Ադրբեջանը 2020 թվականին 10 տոկոսով ավելացնում է պաշտպանական ծախսերը, մենք մերը իջեցնում ենք

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա Ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են և ինքը ֆիզիկապես ոչնչացնելու է նրանց, ովքեր «ոտնձգություն կանեն իր, Արցախի իշխանության և պետականության դեմ», իրարանցում է առաջացրել Հայաստանում ու Արցախում:
Քաղաքական ու պետական գործիչներն են դրանք մեկնաբանում, դրանցով զբաղվում է Հայաստանի ԱԱԾ-ն: Արցախի նախագահականն էլ ի դեմս Բակո Սահակյանի խոսնակի, բացասական գնահատական է տվել Բալասանյանի հայտարարությանը՝ արձանագրելով, որ այն լարվածություն է առաջացրել Հայաստան-Արցախ հարաբերություններում: «Հրապարակը» զրուցել է ԶՈւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ, որը վերջերս հաճախ է շփվում Վիտալի Բալասանյանի հետ: «Ի՞նչ է ասել Բալասանյանը: Որ հինգերորդ շարասյունը՝ ի դեմս Սասնա Ծռերի կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին, որ Փաշինյանը բոլորին ուզում է ասել, որ ինքը ունի ահաբեկիչների թիմ, որոնց կարող է հրաման տալ և նրանք ահաբեկեն բոլորին: «Հայելի» ակումբի դեպքը դուք տեսաք, որ մանկուրտների թիմը հարձակվեց ակումբի վրա: Եւ երկրորդը՝ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, իշխանությունը բռնազավթված է ու Փաշինյանը ղեկավարվում է, այսինքն, Բալասանյանն ասել է այն, ինչ բոլորն են ասում», - նշում է գնդապետը: Նրա հետ զրույցը հրապարակում ենք ամբողջությամբ:
- Բոլորը ասում են, բայց Բալասանյանը քաղաքական գործիչ է և նման պնդում անելիս, պարտավոր է կոնկրետ փաստ ներկայացնել:
- Կոնկրետ փաստերը նա մենկաբանում է, գործողություններ, որոնք երկիրը կործանման են տանում: Նախ, Արցախում չեն ուզում ներդրումներ անել: Բալասանյանը ինձ պատմել է, որ կառավարությանը առաջարկվել է, ներկայացվել է ծրագիր, կապված Արցախում ջերմոցային հսկայական տնտեսություն ստեղծելու, Արցախի տնտեսական անվտանգությունը ապահովելու հետ: Խոստացան-խոստացան, բայց չկատարեցին: Երկրորդ հարցը՝ Ալիևը վերելակում Փաշինյանի հետ ինչ-որ մութ գործարքի է գնացել: Ի՞նչ գործարք է եղել Ալիևի հետ, որ այսօր բանակցային գործընթացում ոչ մի տեղաշարժ չկա, մեռած վիճակ է:
- Բայց այդ վիճակը նոր չի: Ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած մինչ օրս ե՞րբ է առաջընթաց եղել:
- Այն ժամանակ աշխույժ վիճակ էր: Հանդիպում էին, քննարկում էին, իսկ այսօր արցախյան հարցում շատ մեծ մութ է, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում այս հարցում: Փաշինյանը ասում է, որ պետք է հանդես գա Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի շահերից: Այսինքն, Ադրբեջանի ժողովրդի շահերը պետք է պաշտպանված լինեն: Դա նրա խոսքերն են: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, օկուպացված զորքերը պետք է դուրս գան և Ղարաբաղից նույնպես:
- Այսինքն, ուզում եք, որ Փաշինյանն ասի, որ ուզում է հարցը լուծի ի վնաս ժողովուրդների շահերի՞:
- Կամ նա հայտարարում է, որ Արցախը մարզ է, իսկ միջազգային ասպարեզում այսօր Արցախը չճանաչված հանրապետության ստատուս ունի, որը ավելի բարձր կարգավիճակ է: Ալբանիան հայտարարեց, որ Կոսովոն մարզ է, և դա չընդունվեց միջազգային հանրության կողմից: Հիմա մենք կրկնում ենք նույն սխալը: Մենք հիմա մեր պետականությունը մեր ձեռքով ոչնչացնում ենք, իսկ պետականությունը դիմադրողականություն է:
- Բալասանյանի հայտարարություններն են դիտարկվել որպես հակապետական: Դուք սրա հետ, փաստորեն, համաձայն չեք:
- Բալասանյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը՝ դատավորների դեմ ակցիաներ անելով, հարձակվելով դատավորների վրա: Ասել է, որ Փաշինյանը սորոսական պրոյեկտ է, ֆինանսավորվում է սորոսականների հետ մեկ կենտրոնից, հանդես է գալիս ոչ ավանդական արժեքների դեմ: Ի՞նչն է այստեղ հակապետական:
- Ո՞ւր են փաստերը։
- Երեք նախարար, 26 պատգամավոր, ԱԽՔ-ը՝ Սորոսի գրասենյակից են, մամուլի ֆինանսավորողը Սորոսի գրասենյակն է: Բալասանյանն ասում է, որ Չուգասզյանն ու Սեֆիլյանը բացասական կերպարներ են և իրենք են կանգնած տեռորիստական խմբավորումների հետևում, ու այն, որ Չուգասզյանին ներեց Փաշինյանը, դա հենց նշանակում է, որ Փաշինյանը նրանց հետ է:
- Առարկելու 1000 բան կա: Դրանք ամենաարմատական հականիկոլական թևն են, ըստ էության:
- Համաձայն չեմ: Եթե այդպես է, ինչո՞ւ նրա հետախուզումը հանվեց, քրեական գործը կարճվեց, «Աասնա ծռերը» դուրս եկան բանտից:
- Այսինքն, առաջարկում եք, որ Փաշինյանը բոլորին պատժեր, փակեր բանտերում, պահեր որպես քաղբանտարկյալ:
- Գարեգին Չուգասզյանն ինքը զինել է Սասնա ծռերի տեռորիստական խումբը:
- Թողենք՝ դատարանը որոշի այդ հարցերը:
- Բալասանյանն ասում է, որ եթե հանկարծ Սասնա Ծռերը համարձակվեն տեռորիստական ակտեր անեն, մենք իրենց 16 թվականի նման չենք ների:
- Առաջ էլ չէին ներում: Հիշու՞մ եք, ոնց ծեծեցին, ջարդեցին Սեֆիլյանի մարդկանց Արցախում: Այդ նույն մեթոդներով ուզում են շարունակե՞լ:
- Այո, եթե տեռորիստական ակտ կազմակերպեն, ՊՊԾ գնդի դեպքերի նման:
Ես կարող եմ ասել, որ Փաշինյանի օրոք կրճատվում է բանակի ֆինանսավորումը: Կարող եմ բերել փաստեր: 2020 թվականի հունվարին նախատեսված է պաշտպանական բյուջեի համար 303 մլրդ դրամ: Անցյալ տարի եղել է 305 մլրդ: Աճը ընդամենը 0,8 տոկոս է, այն դեպքում, երբ ամբողջ բյուջեի ծախսերը աճում են 14 տոկոսով: Տեսեք՝ բյուջեի աճի մեջ պաշտպանական ծախսերի աճը ընդամենը 0,8 տոկոս է:
- Բայց վա՞տ է, որ մի քիչ էլ սոցիալական ոլորտներին փող տան:
- Մենք պատերազմի շեմին ենք կանգնած: Եթե հաշվի առնենք, որ գնաճը կազմում է 3-4 տոկոս, ապա կտեսնենք, որ պաշտպանական ծախսերի նվազում է գնալու: Այն ժամանակ, երբ Ադրբեջանը 20 թվականի համար 10 տոկոսով ավելացնում է պաշտպանական ծախսերը, մենք մերը իջեցնում ենք: Դա մարտահրավեր է մեր կողմից մեր սեփական պաշտպանողունակությանը: Կառավարության տարեկան ուղերձում ամեն ինչի մասին խոսում են, բայց պաշտպանության ոլորտի մասին ոչ մի խոսք չկա:
- Եթե կոռուպցիան պաշտպանության նախարարությունում կրճատվի, մեծ գումարներ կազատվեն:
- Ես պաշտպանական ռեսուրսներ եմ դասավանդել, ես գիտեմ, թե դա ինչ է: 75 տոկոսը ՊՆ ծախսերի պարտադիր վճարումներ են՝ աշխատավարձ, կոմունալ սպասարկում: Դրանց մեջ կոռուպցիա չկա: Կոռուպցիան կարող է լինել միայն գնումների համակարգում, իսկ գնումների համար տրամադրվում է պաշտպանական բյուջեի 15 տոկոսը: Այս 15 տոկոսում է կոռուպցիայի ռիսկը:
- Դա որքա՞ն է ձեր կարծիքով:
- 45 մլրդ դրամ:
- Իսկ որքա՞նն է հասնում բանակին:
- Իմ կարծիքով, մոտ 40 մլրդը: Ենթադրում եմ, որ գողացվում է 5 մլրդը: Գնումների վարչությունը ոչ միայն ՊՆ-ին է ենթարկվում, այլ կառավարությանը: Կառավարությունն է հաստատում:
Կարծիքներ