Եթե միասնական թիմ ձևավորենք, Նիկոլը կստանա ընդամենը 20 տոկոս․ Հայրիկյան

Եթե միասնական թիմ ձևավորենք, Նիկոլը կստանա ընդամենը 20 տոկոս․ Հայրիկյան

Հայաստանում ընդդիմադիր դաշտը բազմաշերտ է, որում են հանդես են գալիս տարբեր կուսակցությունների միություններ։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, հիմնականում հանդես է գալիս «Հայ կառուցողական» (Անդրիաս Ղուկասյան), «Հայաստանի եվրոպական» (Ալեք Պողոսյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), «Հայրենիք և պատիվ» (Գառնիկ Մարգարյան), «Հայք» (Հայկազուններ) (Արտյոմ Խաչիկյան), «Պահպանողական» (Միքայել Հայրապետյան) կուսակցությունների հետ։ Այս կուսակցությունների հետ նաև ժամանակ առ ժամանակ քննարկումների մեջ է նաև «Ժառանգություն» (Նարինե Դիլբարյան) կուսակցությունը, իսկ վերջերս նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Էդմոն Մարուքյան)։

Հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Հրապարակի» հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ 7 կուսակցություններով սահմանադրական բարեփոխումների նախագիծ էին մշակել, ու փետրվարի 9-ին ներկայացրել քննարկման։ 

««Ժառանգությունը» վերապահում ուներ, քանի որ իրենք խնդիր ունեն իրենց կանոնադրության հետ։ Նախագծով պետք է սկիզբ առներ քննարկում։ Մենք տվել ենք փետրվարի 9-ին, մարտի 9-ին վերջանում էր ժամկետը։ Հանձնաժողովն այս ընթացքում պետք է վերաբերմունք արտահայտեր, ենթադրում էինք, որ մարտի 9-ից կմտնի Ազգային ժողով։  Եթե առաջնորդվում ես քաղաքացու իրավունքներով, եթե ցանկանում ես իրապես իրավական պետություն ստեղծել (ինչը մեր Սահմանադրության պահանջն է), ԱԺ նույնպես շատ արագ կանցներ։ Ամենատևականը Սահմանադրական դատարան ուղարկելն էր, որ ՍԴ-ն վերաբերմունք արտահայտեր․ այնտեղ ժամանակ է պահանջվում մոտ 50 օր։ Եվ ստացվում է, որ նույն ժամանակահատվածում կունենայինք սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որն արմատապես փոխում էր ամբողջ ընտրական համակարգը։ Վարչապետն էր դառնում ընտրովի (2 տարով), նախագահ չէինք ունենում (որևէ ավելորդ կառույց մեր պետությունը չպետք է ունենա), Ազգային ժողով (2 տարով)։ Եվ Հայաստանը բաժանվում էր 27 ընտրատարածքների, յուրաքանչյուրից ընտրվում էր 3-ական պատգամավոր», - նշեց ԱԻՄ առաջնորդը։

- Այսինքն՝ ավտոմատ կերպով ռեյտինգայինը վերանո՞ւմ էր, և փոխվում էր համամասնակա՞ն ընտրակարգի։

- Գիտե՞ք, ստացվում էր համամասնական, բայց տարածքային համամասնական։ Քանի որ մեր նախագծով ամեն պատգամավոր քվեարկում է իր ստացած ձայների քանակությամբ։ Ամբողջ Հայաստանում ընտրություն լինելու դեպքում մի քանի օլիգարխներ կարող էին ստանալ շատ ձայներ, և դա հաշվի էր առնված։ Համ էլ ամբողջական ներկայացուցչություն ապահովելու խնդիր կար։ Ամենակարևորն այստեղ այն էր, որ քաղաքացիները, եթե մասնակցում են ընտրությանը, նրանց ձայնը չի կորում, եթե բացարձակ անպատկառ քաղաքական գործչի չեն տվել իրենց ձայնը։ Այսինքն, եթե Ձեզ ձայն են տվել, ու պառլամենտ չեք անցնում, իրավունք եք ունենում մեկ շաբաթվա ընթացքում՝ ընտրության արդյունքների ամփոփումից հետո, ստացած ձայները փոխանցել այն թեկնածուին, ում մասին նախապես ազդարարել եք և ում որ հարմար եք գտնում։ Պառլամենտ ներկայանում են ընտրության մասնակցած բոլոր քաղաքացիների ձայները։ Այսինքն՝ ոչ միայն սրանց խուժան բարիերը, շեմը չի գործում, այլ ընդհանարպես որևէ քաղաքացի դուրս չի մնում։ Մենք այդ կատարյալ համակարգը տվեցինք, Նիկոլ Փաշինյանը և իր խուժանները (որովհետև, եթե դու օրենքը խախտում ես, հանցագործ ես նաև) դեռ չեն պատասխանել։ Մեր վերաբերմունքն արտահայտեցինք հրապարակային ելույթներով։ Փաստորեն մեր մոտեցումն իր զարգացումը չապրեց։ Այսօր էլ հատուկ քննարկում ունենք մասնավորապես այս հարցով։ Տարբեր կուսակցություններ ունեն տարբեր նախասիրություններ։ Մեր հանդիպումներից մեկին նաև մասնակցեց «Լուսավոր Հայաստանը», ներկայացրեց ու առաջարկեց իր տարբերակը։ Այդ բոլորը մեզ մոտ քննարկման ընթացքի մեջ է։ Մենք իհարկե միշտ սկզբունքային մոտեցում ունենք։ Նախ ԱԻՄ-ի մասին ասեմ։ Հետո այս 7 կուսակցությունները, որ հավաքված են, իրենց համար քաղաքացու դերակատարության ավելացումն առաջնահերթ խնդիր է։ Որովհետև այդ դեպքում է երկիրը դառնում իրավական։ Երբ քաղաքացու իրավունքները սահմանափակում ես կառավարելիության համար, ինչը որ Գագիկ Հարությունյանի նախագծով արել էր Սերժ Սարգսյանը և իր պառլամենը ժամանակին, ինչը որ արել է Փաշինյանը՝ 5-4 տոկոս մեծացնելով, այսինքն՝ այս բոլորն իրավական պետությանը հակասող դրսևորումներ են։ Քաղաքացին պետք է նույնիսկ ընտրի դատավորներին։

- Իսկ վիրուսով պայմանավորված՝ ինչպե՞ս ես անելու ընտրարշավը։

- Եթե մենք որոշենք մասնակցել, մասնակցելու ենք միասնաբար, միասնական ճակատով։ Մինչև վերջ չենք հստակեցրել, բայց մոտեցումները հետևյալն են՝ մի դեպքում մենք բոլորով համախմբվում ենք։ Ես ներկայացնում եմ այն, ինչը որ դրված է քննարկման։ Միանում ենք հնարվորին շատ ուժերի, և այս ընտրությունները վեր ենք ածում հանրաքվեի պես մի երևույթի։ Այսինքն՝ բոլորս քվեարկում ենք այն բանի համար, որ ընտրվի ժամանակավոր կառավարություն։ Եվ այս ապիկարներն ասպարեզից հեռանան՝ իրենց իսկ օրենքներով։ Երկրորդ տարբերակը սրան բավական մոտ է՝ դարձյալ միավորվում ենք, բայց արդեն համահայկական միավորում չի ստացվում, այլ՝ լինում է առանձին միավորում։ Բոլորի մյուս մասնակցողների հետ պայմանավորվում ենք, որ անկախ ընտրությունների արդյունքից, մեր հիմնական խնդիրը լինում է արդեն իմ ներկայացրած հիմնական ծրագրի ընդունումը։ Հասնում ենք հաջողության, արագ սահմանադրական բարեփոխումներ ենք կատարում ժամանակավոր կառավարության պայմաններում և  հետո «երկիրը դարձնում ենք երկիր»։ Վերջին տարբերակը՝ գաղափարական ընդհանրությամբ գնալ, ԱԻՄ-ը դրան այդքան հակված չէ, որովհետև այս պահին Հայաստանում այնպիսի խնդիր է, որը ոչ թե գաղափարական մոտեցում է պահանջում, այլ՝ համազգային-անվտանգային մոտեցում։ Չնայած գաղափարականը երբեք հետին պլան չենք մղում։

Ինչ վերաբերում է այս պայմաններում քարոզարշավ անելուն, ապա, իհարկե, դրա մեջ լուրջ վտանգ ենք տեսնում, բայց չենք կարող որևէ փոփոխություն մտցնել այդ հարցում։ Պիտի, ինչպես ասում են, հանուն էական բարեփոխումների ճիգ գործադրենք և այդ ռիսկն էլ հաղթահարենք։ 

- Այսինքն, պարո՛ն Հայրիկյան, կարելի՞ է ասել, որ Ձեր նշած կետերը՝ «ժամանակավոր կառավարություն» և այլն, ձեր նախընտրական ծրագրի մաս են կազմում։

- Այո՛, մենք դեռ դեկտեմբերին արտահայտեցինք ընդհանրական վերաբերմունք, ես առանձին ԱԻՄ-ինը չեմ ասում, որովհետև ԱԻՄ-ը տարբեր հարցերում մի քիչ․․․ եթե հրապարակավ եկել ես համաձայնության այլ ուժերի հետ, ապա դա է։ Առանցքայինն այն է, որ սկզբում ռազմավարական մոտեցում հանդես բերենք, կուսակցություններով գնանք՝ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք և ընտրություններ։ Այս դեպքում արդեն ամեն ինչ ընկնում է հունի մեջ, արդեն բնականոն կյանքի մեջ ենք մտնում։ Եթե դա չի ստացվում, այո՛, այդ դեպքում մենք արդեն գնում ենք ընտրությունները ներկա իշխանազավթների հեռացման միջոցառում դարձնելու, ժամանակավոր կառավարություն հաստատելու ճանապարհով։ Այստեղ ընդդիմության դաշտի բոլոր ուժերի տեսակետները համընկնում են, բայց բան է պակասում։ Պետք է վեր կանգնել եսակենտրոնությունից։ Եթե միասնական թիմ ձևավորենք, Նիկոլը կստանա ընդամենը 20 տոկոս։    

- Նկատի ունեք՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի հետ միավորվե՞ք՝ բոլոր հնարավոր կուսակցությունների հետ, կապ չունի՝ «Հայրենիքի փրկության շարժումն» է, «Ազգային – Ժողովրդավարական բևեռն» է։

- Բայց դրան և՛ «17»-ում պատրաստ չեն, և՛ մեր յոթնյակի մեջ, ցավոք սրտի։ Ունեն նույն նպատակը, բայց իրար կողքի կանգնելու պատրաստակամությունը չունեն։ Ոչ թե պատրաստակամություն, չեմ ուզում որևէ մեկի մասին թթու խոսք ասել, իրենց «սուրբ» են կարծում և ասում են՝ «Սրա կողքին չեմ կանգնի»։ «Ա՛յ մարդ, նա այն է, ինչ կմնա, հետո եթե պետք է, կմիջնորդես՝ դատարան էլ կտանեն իրեն, բայց դե էսօր էս հարցում պետք է կագնել իրար կողքի» [Հայրիկյանի պատասխան խոսքն է]։ Այ էդ տարրական բանը չունեն։