ՍԴ-ի դեմ պատերազմում հաղթանակը կտրվի Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելու գնով

ՍԴ-ի դեմ պատերազմում հաղթանակը կտրվի Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելու գնով

Իշխանությունները տեւական ժամանակ է՝ դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ վերջին օրերին լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։ Մեկը՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու, մյուսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։ Դեսանտի կազմում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ տեղակալի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Երեկ մենք լուր էինք գրել այս մասին՝ տեղեկացնելով, որ ՀՀ իշխանությունները փորձում են քաղաքական առեւտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։

Հիշեցնենք, որ, միջազգային ընդունված նորմերի համաձայն, սահմանադրական, դատաիրավական օրենքների դեպքում Վենետիկի հանձնաժողովը կարծիք է ներկայացնում տվյալ կարգավորման սահմանադրականության, միջազգային իրավունքի հետ համապատասխանության վերաբերյալ։ Չնայած այդ կարծիքը խորհրդատվական է, սակայն Հայաստանը չի կարող հաշվի չնստել դրանց հետ։ Դիցուք, ամիսներ առաջ հեղափոխականներն առավել քան վճռական էին դատավորների «վեթթինգի» հարցում, հայտարարում էին, թե նախագիծ են մշակել, բայց Վենետիկի հանձնաժողովականների՝ Հայաստան այցից հետո հետքայլ արեցին, վեթթինգը որոշեցին փոխարինել ավելի մեղմ՝ բարեվարքության կանոններով, ինչը, ի դեպ, նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների այն փաթեթում, որի ճակատագիրը վճռելու է Վենետիկի հանձնաժողովը։

Դեռ ամռանը «Իրավական ուղի» կազմակերպությունը տարածեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վեթթինգի եւ դատական բարեփոխումների վերաբերյալ․ հուլիսի 11-ին Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանում արձանագրություն էր կազմվել։ «Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել «ՍԴ դատավոր»-«անդամ» բառախաղը։ ՍԴ դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»։ Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՍԴ գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ»,- նշված էր ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Չնայած այս արտահոսքը փոթորկեց Հայաստանի քաղաքական եւ իրավական դաշտը, փորձեցին հակադարձել, թե չեն հրաժարվել ոչ մի բանից, բայց իշխանության քայլերը՝ վեթթինգից հրաժարվելը, «ՍԴ դատավոր-անդամ» բառախաղին ընթացք չտալը, հակառակն ապացուցեցին։

Իշխանությունը ՍԴ-ի եւ ընդհանրապես՝ դատավորների դեմ նոր գործիքաշար մտածեց, որոնք տեղ են գտել դատաիրավական բարեփոխումների փաթեթում։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում։ Վեթթինգի փոխարեն արդարադատության նախարարությունը մշակել է դատավորների բարեվարքության կանոնների նախագիծ։ Փաթեթում ամենախնդրահարույց կետերից մեկը ՍԴ անդամներին առնչվողն էր՝ վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հատվածը, որը որակվեց որպես «շանտաժի» եւ «կաշառքի» նախագիծ։ Ոչ իշխանականները մեծ «բոլոլա» բարձրացրին՝ հույս հայտնելով, որ միջազգային գործընկերներն իշխանություններին թույլ չեն տա օրենքի ուժ տալ իրենց մութ մտադրություններին։

Հիշեցնենք․ ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ խոստումով, որ մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները: Այս դրույթը, իհարկե, գործելու է կամավորության սկզբունքով, բայց «սեւերը» վստահ են, որ եթե օրենքի ուժ ստանա, ապա «կամավորը» դառնալու է «պարտադիր», եւ իրենց գործիքներով ճնշելու, համոզելու են ՍԴ դատավորներին՝ վաղաժամ հրաժարական տալ, որպեսզի յուրայիններին գործուղեն ՍԴ ու հասնեն Թովմասյանի հեռացմանը։ Հենց այս դրույթի շուրջ է գնում «սեւերի» ու «հեղափոխականների» առեւտուրը։ Եթե Վենետիկը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մասին դրական եզրակացություն տա՝ համարելով, որ այն ամբողջությամբ սահմանադրական է, ապա իշխանությունները գործի կանցնեն։

Նախնական տեղեկություններով՝ պրոցեսն ընթանում է հօգուտ իշխանությունների, թե վերջնական որոշումն ինչպիսին կլինի, կիմանանք առաջիկայում։ Եթե իշխանությունը կարողանա «հաղթել» ՍԴ-ի ճակատում, ապա պարտավորություն կստանձնի ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ հնարավոր է ընթացք տրվի Հրայր Թովմասյանի դեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, որն օրերս ներկայացվել է Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին թույլ տրված «կոպտագույն օրինախախտումներին»։ Պատգամավորի կարծիքով՝ տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։