը, որի միջավայրում ապրում է ինքը: Ավելին՝ նման անձինք բազմակի խոցելի են, քանզի հիվանդությունը համակցվում է աղքատության, ծերության, ծնողազրկության հետ։ Փողոցներում հաճախ ենք տեսնում մուրացիկ հաշմանդամների: Հենց նրա՛նց են առավել հոժարությամբ կոպեկներ շպրտում: Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե քանի-քանի նման անձ է ենթարկվում ինքնակամ բանտարկության՝ սեփական բնակարաններում։ Ձեր կարծիքով՝ դա նրա՞նց ընտրությունն է: Կա՞ մարդ, ով չի ուզում ապրել արժանապատիվ, ունենալ կրթություն ու աշխատանք, ընտանիք ու ձայնի իրավունք։

Այո՛, մարդը շա՜տ է քաղաքակրթվել: Ֆիզիկականին փոխարինել է հոգեբանական բռնությունը, անկելանոցներին՝ բնակարան կոչվող մեկուսարանները: Միայն թե այսօր նրանց հասարակությունից զատող սահմանը դարձել է անտեսանելի։ 
Մեր շենքի առաջին հարկում մի աղջիկ էր ապրում՝ Լուսինեն: Մանկուց կաթվածահար էր:

Գոտկատեղից վեր գեղեցիկ ու փարթամ օրիորդ էր, վար՝ տասնամյա երեխայի տկար ու ծուռումուռ ոտքեր, որոնք միշտ ծածկված էին: Իսկ ինչպե՜ս էր ասեղնագործում՝ նախշը նախշից չքնաղ: Այդ սփռոցներն ինչ-որ կազմակերպություն էր կոպեկներով գնում ու արտերկրում վերավաճառում։

- Ինչո՞ւ բակ չես գալիս…

Մանկական ինքնավստահությամբ համոզում էի, որ սայլակով դուրս ելներ:

- Մարդիկ կնայեն…

- Մեկ կնայեն, երկու… Ու էլ չեն նայի…

Մի քանի տարի անց նրան թաղեցին հարսնացուի շորերով՝ անբիծ, կարոտող ու միայնակ… Այդպես էլ պատուհանից տեսավ աշխարհը:

Հիմա հատուկ կրթությունից քայլ են կատարում դեպի ներառական: Հատուկ դպրոցների մեծ մասը փակելը հեշտ էր: Բա հետո՞… Հետոն չի երեւում տարիներ շարունակ: Գուցե մայրաքաղաքում այս առումով վիճակն ավելի բարվոք է: Մարզային դպրոցներում այդպես էլ չեն ձեւավորվել մանկավարժահոգեբանական թիմեր՝ հոգեբան, սոցմանկավարժ, լոգոպեդ եւ այլն։ 

Մերի… Մեր դպրոցում ամեն օր աչքիս առջեւ է, թե ինչպես են մայրն ու քույրը մեծ դժվարությամբ դպրոց հասցնում յոթերորդ դասարանցի աղջկան: Սեւանյան սառույց-բքի պայմաններում դա գրեթե անհնար է դառնում. տունը հեռու է, հաճախ չեն կարողանա նաեւ մարզկենտրոն կամ մայրաքաղաք տանել, որտեղ կան մասնագետներ, իսկ շարժունակության պահպանումն ու կենսական գործառույթների զարգացումն օրախնդիր է: Ինձ զարմացրել է համադասարանցիների հոգատար վերաբերմունքը՝ տարիներ շարունակ։

Երկու ձեռքից բռնած՝ ճաշարան են տանում, մենակ չեն թողնում, մինչ քույրը կամ մայրը գան: Ուսուցիչները եւս ուշադիր են, անում են ձեռքներից եկածն ու հնարավորը, բայց դա այնքան քիչ է։ Ո՞ւր է աջակցող թիմը։ Վիգոտսկու մոտակա գոտի, անհատական ուսուցման պլան… Գեղեցիկ բառեր, որոնք նիրհում են ՄԱԿ-ի կոնվենցիաներում, ՀՀ վավերացրած փաստաթղթերում: Իսկ այստեղ ճակատագրեր են՝ երեխաների ու ծնողների, քույրերի ու եղբայրների ճակատագրեր: Եթե անգամ ուսուցիչը բացառիկ պատասխանատու է՝ «դասից հետո պահում է երեխային ու անհատապես զբաղվում», ապա շուտով հուսահատվում ու նյարդայնանում է, քանզի չի տիրապետում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի տեխնիկային:

Որովհետեւ նա պարզապես ա՛յլ մասնագետ է: Նույնն է, թե թերապեւտին ասես. «Դու ի՛նչ բժիշկ ես, որ սիրտ ու թոքեր վիրահատել չես կարողանում»: Մինչդեռ անխտիր բոլոր երեխաներն էլ կարող են սովորել ու ստեղծագործել: Մարդկանց ընդունակություններն ու կարողություններն են տարբեր, ոչ թե մարդիկ: Հատուկ կարիքներ ունեցող անձինք շատ զգայուն են իրենց բնորոշող բառերի նկատմամբ: Նրանք խղճահարության չեն կարոտ, այլ հավասար հնարավորություններ ունենալու, ինքնաիրացվելու, նպատակ ու գաղափար իրականացնելու։

Երեւանում վիճակը գուցե քիչ այլ է: Հաճախ ենք հեռուստացույցով տեսնում ԱԻՆ-ում, մի երկու այլ հիմնարկներում աշխատող՝ հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձանց: Բայց չէ՞ որ Հայաստանը սոսկ մայրաքաղաքը չէ: Կրթությունն է այն միակ փրկարար օղակը, որը մարդուն պահում է եւ ինքնուրույն ափ հասնելու հույս տալիս։

Ասում են՝ հարկերի կրճատումով խրախուսենք, որ գործատուն հաշմանդամներին աշխատանք տա: Իսկ ի՞նչ աշխատանք կարող է կատարել մարդը, որը դպրոց չի գնացել: Ահա առաջնային օղակը, որի բացակայությունը սկիզբն է դառնում այլ փորձությունների՝ մենության ու աղքատության։ Անգամ Երեւանում, այսպես կոչված, թեքահարթակներով անցնելիս նույնիսկ քայլողը կարող է ընկնել ու ջարդուփշուր լինել, էլ ուր մնաց անվասայլակով տեղաշարժվողը: Իսկ բազմահարկ շենքերի նեղլիկ վերելակների մասին խոսելն ավելորդ է: Մյուս կողմից էլ՝ գործարարն իր հաշվարկի տերն է. հաշմանդամի կարգավիճակով մարդուն որտեղի՞ց փող, որ թատրոն ու ռեստորան էլ այցելի։ Փող ունենում է աշխատողը, իսկ աշխատում է կրթություն ունեցողը: Ինչ օգուտ, թե բուհում կարող ես անվճար սովորել, եթե ֆիզիկապես անհնար է եղել դպրոց գնալը։ Մարզային, գյուղական դպրոցներից քանի՞սն ունեն հատուկ պայմաններ:


Ի ցավ պետք է փաստել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները շատ են նաեւ գյուղական համայնքներում: Իննսունականների թերսնումն է պատճառը, անհաջող ժառանգականությունը, թե քիմիակոխ արված սնունդը։ Էականն այն է, որ այդ երեխաների խնդիրը չէ, պահանջն է, որը պարտավոր է օր առաջ բավարարել իրավական ու սոցիալական կոչվելու հավակնող պետությունը: Մարդասիրական արժեքներ ենք տարփողում, բայց մարդուն մենակ ենք թողնում: Այո՛, կարծրատիպերը մտածելակերպ են ձեւավորում, եւ նման մտածելակերպից զերծ չեն նաեւ այդ երեխաների ծնողները: Խտրականությունն սկսվում է ընտանիքում ու շարունակվում։

Հաճախ հրաժարվում են գիտակցել, որ իրենց երեխան նեղ մասնագիտական աջակցության կարիք ունի:

Կան ծնողներ, որոնք չեն էլ ուզում, որ իրենց երեխայի դասարանում նման երեխա սովորի:
Դեռ սա է իրականությունը, տիկնայք ու պարոնայք։
Ջնջե՛նք շրջանագծերը մեր աշխարհայացքից, ընդլայնենք հոգի ու հորիզոն։

Նելլի ԲՐԱԳԻՆԱ Գավառի պետհամալսարանի ուսանողուհի