Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պատասխանատվություն կստանձնի՞
Փաշինյանի իշխանությունն առանց ամոթի խոսում է կոռուպցիոն ռիսկերի կամ կոռուպցիայի դիմաց պատասխանատվության մասին: Երկիրը կոռուպցիոն մի կաթսայի վերածած վարչակարգը, որտեղ արվածի համար պատասխանատվությունը զրոյական է, եթե, իհարկե, չես գործել գլխավոր կոռուպցիոներից գաղտնի` թաքցնելով նրանից կոռուպցիոն եկամուտներդ, շարունակում է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ խոստովանելով, որ դա արվում է ինչ-որ միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի պահանջներով, որոնց տակ եւս կա Հայաստանի ստորագրությունը:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի ստորագրությանն է ներկայացվել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերլուծության եւ կառավարման հայեցակարգը եւ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը ծայրից ծայր անիմաստ մտքերի ու որեւէ հետեւանք չառաջացնող նախաձեռնությունների շարադրանք է: Դրան հարկ չէր լինի անդրադառնալ, եթե նախագծի հեղինակները տեքստում չներկայացնեին կոռուպցիայի միջազգային բնութագիը. «Կոռուպցիայի առաջացման պատճառների ամենահաճախ հանդիպող ձեւակերպումներից մեկը տրված է Կլիտտարդի, Մակլին-Աբարոայի եւ Պերրիսի կողմից. «Կոռուպցիան հանցագործություն է, որի հիմքում ընկած է բացառապես հաշվարկ: Մարդիկ հակվածություն են ստանում կոռուպցիայի նկատմամբ, երբ ռիսկը ցածր է, պատիժը՝ փափուկ, իսկ ստացվող օգուտը՝ շոշափելի»: Այս պնդումը կարելի է ներկայացնել հետեւյալ հավասարման տեսքով` կոռուպցիոն ռիսկը = գործառույթի մոնոպոլիա + հայեցողական լիազորություններ – պատասխանատվություն: Այս ձեւակերպումները շատ ճիշտ բնորոշում են փաշինյանական իշխանության իրական էությունը:
Փաշինյանն այս փաստաթուղթը ստորագրելիս հաստատ քմծիծաղ կտա, որովհետեւ ինքը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի անպատասխանատվություն է տիրում երկրում, որովհետեւ եթե պատասխանատվության մեխանիզմը փոքր-ինչ գործեր, ինքը վաղուց չպետք է զբաղեցներ վարչապետի պաշտոնը: Իր կողմից նշանակված երկու նախարարներ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, այս պահին գտնվում են անազատության մեջ: Կալանավորված ու ազատազրկված են Փաշինյանի իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս: Նրանք բոլորը մեղադրվում են կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնեական դիրքի հանցավոր չարաշահումների հետ կապված հանցագործությունների մեջ:
Թվում է՝ ամեն ինչ նորնալ է. նրանք հանցագործություն են կատարել եւ դրա համար պատիժ են կրում: Բայց ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել նրանց այդ պաշտոնին նշանակող վարչապետ Փաշինյանը։ Ոչ մի: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական ներկայացրեց միայն այն բանի համար, որ խորհրդարանում պահպանողական խմբակցության ղեկավարի տեղակալը ներքաշվել էր սեքս սկանդալի մեջ․ մարդը, մի քանի բաժակ խմած, չամռվել էր ինչ-որ տղամարդկանց: Ջոնսոնը չէր Կրիս Փինչերին նշանակել այդ պաշտոնին, բայց նա՝ որպես Պահպանողական կուսակցության ղեկավար, իրեն պատասխանատու է համարում կուսակցության յուրաքանչյուր բարձրաստիճան ֆունկցիոների պահվածքի համար: Ջոնսոնը մի պահ ուզում էր փաշինյանություն անել եւ հայտարարել, որ ինքը պատասխանատու չէ Փինչերի գործողությունների համար, բայց այդ պատասխանատվությունը իրենց վրա վերցրին կառավարության մյուս անդամները՝ հայտարարելով իրենց հրաժարականի մասին, դրանով դժվար կացության մեջ դնելով Ջոնսոնին: Փաշինյանական իշխանության բարձրաստիճանները ոչ միայն կոռուպցիայի, այլեւ, ըստ հավաստի լուրերի, տարբեր սեքս-պատմությունների մեջ էլ են թաղվել, եւ դրանց ձայնն էլ շուտով կլսենք։
Հայաստանում հնարավո՞ր է, որ կառավարության անդամները հրաժարական տան՝ պարտադրելով, որ նման քայլի դիմի նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Փաշինյանը՝ ընդհակառակը, անընդհատ իր թիմի անդամներին սպառնում է, որ իր հրաժարականի դեպքում նրանք վերածվելու են բոմժերի, իրենք ոչնչություն են, եւ իրենց գոյության միակ երաշխիքն ու պաշտպանն ինքն է: Այն պահին, երբ ինքը չի լինի վարչապետ, նրանք կոչնչանան եւ կդառնան դդում, ինչպես «Մոխրոտիկ» հեքիաթի միջի դդումի վերածված կառքը:
Ինչպե՞ս կարող է Փաշինյանը հրաժարական տալ, կամ ինչպե՞ս կարող է փաշինյանական թիմը նրան հրաժարական պարտադրել, եթե նրանց գոյությունը` քաղաքական եւ ոչ միայն, պայմանավորված է Փաշինյանով: Ի՞նչ պատասխանատվության մասին կարող է խոսք լինել մի համակարգում, որտեղ տիրոջ եւ ծառայի կամ, ավելի ճիշտ՝ «արարիչ աստծո» եւ նրա արարչագործության հետեւանքով ստեղծված էակների հարաբերություններ են տիրում: Փաշինյանն ինչպես ոչնչությունից ստեղծել է նրանց, այնպես էլ կոչնչացնի, եթե նրանք մեղք գործեն ու, «արարչի» աչքից թաքուն, փորձեն ինչ-որ բան փախցնել: Այնպես, ինչպես փորձեցին անել Տոնոյանն ու Փիլոյանը: Բայց բարձրյալի աչքից ոչինչ չի վրիպում, պատիժը վերահաս է ու անխուսափելի: Դրա համար նրանք նստած են ի ցույց բոլոր թիմակիցների եւ ի սարսափ նրանց, ում մտքով կանցնի գնալ մեղքի ճանապարհով:
Երբ դատարանները քո գրպանում են, իրավապահ համակարգն ամբողջովին ենթարկվում է քեզ, իսկ խորհրդարանական մեծամասնությունն աստվածացնում է քեզ ու կատարում քո ցանկացած քմահաճույքը, ի՞նչ պատասխանատվության մասին կարող է խոսք լինել՝ լինի դա կոռուպցիոն ռիսկ, թե մի ամբողջ երկիր մաս-մաս թշնամուն հանձնել:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ