Սոչին հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ

Սոչին հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ

Սոչիում կայացած անիմաստ, անպտուղ հադիպումն ու հրապարակված հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում են այն թեզը, որ, ամենատարբեր պատճառներով, իրավիճակը հետզհետե դուրս է գալիս Ռուսաստանի վերահսկողությունից։ Չմոռանանք, որ այդ հապճեպ հանդիպման մասին ազդարարվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի միջնորդությամբ ուղիղ կապ հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ, եւ կողմերը պայմանավորվեցին հանդիպել Բրյուսելում։ Եթե Ռուսաստանն իրոք լիարժեք տիրապետեր իրավիճակին, ապա վերը հիշատակվածից եւ ոչ մեկը տեղի չէր ունենա։ Նախ, տեղի չէին ունենա արյունալի բախումներ՝ ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածքում, եւ անգամ սադրանքների դեպքում էլ խնդիրն արագորեն կկարգավորվեր ռուսական տիրույթում։

Ռուսական կողմն անգամ հայտարարեց, թե ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումները տեղ չեն հասել, հետո էլ տարբեր միջոցներով ազդարարվեց, որ ՀԱՊԿ-ն չի կարող գործել ԱՊՀ-ի դեմ․ երկու դեպքում էլ գործ ունենք կատարյալ խայտառակության կամ թուլության հետ։ Կան, իհարկե, պնդումներ, թե իբր Ռուսաստանի պաշտպանության նախարարի միջամտությամբ են դադարեցվել սահմանային բախումները, բայց դա ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ գաղտագողի հեռախոսազանգերը, գաղտնի պայմանավորվածությունները նույնպես խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը անդրկովկասյան խաչմերուկում, եւ ամեն ինչ գնում է նրան, որ շուտով բանակցային փաթեթը մասամբ կտեղափոխվի այլ հարթակ։ Ինչ վերաբերում է Սոչիի հայտարարությանը, ապա դա ընկալել որպես դարակազմիկ փաստաթուղթ՝ հնարավոր էր միայն կովկասյան աշխարհընկալումների շրջանակներում։ Անգամ ռուսաստանյան փորձագետները չփորձեցին այդ ձախողված եւ անպտուղ հանդիպումը ներկայացնել իբրեւ պատմական նշանակության կարեւորագույն իրադարձություն։ Ոչ մի լուրջ, նշանակալից փաստաթղթում չեն լինում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «քննարկեցինք», «ակտիվացնել համատեղ ջանքերը», «կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել» եւ այլն։

Ակնհայտ է, որ սրանք ընդամենը ցանկություններ են, ինչը վկայում է այն մասին, որ որեւէ լուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ համենայնդեպս, հայտարարությունում դրանք ամրագրված չեն։ Առկա չեն նաեւ հստակ ձեւակերպումներով եւ պատշաճ հաջորդականությամբ շարադրված գործողություններ, իսկ նմանատիպ փաստաթղթերում սովորաբար մեծ կարեւորություն են ունենում ոչ միայն այնտեղ ներառված կետերն ու ենթակետերը, այլեւ դրանց իրագործման հաջորդականությունը։ Ավելին, փաստաթղթում բացակայում են հստակ ժամանակային շեշտադրումները, իրավական հղումները, միջազգային իրավական ձեւակերպումները, որովհետեւ այս գործընթացները՝ սկսած նոյեմբերի 9-ից, հունվարի 11-ից, շատ թույլ լեգիտիմություն ունեն։ 

Փոխարենը ամեն պարբերությունում ուղղակի ճչում են՝ գնահատում ենք ռուսական կողմին, հետագայում էլ պատրաստվում ենք ռուսական կախարդական քարտեզներով իրականացնել դելիմիտացիան ու դեմարկացիան եւ խոստանում ենք դա անել հնարավորինս երկար ժամկետում, որպեսզի ռուսական զորքերը կարողանան հավերժ գտնվել Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում։ Այդ հայտարարությամբ Ռուսաստանի հավերժ նախագահն ընդամենը կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին՝ հեռու մնալ այս ռեգիոնից, ասելով՝ «տեսնում եք՝ ինչ պրոցեսներ ենք նախաձեռնել, կոնֆլիկտի կողմերն էլ համաձայն են ստեղծված իրավիճակի հետ, թողեք հանգիստ աշխատենք՝ մի 10-20 տարի սահմանները որոշենք, այդ ընթացքում էլ Ռուսաստանը կապահովի տարածաշրջանային կոմունիկացիաների անխափան գործունեությունը»։

Ի դեպ, փաստաթղթում նշում անգամ չկա, թե կոնկրետ որ քարտեզներով են պատրաստվում իրականացնել միֆական դելիմիտացիան ու դեմարկացիան։ Մնում է հուսալ, որ գոնե լրագրողները կկարողանան պարզել, թե որ կախարդական կղզու խորհրդավոր քարանձավում են պահվում այդ կոնսպիրոլոգիական քարտեզները։ Համաձայնեք, որ սա կատարյալ խայտառակություն է, եւ մնում է միայն ափսոսալ, որ երբեմնի անպարտելի համարվող կայսրությունը խաղում է այսպիսի անհույս խաղաքարտերով՝ գաղտնի վայրերում պահվող քարտեզներով, տեղ չհասած դիմումներով, գաղտագողի հեռախոսազանգերով, զարտուղի պայմանավորվածություններով։ Միայն այն հանգամանքը, որ չմարող կոնֆլիկտների սիրահար Ռուսաստանը ձիթենու ճյուղեր է նվիրում հակամարտող կողմերին, արդեն ամեն ինչ ասում է։

Հիշեցնենք՝ ձիթենու ճյուղերից մեկը նվիրում է նրան, որի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ռուսաստանի այսպիսի՝ ոչ դաշնակցային պահվածքը պայմանավորված է մի քանի հանգամանքով․ նախ՝ Ռուսաստանի դիրքերը միջազգային ասպարեզում շատ թուլացել են, հետեւաբար՝ նրա համար գնալով ավելի են դժվարանում բազմաքայլ կոմբինացիաները։ Միեւնույն ժամանակ, ռուսները չեն ուզում բաց առճակատման գնալ թուրքերի հետ եւ փորձում են մանեւրել՝ իբրեւ թե չեն նկատում թուրքական էքսպանսիայի վտանգները։ Երրորդ եւ մեզ համար ամենագլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ռուսները բացարձակապես չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, խուսափում են նրա հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Եվ տպավորություն է, որ ռուսներն ուղղակի ժամանակ են ձգում, մինչեւ Փաշինյանի վարկանիշը զրոյացվի, Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնի իրենց համար ընդունելի մեկը։ Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, եւ մենք գնալով ավելի ենք խրվում այս բազմաշերտ ճահճում։ 

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է թաքցնել, որ հենց իր եւ Ռուսաստանի միջեւ եղած անվստահության, տարաձայնությունների պատճառով է նաեւ, որ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներն արագ լուծում չեն ստանում, բայց ակնհայտ է, որ հնարավոր չէ անվերջ թաքնվել մանիպուլյացիաների շղարշի ներքո։ Մի ամբողջ ազգ, պետություն չեն կարող անվերջ տուժել մեկ մարդու պատճառով։ Հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է գտնում, որ Հայաստանը պետք է պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին, ուրեմն Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա՝ հորդորելով իր գլխավորած քաղաքական ուժին՝ վարչապետի պաշտոնում ընտրել այն քաղաքական գործչին, ով կկարողանա Ռուսաստանի հետ լեզու գտնել եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը պետք է արագ հեռանա, որովհետեւ ակնհայտ է, որ ինքը կամ իր թիմը երբեք չեն կարողանալու նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահի եւ իշխանության հետ, եւ Հայաստանը շարունակելու է սարսափելի եւ անդառնալի վնասներ կրել։ 

Այս ամենն արդեն աղետի է վերածվել Հայաստանի համար՝ մի օր հանդիպում Սոչիում, որտեղ մեր դաշնակիցը մեր թշնամուն ավելի ջերմ է ընդունում, քան՝ մեզ։ Մի օր՝ Բրյուսել, որտեղ ոչ մի ռեալ դաշնակից չունենք, իսկ մեր դարավոր թշնամի Թուրքիան տասնյակ դաշնակիցներ ունի։ Մի օր ռուսական արտաքին հետախուզական ծառայության հետ ժողովրդավարության ներթափանցման դեմ կանխարգելիչ քայլեր ենք մշակում, հաջորդ օրը քաղաքակիրթ աշխարհի հետ մասնակցում «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, իսկ այդ ընթացքում թշնամին հարձակում է գործում մեր պետության վրա՝ զոհեր, վիրավորներ, գերիներ։ Մի կողմից, իբրեւ Ռուսաստանի դաշնակից, թիրախավորված ենք Արեւմուտքի կողմից, եւ բնական է, թե ինչու նրանք չեն սաստում թուրքերին, մյուս կողմից՝ Ռուսաստանն է մեզ՝ իբրեւ արեւմտյան նկրտումներ ունեցող պետություն, թիրախավորում։ Նիկոլ Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի․ եթե ռուսները մնում են Հայաստանում, հետեւաբար, ինքը միանշանակ հեռանում է, եւ որքան արագ, այնքան հեշտ կլինի իրեն փոխարինողի գործը։ Իսկ եթե կարծում է, որ Ռուսաստանն այլեւս վստահելի գործընկեր չէ Հայաստանի համար, եւ մենք ունենք Արեւմուտքի լիարժեք աջակցությունը, ժամանակն է այդ ուղղությամբ հստակ քայլեր կատարելու։ Հայաստանյան քաղաքական եւ հասարակական սոցիումը հարկավոր է նախապատրաստել այդ մասշտաբի տրանսֆորմացիային, եւ դրա համար իշխանություններն ահռելի աշխատանք պետք է կատարեն։ Այդ թվում լուրջ աշխատանք՝ արտաքին ճակատում։

Պողոս Պողոսյան