Իզուր վիրավորվեն, դառնան հաշմանդա՞մ. էս վերաբերմունքից հետո մենք մյուս սերունդին խորհուրդ չենք տա

Իզուր վիրավորվեն, դառնան հաշմանդա՞մ. էս վերաբերմունքից հետո մենք մյուս սերունդին խորհուրդ չենք տա

Այո, մենք նվիրյալներ ենք, որովհետև մենք շատ բան ենք արել մեր պետության համար։ 15 օդաչու է զոհվել մեզնից, բայց փաստորեն անշնորհակալ գտնվեցին մեր նկատմամբ։ Մեզ ոչ ոք չի մոտենում, չեն ասում՝ էս ինչի եք հավաքվել, երևի չեն մոտենում,որ կրակը չընկնեն։ Այս մասին քիչ առաջ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Ռազմիկ Գասպարյանը։ Նշենք, որ հաշմանդամ օդաչուներն են ակցիա իրականացնում՝ պահանջելով փոխհատուցում, ասում են՝ 2006-ից չեն ստացել։

«Շատ ցավալի է, որ անտարբեր են։ Ես Աֆղանստանի հետ ի՞նչ գործ ունեի։ Զուտ իմ պետությունը առաջարկեց, միայն չորս հոգի համաձայնեցին, դրանցից մեկը ես եմ եղել։ Չորս ռեյս եմ կատարել, որ մինչեւ այդ մի քանի անձնակազմերի օդում խփել գցել էին, բայց ես էդ ամենը իմանալով էլի թռել եմ։ Ես դա իմ բնավորությամբ եմ արել, զգացմունքներով ու նվիրումով։ Էս ղեկավարությունը չի հասկանու՞մ, որ մեր նկատմամբ էս վերաբերմունքից հետո մյուս սերունդը չի գնալու, որովհետև հենց մենք խորհուրդ չենք տա, թույլ չենք տա, իզուր վիրավորվեն, դառնան հաշմանդա՞մ»,- հավելեց Գասպարյանը։