Քոչարյանի վրիպումը

Քոչարյանի վրիպումը

«Կյանք եւ ազատություն» գրքում երկրորդ նախագահը բավական մանրամասնորեն է պատմում քիուեսթյան բանակցությունների մասին: Նա ասում է, թե Ադրբեջանի նախագահի հետ սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ նախկին ԼՂԻՄ տարածքը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, փոխարենն Ադրբեջանին Մեղրիում տրվում էր սուվերեն ճանապարհ՝ կապվելու Նախիջեւանի հետ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ մյուս տարածքները վերադարձվում էին Ադրբեջանին: Քոչարյանը վերհիշում է, որ երբ ԼՂ կարգավորման հարցով Հեյդար Ալիեւը կազմակերպեց խորհրդարանական լսումներ, ինքն անմիջապես կասկածեց, որ նա պայմանավորվածություններից հրաժարվելու քայլ է անում: Երկրորդ նախագահը պատմում է, որ այդ առթիվ խորհրդատվություններ է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, ամերիկացիներն իրենց հերթին շփվել են Հեյդար Ալիեւի հետ եւ իրեն հավաստիացրել, որ վերջինս հավատարիմ է նախնական համաձայնությանը:

Այդ տրամադրությամբ էլ Քոչարյանը մեկնել է Քիուեսթ, բայց երբ բանակցությունների ամենասկզբում Հեյդար Ալիեւը բացել է թողթապանակը եւ անցել պատրաստի ելույթի ընթերցմանը, բոլորի համար պարզ է դարձել, որ Ադրբեջանը հրաժարվում է համաձայնագրի ստորագրումից: Երկրորդ նախագահն այնուհետեւ պատմում է, որ ձախողված հանդիպումից հետո հարցրել է Հեյդար Ալիեւին՝ ինչու՞ հրաժարվեց: Ալիեւն ասել է, որ եթե  չի հաջողվել այդ հարցում համոզել իր ընտանքին, ապա հազիվ թե կարողանար ժողովրդին բացատրել, թե ինչու է «տալիս Ղարաբաղը»:

Քոչարյանը չի բացահայտում, թե ո՞վ է եղել գաղափարի հեղինակը՝ ի՞նքը, թե՞ Հեյդար Ալիեւը: Դա, երեւի, այնքան էլ կարեւոր չէ: Քոչարյանի վրիպումը կայանում է նրանում, որ նախապես չի պարզել՝ Ալիեւն անկեղծորեն հավատու՞մ է, որ սեփական ժողովրդին կարող է համոզել «Ղարաբաղը հանձնելու» անխուսափելիության մեջ: Այսինքն, հաշվի չի առել մի նրբություն՝ որ գործ ունի թշնամի երկրի առաջնորդի հետ, որից ամեն ինչ, այդ թվում՝ դիվանագիտական խարդավանք, սպասելի է: Որտեղի՞ց էր նրա մոտ այն համոզմունքը, որ Ադրբեջանը կհամաձայնի Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու եւ փոխարենը Մեղրիում սուվերեն ճանապարհ ստանալու տարբերակին: Տրամաբանական է թվում, որ Հայաստանի նախագահը չէր կարող դրանում համոզված լինել, ուստի գաղափարի հեղինակն, ըստ երեւույթին, Հեյդար Ալիեւն էր, որ լուծում էր մի շատ էական խնդիր՝ Հայաստանի պատասխանատվությունը ԼՂ շուրջ տարածքների հարցում: Մինչ այդ բանակցություններում խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հիշյալ տարածքներից հետ քաշելու մասին:

Քոչարյան-Հեյդար Ալիեւ ուղղակի բանակցություններից հետո եւ առայսօր պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա: Երկրորդ նախագահը, սակայն, այս եւ այլ հարցերի չի անդրադառնում: Ընդամենը փաստում է, որ Քիուեսթում կողմերը մեկ քայլ էին հեռու համաձայնությունից, որը, սակայն, չկայացավ: Իսկ գուցե Հեյդար Ալիեւի նպատակն էլ հենց դա՞ էր՝ իրավիճակը հասցնել մեկ քայլ կատարել-չկատարելու երկընտրանքին, այնուհետեւ հրաժարվել՝ մինչ այդ քննարկված հարցերի ողջ ծանրությունը բարդելով Հայաստանի վրա: