Գլուխները պատին են տալիս մեզ նախատողները

Գլուխները պատին են տալիս մեզ նախատողները

Վանաձորի համայնքապետի պաշտոնը զավթած ՔՊ-ն վաղը ավագանու նիստ է նշանակել, որի օրակարգում համայնքի բյուջեի, ինչպես նաեւ շուրջ 2,5 մլրդ դրամի սուվբենցիոն ծրագրի հաստատումն է։ Ավելի քան մեկ շաբաթ է իշխանական շրջանակները եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներն ու անձինք ընդդիմությանն ուղղված կոչ-հորդոր-ամոթանքներով փորձում են ստիպել, որ նիստը կայանա։ Ասում են՝ Վանաձորի ու վանաձորցու շահը պահանջում է ներկայանալ նիստին, նախատում են նիստը բոյկոտելու համար։ Ասում են, թե ընդդիմադիրներն առաջնորդվում են ոչ թե վանաձորցու շահով, այլ քաղաքական հաշվարկներով։ Իրականում ՔՊ-ի փորացավը ոչ այնքան ժողովուրդն է ու նրա խնդիրներին օր առաջ լուծում տալը, այլապես ամիսներ շարունակ ամեն հնարավոր մեթոդներով կաթվածահար չէին անի համայնքի կյանքը, չէին բռնանա քաղաքի բնակիչների ավելի քան 40 տոկոսի կամքի վրա, որը դեկտեմբերի ընտրություններին իր ձայնը տվել էր Մամիկոն Ասլանյանին։ Բանն այն է, որ հուլիսի 20-ին Վարչական դատարանը քննելու է ու հավանաբար հանելու է ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրելու արգելանքը, դատարանը մեկ անգամ հետաձգել է նիստը եւ այլեւս իրավունք չունի հետաձգել՝ որքան էլ վերեւից ճնշեն։ Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 20-ից հետո Վանաձորի ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել՝ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանն Արկադի Փելեշյանին՝ Ակային համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։

ՔՊ-ում շտապում են օր առաջ հաստատել բյուջեն, որ կարողանան աշխատել նույնիսկ այն պարագայում, եթե ընդդիմությունը, որն իրականում պետք է լիներ Վանաձորում իշխանություն, համայնքապետ ընտրի։ Ու հիմա փոխանակ իրենք ամաչեն, որ ոտնահարել են վանաձորցիների մեծամասնության կամքը, մեղադրում են ընդդիմությանը, որը չի մասնակցում իրենց ապօրինի գործընթացին։

«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանը, որը Մամիկոն Ասլանյանի դաշնակիցն է, ասում է, որ խնդիրն ամենեւին էլ քաղաքական չէ, ՔՊ-ն փորձում է անօրինական գործընթաց իրականացնել․ «Ամբողջ խնդիրը նիստի օրինականության մեջ է․ ո՞ր համայնքի բյուջեն են ուզում հաստատել, որովհետեւ Վանաձոր համայնքը ձեւավորված չէ։

Դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում փոփոխված ՏԻՄ օրենքով Վանաձոր համայնք գոյություն չունի, կա խոշորացված համայնք, որի մեջ մտնում է չորս բնակավայր։  Քանի որ ՏԻՄ օրենքն ասում է՝  ընտրություններից հետո ավագանին ընտրում է համայնքի ղեկավար, որն էլ ձեւավորում է պատասխանատու կաբինետը։ Գործընթացը մեզ մոտ կիսատ է մնացել, ձեւավորվել է ավագանի, որից հետո դատարանը արգելանք է դրել, որ քաղաքապետ ընտրվի»։

Դոխոյանի խոսքով՝ պաշտոնակատարն, ըստ օրենքի, իրավունք չունի ձեւավորել կաբինետ, նշանակել բնակավայրերի ղեկավարներ․ «Ո՞վ է արել այդ համայնքների կարիքների ձեւավորման փաստաթուղթը՝ նույն ինքը բյուջեն, եթե ինքը համայնքի ղեկավար չի։ Հիմա գլուխները պատին են տալիս մեզ նախատողները, նույն կերպ կարող են ինձ ասել՝ գնա Գորիսի համայնքի բյուջեն հաստատի, եթե ես այնտեղի ավագանու անդամ չեմ»։ Դոխոյանն ընդգծեց, որ վանաձորցու շահին առնչվող որեւէ նախագիծ չի կարող ստորադասվել քաղաքական շահերին, բայց իրենք չեն էլ կարող անօրինական որոշումների մասնակցել․ «Հիմա, եթե ես հաստատեմ Վանաձորի բյուջեն, արդյոք չե՞մ խախտելու Գուգարքի, կամ Շահումյանի, մնացած խոշորացված համայնքի բնակիչների շահը»։