Տարօրինակ «անշահախնդիր» միջնորդը

Տարօրինակ «անշահախնդիր» միջնորդը

Այս դժվար ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսը քայքայում է շատ պետությունների տնտեսությունները, սասանում իշխանությունների հիմքերը, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սկսել է մեծ ուշադրություն դարձնել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Մեր «բարեկամի» այդ մղումներն ինձ խիստ կասկածելի են թվում: Ամեն դեպքում, լավ բանի ակնկալիքներ չկան: Հարցերն ավելի շատ են: Ի՞նչ է ստացվում՝ համաշխարհային շուկաներում նավթի եւ գազի գնանկումը Կրեմլին ավելի քիչ է հետաքրքրում, քան հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները: Ռուսաստանը, շատ այլ պետությունների նման, բախվել է համաճարակով պայմանավորված լուրջ խնդիրների՝ գործազրկություն, առողջապահական խնդիրներ, էներգակիրների արտահանման պահանջարկի նվազում եւ գնանկում: Եվ այս ամենի ֆոնին Լավրովը վերցնում եւ հայտարարություններ է անում, այն էլ՝ այնպիսի, որոնք խառնում են հայաստանյան քաղաքական-քաղաքացիական անդորրը:

Դուրս է գալիս, որ ռուսները կարծում են, թե համաճարակային խառնաշփոթի մեջ հակամարտող կողմերը տնտեսական կատաստրոֆիկ ռիսկերը կանտեսեն եւ կսրեն իրադրությունը, եւ Ռուսաստանը պետք է րոպե առաջ կանխի ռազմական բախումները՝ խնդիրները կարգավորելով փուլային տարբերակով: Լո՞ւրջ: Մի՞թե Ռուսաստանը ենթադրում է, որ այս իրավիճակում Ադրբեջանը կփորձի ռազմական ճանապարհով հետ բերել կորցրածը, իսկ իր «դաշնակից» Հայաստանը, ներքաշվելով ավանտյուրայի մեջ, կհայտնվի ծանր կացության մեջ: Եվ հիմա Կրեմլը, միայն իրեն յուրահատուկ խաղաղասիրությամբ եւ ազնիվ մղումներից դրդված, մոռանալով սեփական խնդիրները՝ ջանք չի խնայում լուծելու արցախյան հիմնախնդիրը: Եվ չի մոռանում ազերիներին կոչել իր հավատարիմ գործընկեր՝ շեշտելով, որ ընդունում է նրա տարածքային ամբողջականության թեզը, իսկ իր «դաշնակից» հայերին էլ ակնարկում է, որ պետք է հաշվի առնել ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

Եվ մենք, լինելով ագրեսիայի զոհ, հետագայում հաղթանակած կողմ՝ պետք է լսենք ինչ-որ փոխզիջումների մասին ռուսական տրա-լյա-լյա-ն: Անհեթեթության հասնող համոզվածություն: Մի քիչ շատ մեծ կարծիքի չէ՞ իր մասին պաշտոնական Կրեմլը: Անձամբ ինձ անհանգստացնում է ոչ թե փուլային կարգավորման փաստաթղթի առկայությունը, այլ ուրիշ բան:

Առաջինը․ ինչպես նշեցի, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ժամանակ համանախագահ երկրներն իրենց ուշադրությունը սեւեռել են սեփական խնդիրների վրա, բացի Ռուսաստանից, որի «առաջնային» խնդիրը մենք ենք դարձել:

Երկրորդը՝ նման «ուշադրության» արժանանում ենք այն ժամանակ, երբ Արցախում ընտրական խմորումներ են, քաղաքական դերերը բաշխված չեն, ճամբարները հստակեցված չեն:
Բայց կրկին վերադառնանք Ռուսաստանին: Ավելի քան համոզված եմ, որ այս երկրի ձեռքում չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման բանալին, ավելի շուտ՝ նրա ձեռքում է կոնֆլիկտի չկարգավորման մի ողջ գործիքակազմ: Լինելով մեր վայ-դաշնակիցը, ունենալով պայմանագրերով ամրագրված պարտավորություններ, ընդհուպ մինչեւ ռազմական աջակցություն, պաշտոնական Մոսկվան երբեւիցե ոչ մի դատապարտող բանաձեւ չի ընդունել՝ ուղղված ադրբեջանական ռազմական սադրանքներին, խոսք չի հնչեցրել կամ քայլեր չի ձեռնարկել ի նշան բողոքի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության եւ մեր խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ոճրագործությունների դեմ: Ռուսաստանը մեծ ծավալի զենք է վաճառում Ադրբեջանին, դրանց մեջ մեծ տոկոս են կազմում հարձակողական նշանակության զինատեսակները:

Հիշեցնեմ նաեւ՝ այսպես ասած, կոնֆլիկտի կարգավորման հանձնախմբի երկրներից մեկը զենք է վաճառում կոնֆլիկտի կողմերից մեկին, իսկ մյուս կողմին մատակարարում անորակ զենքի խոտան՝ մեծ վարկերով։ Այսինքն՝ մեզ, որ իր ռազմական դաշնակիցն ենք: Սրանից մեծ պարադո՞քս: Ռուսաստանն անընդհատ խաղում է հակամարտության կողմերի հետ՝ առաջ մղելով միմիայն սեփական բիզնես եւ քաղաքական շահերը, ձեռքի հետ էլ թուրքերի ականջն է շոյում՝ տարածքային ամբողջականության, մեզ ազգերի ինքնորոշման մասին հեքիաթներով: Նույնիսկ խնդրին մակերեսային տեղեկացված ցանկացած մեկի համար պարզ է, որ նման միջնորդի գոյությունը՝ նման իրարամերժ գործելաոճով, աբսուրդ է: Ռուսաստանը չի կարող միջնորդի դեր ստանձնել, երբ հակամարտության կողմերից յուրաքանչյուրին զինելով՝ պնդում է, որ հարգում է նրա մի իրավունքը, ինչը հակասում է մյուսի դիրքորոշմանը՝ 100 տոկոսով: Այդ երկիրը Մինսկի համանախագահների խմբում անելիք չունի, նա անկողմնակալ եւ անաչառ չէ: Ավելին, իր պետական քաղաքականությամբ նպաստում է կոնֆլիկտի մշտապես թեժ մնալուն: Ի՞նչ միջնորդության մասին է խոսքը, երբ միջնորդը՝ ինքը եւս ներքաշված է մի քանի հակամարտությունների մեջ՝ ուղղակի մասնակցությամբ կամ անուղղակի աջակցությամբ: Ինչպե՞ս կարող է այդ երկիրն անշահախնդրորեն հաշտեցնել երկու հակառակորդներին, երբ մեկի հետ սերտ բիզնես համագործակցություն ունի, իսկ մյուսի հետ «ռազմավարական դաշնակից» է: Նույնիսկ տեսականորեն նման միջնորդությունն անհնար է պատկերացնել:

Մինսկի խումբը եւ մանավանդ Ռուսաստանը միշտ հավասարության նշան են դնում մեր եւ ադրբեջանցիների միջեւ, եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը միշտ հանդես է գալիս հրադադարի ռեժիմի խախտման, լայնածավալ ռազմական ագրեսիայի, սադրանքների, խաղաղ բնակավայրերի գնդակոծման դիրքերից: Ո՞ւմ է պետք նման կարգավորման հանձնախումբը, երբ միշտ հավասարություն է դրվում հարձակվողի ու պաշտպանվողի միջեւ: Երբ կոչ են անում խաղաղության, բայց համանախագահող երկրներից մեկն ակտիվորեն զինում է հակամարտող կողմերին: Երբ, ըստ պայմանագրերի, պարտավոր է պաշտպանելու դաշնակցի շահերը, բայց լուռ խրախուսում է նրա հակառակորդին: Այս հարցերին տրամաբանական պատասխան կա՞:

Ինչպե՞ս կարող է նման երկիրն անաչառ միջնորդությամբ հաշտեցնել կռվող կողմերին: Կասկածելի եւ անվստահելի քաղաքական ռեպուտացիայով մի երկիր, ով բոլորովին վերջերս Ղրիմը բռնակցեց իրեն, տաք է պահում ուկրաինական քաղաքացիական պատերազմը, անջատողականության կոնֆլիկտը, քիթը խոթել եւ չի հանում Մերձդնեստրի խնդրից, սիրիական պատերազմից, լիբիական հակամարտությունից, մի խոսքով՝ ամենուր, որտեղ կարելի է զենք վաճառել եւ թալանել բնական ռեսուրսները: Այդպիսի երկիրն արդյոք կարո՞ղ է խաղաղություն քարոզել եւ հաշտեցնել: Ոչ, իհարկե, չի կարող: Այդ երկիրը շարունակ փորձում է համաշխարհային խաղի կանոնները հարմարեցնել սեփական շահերին՝ հանդես գալով երբեմնի ԽՍՀՄ-ի իրավահաջորդի դիրքերից, որտեղ մեր ինքնորոշման իրավունքը, պատմական արդարությունը, այն ամենը, ինչը մեր ազգային պայքարի հիմնաքարերն են, իր համար ընդամենը սեփական խաղի ատրիբուտներն են, որոնք կարող են փոփոխվել ադրբեջանական նավթի գների վերուվարումներին զուգահեռ:

Կարեն ՄԵԼՅԱՆ