Բանակը բանակում չծառայածի խելքի բանը չէ
Հունվարի 8-ին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակումից հետո գործընկերներիցս մեկը գրեց. ահա թե որտեղ պետք է ասել․ «Կփռեմ ասֆալտին, չշշկռվեք հանկարծ: Չշշկռվե՛ք հանկարծ, սա պետության բանակի ավտոբուսն է»։
Հայկական բանակը, որ գրեթե 30 տարի հաստատ կամքով ու համառությամբ ապահովում է մեր անվտանգ առօրյան, իրեն արժանի վերաբերմունք չի ստանում: Ու սա գալիս է պետական բարձր մակարդակներից: Պետական բարձր պաշտոններ են ստանում բանակում չծառայածները ու դառնում բանակի այս կամ այն կարիքի պատասխանատուներ, բայց քանի որ բանակի հարցում տգետ են, հարց չեն լուծում եւ բանակը դարձնում են սեփական ինքնագովազդի միջոց:
Դեկտեմբերի 31-ին բանակի հանդեպ «ոտնձգություն» է արել սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ այցելել է Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ ՊՆ մարտական դիրքեր, զինվորներին նվերներ տվել: 29-ամյա սույն չափահաս դեռահասը բանակում չի ծառայել, իր ասելով՝ առողջական խնդիրների պատճառով:
Փոխարենը կյանքում ոչ մի բան ղեկավարած չլինելով՝ նախարար է դարձել: Բանակում չծառայածի ներկայությունը մարտական դիրքերում մեծ ռիսկ է զինվորի համար: Այո, մեր զինվորը ցույց տվեց, որ չորս երկրի զենքերով զինված հակառակորդն իր դեմ սովորական խավարասեր է, որից չեն վախենում, որից զզվում են, զգուշանում եւ ոչնչացնում: Բայց դա չի նշանակում, որ 29-ամյա դեռահաս ու բանակում չծառայած նախարարը պիտի գնա մարտական դիրքեր:
Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, կան հատուկ պահպանվող վայրեր, ուր ոչ բոլորը կարող են մտնել: Օրինակ՝ կալանավայրերը, մեկուսարանները, բժշկական հատուկ հաստատությունները: Մարտական դիրքը պիտի նման տրամաբանության ենթարկվի, ու բացառվի դեռահասի ներկայությունը դիրքում՝ անկախ զբաղեցրած պետական պաշտոնից: Եթե այս արգելքը ողջ ուժով գործեր, բանակում չծառայածը դիրքում չէր հայտնվի ու բանակն ինքնագովազդի միջոց չէր սարքի:
Ցանկացած այլ անձ կարող է այնտեղ լինել միայն պաշտպանության նախարարի թույլտվությամբ: Նախարարն է տիրապետում օպերատիվ տեղեկություններին եւ գիտի՝ որտեղ որքան է լարվածությունը: Իսկ բանակում չծառայածները բանակի հետ անգամ հեռակա ու հեռավոր շփում պիտի չունենան: Թռչելու խնդիրներ ունեցող հավը չի կարող շատ բարձրերում ճախրող արծվին ընկեր ու բարեկամ լինել:
Անդրանիկ Վարդանյան
Կարծիքներ