Ոչ մի թիվ չկա, ոչ մի տոկոսների աճ չկա․ Ծառուկյանը՝ կառավարության ծրագրի մասին

Ոչ մի թիվ չկա, ոչ մի տոկոսների աճ չկա․ Ծառուկյանը՝ կառավարության ծրագրի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կառավարության ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելուց հետո լրագրողների հետ զրույցում դժվարացավ անմիջապես գնահատական տալ՝ հավանե՞լ է ծրագիրը, թե՞ ոչ։ Բայց կամաց-կամաց բացվեց ու սկսեց իր դժգոհությունները հայտնել ծրագրից։

«Այսօր հիմնական մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն։ Դրա համար ես ասացի, որ կարող եմ գրել և ստորագրել, որ անհրաժեշտ են ժամկետներ, գումարի աղբյուրը և մեխանիզմը։ Հիմա մենք ասում ենք՝ գյուղատնտեսության զարգացում պետք է լինի։ Մենք բոլորս գիտենք, որ գրված է կառավարության ծրագրում, որ գյուղատնտեսության 1/3-ը չի մշակվում։ Բայց այսօր տնտեսական աճ է հարկավոր, տնտեսական աճի համար պետք է գումար դրվի»,-ասաց Ծառուկյանն ու խորացավ թվերի, տնտեսական հաշվարկների մեջ։

Նրա խոսքով՝ այսօր բյուջեն հիմնականում հիմնված է հարկերի ու տուրքերի վրա։ «Ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի։ Ամենամտահոգիչը, ես նորից եմ ասում, տնտեսական հեղափոխության համար, հարկավոր է գումար, հարկավոր է ժամկետ։ Պետք է լինի 2019 թվականին ինչքան գումար է ներդրվել և ինչ ռիսկային հարցեր կան։ Ոչ մի ռիսկայինություն չկա, ոչ մի թիվ չկա, ոչ մի տոկոսների աճ չկա։ Մենք համոզված ենք, որ պարոն Փաշինյանն ուզում է լավ բան անել, իրոք կյանքը կդնի, որ ժողովրդի տված խոստումները կատարի։ Բայց դրա համար պետք է աջակցել նրան, առանց գումար դնելու հնարավոր չէ զարգացնել»,-ասաց պարոն Ծառուկյանը։