Փախուստ իրականությունից

Փախուստ իրականությունից

Չգիտե՛մ, պարետատունը կանոններ սահմանե՞լ է վանքեր, սրբավայրեր մեկնող ուխտավորների անվտանգությունն ապահովելու, դիմակներով ու ձեռնոցներով աղոթելու, Աստծո հետ խոսելու վերաբերյալ, բայց երեկ, երբ Արայի լեռան ստորոտում, դեպի Ծաղկեվանք տանող ճանապարհին տեսա մեքենաների մի քանի կիլոմետր ձգվող քարավանը, հասկացա, որ նրանք բոլորը մեզ նման փախչում են իրականությունից: Գնում են ապավինելու լեռանը, գնում են մի պահ ներդաշնակություն ու խաղաղություն գտնելու, գնում են լվացվելու Վարվառա կամ Ծաղիկ կույսի արցունքներով, գնում են մաքրագործվելու, բուժվելու, թոթափելու ատելության, վրեժխնդրության մաղձը: Գնում են վերագտնելու իրենք իրենց: Հազարավոր ուխտավորներից ոչ ոք դիմակով չէր: Հեռու քաղաքական քաոսից, վայրիվերումներից, ներկայացումներից, համավարակից, անորոշությունից, լարվածությունից, բոլոր տեսակի դժվարություններից:

Յուրաքանչյուրին թվացել էր, թե ուխտավորներ քիչ կլինեն, ու արդյունքում՝ հարյուրավոր մեքենաներ, հազարավոր ուխտավորներ: Ակնհայտ է, որ բոլո՛րն են հոգնած ու նյարդայնացած ստեղծված իրավիճակից, հոգսերից, պարետատան թարսուշիտակ, ձեւական կանոններից, կառավարության ավել-պակաս որոշումներից, քաղաքական, սոցիալական այն փակուղուց, որի առաջ կանգնած է երկիրը: Բոլորն էին համոզված, որ լեռան վեհությունն ու ծաղկած խնձորի այգիների գեղեցկությունը, շնկշնկան քամին ու հնամենի սրբավայրն իրենց անխոցելի կդարձնեն բոլոր տեսակի վարակների հանդեպ:  

Արդյոք իրականում որեւէ մեկը վարակվե՞ց այդ չափազանց մարդաշատ ուխտագնացության ընթացքում, փոքրիկ միստիկ քարանձավում, որտեղ իշխում էին սոցիալական մտերմությունը, սերը, նույնականության զգացողությունը, որտեղ կանայք պլաստիկ շշերով ու շերեփով արցունք էին աղերսում՝ ցամաքած աչքերով սուրբ կույսից: Չգիտեմ:

Դրսում՝ քարանձավի պատից, կանաչ թելերով հյուսված մի խաչ էր կախված: Ինձ համակած միստիցիզմը հուշեց, որ երբ մեր ժողովուրդը քանդել է խճճված թելերը, բարդ թնջուկները, այդ թելերով խաչ է հյուսել: Մենք չենք կարող ատելության ու անհանդուրժողականության գերի լինել: Իշխանության որդեգրած մոլագար անսխալականության բանտարկյալը լինել: Այս անգամ էլ հանգույց առ հանգույց կքանդվի թնջուկը, ու կհյուսվի եւս մեկ խաչ ու մեր հավատո հանգանակը:
Չգիտեմ, ես՝ ինքս, վարակվեցի՞ այդ արտառոց փախուստի ընթացքում, թե ոչ, բայց բացահայտեցի մի զարմանալի օրինաչափություն. մեր վանքերը կառուցված են փակուղիների վերջում, որտեղ, կամա թե ակամա, նայում ես երկնքին:  

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ