Ինչու հրաժարվեցին արտահերթ ընտրությունից

Ինչու հրաժարվեցին արտահերթ ընտրությունից

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իբր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իբր վարչապետից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իբր իշխող ուժը հետ կանգնեց իբր արտահերթ ընտրություններ անցկացնելու իբր գաղափարից:

«Ինչ-որ առանձին քաղաքական ուժեր, որոնք անհամաձայն գտնվեցին արտահերթ ընտրության գնալու, ազդել են Ձեր, Ձեր քաղաքական ուժի տրամադրությունների վրա, Դուք էլ՝ չգիտեմ ինչ ուսումնասիրությունների հիման վրա կայացրել եք որոշում, որ այս պահին նպատակահարմար չեն այդ ընտրությունները»,- հարցրեց իբր անկախ պատգամավորը: Իբր վարչապետն էլ իբր պատասխանեց այդ իբր հարցին. «Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ եւ ի սկզբանե ասել ենք, որ այդ օրակարգի իրագործման համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը։ Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը, մենք ասել ենք, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ շարունակում ենք նույնկերպ առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»: Այստեղ արժե իբր վարչապետին հիշեցնել, որ խորհրդարանական ուժերը, մեր ունեցած տեղեկություններով, չեն մերժել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը:

Ասեմ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն առաջինը բարձրացվել է Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհային քարտեզով, որին հաջորդել են ՀՀ նախագահի, զույգ կաթողիկոսների, ՀՀ ԳԱԱ, Երեւանի պետական համալսարանի, բազմաթիվ այլ կազմակերպությունների եւ նույնիսկ Էդմոն Մարուքյանի ճանապարհային քարտեզները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ պահանջով: Այնպես որ, պարոն իբր վարչապետ, ԱԺ-կառավարություն իբր հարցուպատասխանի ժամանակ ձեր տված իբր պատասխանն ամենաիսկական մանիպուլյացիա է եւ ուրիշ ոչինչ: Ես գուցե համաձայնեի Ձեզ հետ, եթե ասեիք, որ Դուք եւ մնացյալը տարաձայնություն եք ունեցել փոքրիկ, բայց ձեզ համար շատ կարեւոր մի նյուանսի հետ կապված: Նրանք պահանջում էին վարչապետի հրաժարական եւ նոր միայն արտահերթ ընտրություններ, մինչդեռ Ձեր պնդումները ու խորհրդարանական ուժերի հետ քննարկումները բոլորովին այլ ընթացակարգի մասին էին:

Եվ ուրեմն կփորձենք ինքներս պատասխանել իբր պատգամավոր Արման Բաբաջանյանի իբր անհանգստությանը, թե այդ ինչ ուսումնասիրությունների հիման վրա է Փաշինյանը կայացրել արտահերթ ընտրություններից խուսափելու որոշում: Բաբաջանյան Արմանը, կարծում եմ, հրաշալի գիտի, որ իր քանդած երկրում տակավին գոյություն ունի Ազգային անվտանգության ծառայություն, որի բաժանմունքներից մեկը, թույլ տվեք պայմանականորեն այն անվանենք «հասարակական կարծիքի ուսումնասիրության վարչություն», անգիր գիտի, թե ինչպիսի վարկանիշ ունի երկրի տվյալ պահի ղեկավարը, եւ նրա մասին ինչ է մտածում ժողովուրդը: ԱԱԾ փաստաթղթերով որպես օտարերկրյա գործակալ անցնող Արման Բաբաջանյանը, փաստորեն, անհարմար վիճակի մեջ է դրել վարչապետին իր հարցով, որից այն տպավորությունն է ստացվում, թե Փաշինյանը որոշումներ է կայացնում հենց այնպես, ըստ այդ օրվա տրամադրության:

Ինչեւէ, իբր վարչապետն այսպես սփոփեց իբր անկախ պատգամավորին. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա, որ մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես, պայմանականորեն ասած՝ հանգուցալուծում։ Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել որպես էսկալյացիա եւ ապակայունացնող գործոն։ Նաեւ հարցեր էին հնչում, քննարկվում էր դա, որ կառավարությունը չի վստահում «Իմ քայլը» խմբակցությանը։ Ամենատարբեր շահարկումներ էին տեղի ունենում։ Մենք արձանագրեցինք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն, եւ մենք շարունակում ենք հրապարակված ճանապարհային քարտեզի իրագործումը»: «Ֆինիտա լա կոմեդիա», ինչպես ասում են, «кино не будет»: Արտահերթ ընտրություններ չեն լինի, արտահերթ ընտրությունների պահանջ չկա:

Փաշինյանը, ինչպեսեւ հատուկ է իրեն` ստեց, ստեց արտահերթ ընտրությունների պահանջի հարցում՝ հղում կատարելով իր հրապարակած ճանապարհային քարտեզին, որով իբր իրավիճակ պետք է կարգավորվի: Մինչդեռ 15 կետից բաղկացած այդ քարտեզը, որով իբր պետք է 6 ամսում կայունացվեր իրավիճակը երկրում, արդեն գրեթե մոռացվել է, մոռացվել է, որովհետեւ դրա հրապարակումից 3 ամիս է անցել, իսկ կետերից ոչ մեկը չի կատարվել: Այսուհանդերձ, խորհուրդ եմ տալիս գտնել ու կարդալ այդ փաստաթուղթը, քանի դեռ չեն հեռացրել համացանցից: Քաղաքական սատիրայի ժանրի եզակի ստեղծագործություն է:

ՀԳ. Չգիտեմ, ձեզ համար պարզ դարձա՞վ, թե ինչու իշխանությունները հրաժարվեցին արտահերթ ընտրությունների մտքից: Այո, տակներն էին արել՝ հասկանալով, որ Նիկոլի հետ լինի, թե առանց Նիկոլի, իրենց կրելու են եւ նետեն արեւի տակ չորանալու: Եթե ես լինեի Աղվան Վարդանյանի փոխարեն, կկարգադրեի ստուգել ոչ թե քայլիստների զրահաբաճկոնները, այլ զրահափամփերսները, այսպես ասած՝ քաղաքավարական այցի շրջանակներում: