Պահանջվում է զբաղմունք

Պահանջվում է զբաղմունք

Ուրիշ ինչո՞վ կարելի է զբաղեցնել մեր հասարակությանը, երբ լռեն կառավարության «հանճարեղ» ծրագրի շուրջ աղմուկները, մարեն Մարտի 1-ի գործով ընթացող խոսակցությունները, եւ կրկին սառեցվեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ վտանգավոր փորձերը: Մոտեցող գարունը, անշուշտ, ՀՀ իշխանություններին հույս է ներշնչում, որ հանրությունը կզբաղվի բնության գեղեցիկ զարթոնքով ու միառժամանակ հանգիստ կթողնի իրեն, բայց դա էլ հաստատ չէ, որովհետեւ Հայաստանում ինչ լինում է` գարնանն է լինում: Ահա թե ինչու է պետք հենց այսօրվանից մտածել հայաստանյան պոպուլյացիայի համար նոր զբաղմունք գտնելու մասին: Արցախի Հանրապետության իշխանություններին ժողովրդական ձանձրույթը չի սպառնում, քանի որ խոսելու նյութ այնտեղ շատ կա: 20 թվին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեման լիուլի բավարար է, մանավանդ, որ այդ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնում հանրության շրջանում ոչ միանշանակ ընկալում ունեցող գործիչներ:

Այս առումով Հայաստանում վիճակը բարդ է` ընտրություններ չկան առջեւում, հեղափոխական էյֆորիան մարում է, նորընտիր ԱԺ-ն եւ թերակազմ կառավարությունն առանձնապես աչքի չեն ընկնում աշխատելու ունակություններով, կառավարության ծրագրից տնտեսական հեղափոխության հոտ չի գալիս, նախկին խոստումները ջրվում գնում են մեկը մյուսի հետեւից: Կարճ ասած` Նիկոլն այլեւս էն հմայքը չունի: Սա ինչ-որ տեղ սպասելի էր, որովհետեւ Հայաստանում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ հանրությունը գոհանա իր ընտրած իշխանություններով: Որի՞ն են սիրել, որ Նիկոլին սիրեն: Մյուս կողմից էլ գործող վարչախմբին հեռացնելու գործն է հեշտացել: Ահավասիկ․ Փաշինյանն է ասում, որ եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կհեռանա եւ կզբաղվի ժուռնալիստիկայով: Իսկ ժողովուրդը ե՞րբ է նման բաներ ցանկանում: Երբ դանակը հասնում է ոսկորին, ու հրապարակ է նետվում մի նոր «առաջնորդ»: Ժողովուրդն այդ պահին էլ չի հարցնում` «է՞ս ով ա», ու գնում է նրա հետեւից:

Անցնենք բուն խնդրին: Աշխարհի ոչ մի երկրում (Սերժ Սարգսյանը բացառություն էր) իշխանությունն հենց այնպես, ասես ճամպրուկ, չի փոխանցվում ուրիշին: Սերժ Սարգսյանի արածը նոնսենս էր բոլոր առումներով: Ես լռեմ` դուք ինձ բացատրեք, թե ինչպես կարող էին մի խումբ երիտասարդներ եւ մեկ շուն մի քանի օր փակել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հաջորդ օրվանից, ոստիկանության ջերմ աջակցությամբ, հեռացնել Հայաստանի 25-27 տարվա իշխանությանը: Այսպիսի բան նույնիսկ ամենաերջանիկ երկրներում չի կարող լինել, էլ ուր մնաց մեր երկրում, որտեղ ասիական բարքերն են իշխում: Ահա թե ինչու են մեր «հեղափոխությամբ» հիացած բոլորը` Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա, Պեկինից մինչեւ Քաբուլ եւ Դամասկոս, Լոնդոն-Փարիզ-Բեռլինից մինչեւ Դելի, Կուալա Լումպուր եւ Սիդնեյ:

Ասեկոսեներ են տարածվում, թե այս ամենը Սորոսի ձեռքի գործն է: Սորոսը, անշուշտ, սուրբ չէ, բայց նա մեր հեղափոխության հետ շատ քիչ կապ ունի: Նա ընդամենը փող է տվել ոմանց, իսկ հեղափոխությունն արել է Սերժ Սարգսյանը: Հեղափոխությունը ոչ թե «պատահաբար փողոցում ընկած» իշխանությունը վերցնելն է, այլ տալը: Ուրիշի տար իշխանությունը, ուրիշը կվերցներ, բայց Սերժ Սարգսյանը գնաց հեղափոխական ճանապարհով: «Լավ եմ արել, տվել եմ հենց Նիկոլին, չուզողի աչքն էլ հանել եմ»,- կարող է ասել Սերժ Սարգսյանը եւ Փաշինյանի օրոք իր հուշարձանի բացման հարցը համարել լուծված: Սերժ Սարգսյանը, իհարկե, չէր կարող կանխատեսել, որ ընդդիմադիր դիրքերից խոսող իր «ընտրյալը» իշխանության գալուց հետո չի կարողանալու երկու էշի գարի ջոկել իրարից: Հիմա այդ երկուսի հակադրության վրա կառուցված հեղափոխության միֆն արագորեն ցնդում է, իսկ մերկ իրականությունն սպառնում է ողջ հասակով կանգնել հանրության առաջ:

Փաշինյանը երկար մտածելու ժամանակ չունի: Այս վիճակից 2 ճանապարհ կա, ավելի ստույգ` 3: Առաջին․ տնտեսություն զարգացնել ներդրումների եւ ներգաղթի շնորհիվ, երկրորդ․ լուրջ զբաղմունք գտնել «հեղափոխական մասսաների», որ նույն է` «ազնիվ քարփիչների» համար, եւ երրորդ․ զբաղվել ժուռնալիստիկայով: Կարելի է վստահ ասել, որ առաջին ճանապարհը Փաշինյանի բանը չէ: Նա այդ ճանապարհով կարող էր գնալ էյֆորիայի գագաթնակետին, բայց պահը բաց թողեց, որովհետեւ, չգիտես ում դրդմամբ, սկսեց զբաղվել քանդելով, քաղաքական ուժերին իր դեմ լարելով, բռնելով, գործեր հարուցելով:

Այդ ամենը էյֆորիային նոր չափաբաժին էր ավելացնում: Տուշոնկա, ՀԱՊԿ, Մարտի 1… Հիմա նա այլեւս ընտրված վարչապետ է եւ պետք է պատասխանի, թե ինչու այդքան տուշոնկան գողացված չի եղել, ինչու չի կարելի փափուկ արջուկի տեղ դնել Պուտին քեռուն, թե ինչու նախագահը չի կարող իր երկրի սահմանադրական կարգը տապալելու ցանկություն ունենալ: Օրերն անցնում են: Երկու ճանապարհ դեռ կա: Նախկին իշխանությունները, կարծում ենք, Փաշինյանին կտանեն հանրության համար ժամանակավոր զբաղմունք գտնելու ճանապարհով, մինչեւ նոր «փոխանորդ» ճարեն նրա համար: Նախկին իշխանությունները սարսափում են այն մտքից, որ մի օր էլ Փաշինյանը կվերցնի ու իշխանությունը կտա ուրիշի: Եվ ամենեւին պատահական չէ, որ ուժային կառույցները Փաշինյանի տակից չեն հանում, որպեսզի կարողանան ճիշտ պահին թույլ չտալ նրան ճակատագրական սխալ գործել:

Արդեն իսկ նկատելի է, որ կարգին զբաղմունք են պատրաստում Հայաստանի պոպուլյացիայի համար: Դրա առաջին ծիծեռնակները բոլորը տեսան` ոչինչ չարած պետական պաշտոնյաները բռերով փողեր էին տարել տուն, իսկ այդ մասին ոչ թե լռել էին, ինչպես նախկինում, այլ հայտարարել կապի բոլոր միջոցներով: Փաշինյանն ինչքան ուզում է, թող այդ թափանցիկությունը վերագրի իր բարեփոխումներին: Ժողովուրդը հո գիտի՞, որ իշխանական բարեփոխում ասվածը իշխանական բարեկեցություն է բերում միայն: Ու գնաց «կաշը»: Մոտ մեկ ամիս ձգեցին: Բոլորն զբաղմունք ունեին: Հետո Փաշինյանը գնաց Դավոս, որտեղից հայտարարեց, թե 1.5 ժամ բոլորովին կողմնակի հարցերի շուրջ զրուցել է Ալիեւի հետ: Տակնուվրա եղած ժողովուրդը ՊԵԿ-ի պրեմիաները թողեց, անցավ Դավոսին: Թեման ավելի թեժացավ Բոլթոնի զանգի փաշինյանական մեկնաբանությունից հետո: «Արա, ախպեր, Նիկոլը հող տվող ա»,- որոշեց հանրությունը: Մի քանի օր է` խախանդվել է հանրությունը, բայց առջեւում կառավարության ծրագրի ընդունումն է, եւ ոչ մի երաշխիք չկա, որ խորհրդարանական ուժերը դա չեն դարձնելու հերթական էշի հարսանիքը:

Կառավարությունների ծրագրերը հաստատվում ու գնում են, եւ դրանց հետքն անգամ հնարավոր չի լինում գտնել: Հետեւաբար, չի կարելի հույս դնել, թե մեկ-երկու ամիս էլ այդ ծրագրով են զբաղվելու հեղափոխական մասսաները: Վերջիններիս համար ավելի լուրջ զբաղմունք պետք է մտածել, որովհետեւ հասարակության վրա արդեն չեն ազդում նույնիսկ այնպիսի սենսացիաներ, ինչպիսիք են Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունները Մարտի 1-ի գործով:
 

Փաշինյանի համար նախատեսված երրորդ ճանապարհը, այն է` լրագրող դառնալը, առայժմ լուրջ չի քննարկվում: Նա այդ մասին խոսել է որպես ամենավերջին տարբերակ: Այսօր, սակայն, հասարակության համար լուրջ զբաղմունք կարող է դառնալ «Իմ քայլը» դաշինքի շուրջ աղմուկը: Պատկերացնո՞ւմ եք, «Իմ քայլ»-ում եւ նրա շրջապատում մարդիկ են հայտնվել, որ «բացահայտ» դեմ են արտահայտվում «պրեմիաներին» եւ կառավարության ծրագրին: Օպտիմալացումն էլ այսօր շատ ՔՊ-ականների սրտով չէ: Իսկ բազմաշերտ կառույց չէ՞, արդյոք, «Քաղաքացիական պայմանագիրը» կամ նրա խորհրդարանական խմբակցությունը: Իհարկե, բազմաշերտ է, եւ հենց դրա մեջ է ողջ ինտրիգը: Բայց ասեմ, որ այդ շերտերն այսօր դեռ այնքան թույլ են, որ «Իմ քայլ»-ում կամ «Քաղպայմանագրում» համահարթության բացակայության մասին տեղեկությունները զավեշտ են թվում: