Եթե Արցախում բոլոր 10-70 տարեկան տղամարդիկ զենք վերցնեն ու գնան սահման, նույնիսկ դա բավարար չի լինի
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` Արցախից զորքերի դուրսբերման մասին հայտնի հարցազրույցը մի շարք կարեւոր հարցեր է առաջացնում, որոնք մեծացնում են Արցախի ու արցախահայության առջեւ ծառացած վտանգները:
Նախ՝ կարծես բոլորիս ուշադրությունից վրիպեց, որ ՀՀ ԱԽՔ-ն իր հարցազրույցում ոչ մի անգամ չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը, միայն ասում էր՝ «Լեռնային Ղարաբաղ»: Կարծում եմ, որ սա միտումնավոր է արված, քանի որ վերջերս ընդհանրապես ՀՀ իշխանավորներն Արցախի մասին խոսելիս չեն օգտագործում «հանրապետություն» արտահայտությունը, որն ընդգծում է Արցախի՝ որպես սուբյեկտի կարգավիճակը: Պատահական չէ, որ Ալիեւը վերջերս իր հարցազրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն՝ չբարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը: Ու սրանով ՀՀ իշխանությունները կրկին ապացուցում են, որ Ալիեւը ճիշտ է ասում:
Ընդհանրապես, որքան էլ փորձում ենք անտեսել կամ չհավատալ թշնամի երկրի իշխանությունների հայտարարություններին եւ հավատալ սեփական երկրի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին, չի ստացվում: Թբիլիսիում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը կտրուկ տարբերվում էր Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունից: Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը նշում էր, որ Թբիլիսիում քննարկվել է հայկական զինուժի՝ Ղարաբաղից դուրսբերման անհրաժեշտությունը: Եվ հիմա Արմեն Գրիգորյանի հարցազրույցը փաստում է, որ ադրբեջանական կողմը ճիշտ էր, ու հենց այս համատեքստում պիտի դիտարկենք ՀՀ ԱԽՔ-ի հայտարարությունները: Այն, որ Գրիգորյանի հարցազրույցն ուղղված էր Ադրբեջանի իշխանությունների եւ անձամբ Ալիեւի քմահաճույքները բավարարելուն, ակնհայտ է: Կասկածից վեր է նաեւ, որ Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունները նոր սպառնալիքներ են ստեղծում Արցախի եւ արցախահայության համար:
Իր հարցազրույցում Հայաստանի ԱԽՔ-ն նշում է. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք․ պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»: Նախ՝ հարց է առաջանում․ ի՞նչ նկատի ունի Գրիգորյանը՝ ասելով, որ պատերազմի ընթացքում Արցախում հայտնված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ, քանի որ այսօր Արցախում ՀՀ ԶՈՒ որեւէ ստորաբաժանում չկա, իսկ ՀՀ-ից զորակոչված ժամկետային զինծառայողները, որոնց մասին խոսում է Գրիգորյանը, հանդիսացել եւ հանդիսանում են Արցախի ՊԲ-ի զինծառայողներ: ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են, որ ՀՀ-ից Արցախում զորամիավորումներ չկան: Ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանն ասում, որ ՀՀ ԶՈՒ զորամիավորումները դուրս են բերվելու մինչեւ սեպտեմբեր: Նա գիտակցո՞ւմ է, որ դրանով Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալիս պատերազմ սկսելու, գիտակցո՞ւմ է, որ այդ հայտարարությունը հակասում է ՀՀ իշխանությունների՝ նախկինում արած հայտարարություններին:
Բացի դրանից, ի՞նչ ստորաբաժանումների մասին է խոսում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, արդյո՞ք նա նկատի ունի պատերազմից հետո Արցախում մնացած ԱՀ պաշտպանության բանակի փոքրաթիվ զինտեխնիկան ու սպառազինությունը: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը նկատի ունի նաեւ ՀՀ-ում գրանցված եւ ՊԲ-ում ծառայող պայմանագրային զինծառայողներին ու սպաներին: Այս կասկածները հիմնավորում է հենց Արմեն Գրիգորյանը՝ իր հարցազրույցի եզրափակիչ մասում: Հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում հայաստանյան ժամկետային զինծառայողներ չեն լինելու, նա պատասխանում է. «Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու»։
Ճշգրտող հարցին, թե վերը նշվածը վերաբերում է նաեւ պայմանագրայի՞ն զինծառայողներին, Գրիգորյանն ասում է. «ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ»։ Որից հետո հարց է հնչում. «Նաեւ Հայաստանի՞ց»։ Արմեն Գրիգորյանը տալիս է հետեւյալ պատասխանը. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»:
Սա ոչ այլ ինչ է, քան փաստացի հայտարարություն, որ Արցախի ՊԲ-ում ծառայող եւ ՀՀ գրանցում ունեցող պայմանագրային զինծառայողներն ու սպաները չեն կարող այլեւս ծառայել ՊԲ-ում: Ուշադրություն դարձրեք հարցերի հերթականությանն ու պատասխանների բովանդակությանը: Սրանով Գրիգորյանը շեշտում է նաեւ, որ, այսպես ասած, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումը վերաբերում է ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլ նաեւ պայմանագրայիններին ու սպաներին: Գրիգորյանի պատասխանում նշված՝ «Հայաստանից պայմանագրայիններ չեն զորակոչվում» ձեւակերպումը նշանակում է, որ ԱՀ ՊԲ-ում ծառայող՝ ՀՀ գրանցում ունեցող անձինք այլեւս ՀՀ-ի համար զինծառայող չեն համարվելու, քանի որ, անկախ նրանից, որ այդ անձինք հանդիսանում են ՊԲ զինծառայողներ, բայց նրանց զորակոչը ՀՀ-ում է կատարվել, այսինքն՝ գրանցված եւ զորակոչված են ՀՀ զինկոմիսարիատներում: Իսկ Գրիգորյանի այն շեշտադրումը, որ «ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում», փաստացի նշանակում է, որ եթե ՀՀ-ում գրանցված քաղաքացին ցանկություն ունենա զինծառայություն անցնել Արցախի ՊԲ-ում, պետք է գրանցումը փոխի՝ դուրս գա ՀՀ գրանցումից ու գրանցվի Արցախում: Իսկ եթե ՀՀ-ում գրանցված անձինք ցանկանան ծառայել Արցախում, ապա այս տրամաբանությամբ նրանք կդառնան վարձկաններ:
Ահա, հենց սա է ՀՀ ԱԽՔ-ի արտահայտած մտքերի իրական իմաստը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԽ քարտուղարի այն մտքերին, թե ՊԲ-ն շարունակելու է զորակոչը եւ պայմանագրայինների հավաքագրումն Արցախի քաղաքացիներից, ապա սա պարզապես ծաղր է: Հակիրճ մեկ բան նշեմ: Նախքան 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ էր 25 հազարից մինչեւ 30 հազար զինծառայող, ընդ որում՝ այդ սահմանները կահավորված էին խրամատներով, ականապատ դաշտերով եւ այլն։ Այսօր Արցախի սահմանները երկարել են առնվազն 2,5 անգամ, ու առանց կահավորման, խորդուբորդ սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 80 հազար զինծառայող: Եթե Արցախում բոլոր տղամարդիկ՝ 10 տարեկանից մինչեւ 70 տարեկանը, զենք վերցնեն ու գնան սահման, նույնիսկ այդ դեպքում այն չի բավականացնի սահմանները պաշտպանելու համար։ Եթե նույնիսկ կանայք էլ զենք վերցնեն ու սահմանին կանգնեն, նույնպես բավարար չի լինի:
Կարծիքներ