Դեսպանը որոշել էր բերել «Դարբինյանի գլուխը», բայց նրան խորհուրդ են տվել հետ քաշվել

Դեսպանը որոշել էր բերել «Դարբինյանի գլուխը», բայց նրան խորհուրդ են տվել հետ քաշվել

Հայ-ռուսական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է՝ բուհի դեմ հյուսվող դավերին որոշակի աջակցություն է ցուցաբերել ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Կոպիրկինը՝ հանդես գալով Սերժ Սարգսյանի ժամանակների Պյոտր Սվիտալսկու կերպարում, որը չնայած իր հնչեցրած քննադատություններին, շատ լավ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ։

Անգամ կա տեղեկություն, որ վերջինս խոստացած է եղել իշխանություններին բերել «Դարբինյանի գլուխը», երբ ռուսական կողմը պլանային ստուգումներ կանցկացնի բուհում եւ ինչ-որ բան կգտնի՝ Դարբինյանի հեռացման հիմքերը պատրաստելու համար։ Սակայն Արմեն Դարբինյանն ինքն էլ ձեռքերը ծալած չի նստել ու, մեկնելով Մոսկվա, ըստ մեր աղբյուրների, տարբեր շրջանակների հետ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել, որի արդյունքում պարոն Կոպիրկինին հորդորել են հետ քաշվել։ 

Բայց Արմեն Դարբինյանը որոշել է քաղաքական նիկոլիզմը Հայաստանում «քոքահան անելու» խոստումը կատարել եւ «ռեսթարթ» անել իր ստեղծած «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, որը չնայած իր 20 եւ ավելի տարիների գոյությանը, երկար տարիներ պասիվ է եղել։ Ըստ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի, կուսակցության նախագահ «Արմեն Ռազմիկի Դարբինյան»-ի կողքին նշված է․ «Քարտուղար՝ Ստեփան Ծաղիկյան»։ Նշված հեռախոսահամարով զանգեցինք, մեզ պատասխանեց աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանը, որին հարցրինք, թե պատրաստվո՞ւմ են արդյոք կրկին ակտիվացնել կուսակցությունը։ Պարոն Ասատրյանն ասաց՝ այո, բայցեւ ավելացրեց․ «Տեսնենք, հիմա այս վիճակից ելնելով՝ կորոշենք, դեռ չենք որոշել, բայց հավանականությունը շատ մեծ է»։

Հետո, հավանաբար, մտածեց, որ կուսակցության ղեկավարի «դաբրոն» չունի, ու սկսեց թեական խոսել կուսակցության ռեսթարթի մասին եւ ավարտին ասաց, թե դեռ ոչինչ որոշված չէ, Արմեն Դարբինյանն էլ անձամբ իրենց ոչինչ չի հայտնել այդ մասին։

Նշենք, որ «Արժանապատիվ ապագան», չնայած շուրջ 25 տարվա պատմություն ունի, միայն 2 անգամ է մասնակցել ընտրություններին՝ 1999 եւ 2003թթ․ խորհրդարանական ընտրություններին, եւ փաստելով դրանց արդյունքների անարժանահավատությունը՝ հայտարարել է, թե հետագայում հրաժարվելու է քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցությունից՝ անիմաստ համարելով դա։ Իսկ 2018-ին, արդեն իշխանափոխությունից հետո, «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը նպատակահարմար չէր համարում ռեսուրսները վատնել՝ իշխանության համար պայքար մղելու ուղղությամբ, եւ հայտարարում էր, որ «Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին պետք է հնարավորություն տալ լիարժեք դրսեւորվելու եւ սեփական ծրագրերն իրագործելու համար»։

Ավելին՝ հայտարարության մեջ նշված էր, որ 2018-ին իշխանության եկած (այն ժամանակ օգտագործվում էր «հեղափոխություն» բառը) քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձեւավորելու եւ ամբողջական քաղաքական պատասխանատվություն կրելու իրավունքը: Ինչպես հիշում ենք, այն ժամանակ Արմեն Դարբինյանը, ինչպեսեւ շատ-շատերը, ողջունում էին քաղաքական փոփոխությունները։ Ավելին՝ հայ-ռուսական համալսարանի ուսանողությունն ամենաակտիվներից էր «Սերժին մերժելու» գործում։ Սակայն նոր Հայաստանի իրականությունը ժամանակի ընթացքում բացեց իր երբեմնի ջերմեռանդ պաշտպաններից շատերի աչքերը, եւ Արմեն Դարբինյանը Փաշինյանին «ձոնած» իր գրառումներից եկավ հանգրվանեց Նիկոլ Փաշինյանի թշնամիների ցուցակում։ Արդյունքում՝ հարկայինի ստուգումներ, ԱԱԾ-ի կողմից մեսիջներ, որ թողնի հեռանա, ապա՝ ՌԴ դեսպանի ներքաշում։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ից առաջ Արմեն Դարբինյանին այդ մասին հայտնել է ԿԳՄՍ բարձրաստիճան մի պաշտոնյա, որին Դարբինյանը կոպիտ հայհոյանքներով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից։

ՀԳ․ Մենք կապվեցինք պարոն Դարբինյանի հետ՝ նրանից եւս մեկնաբանություններ ստանալու, սական նա, նշելով, որ շատ հարգում է թերթը, լրագրողներին ու խմբագրին, ավելացրեց, որ հարցազրույցներ չի տալիս եւ ասելիք ունենալու դեպքում գերադասում է գրել իր ֆեյսբուքյան էջում։ Նշեցինք, որ ընդամենը մեկ հարց ունենք՝ կուսակցությունը վերաակտիվացնելու եւ իր մոսկովյան հանդիպումների մասին, Դարբինյանն ասաց, որ չի հաստատում։