Մեկ մարդու պետություն

Մեկ մարդու պետություն

Հայաստանն այսօր մեկ մարդու պետություն է՝ Նիկոլի պետությունը կամ պետություն Նիկոլի համար: Ողջ պետական ներուժը պտտվում է այդ մեկ անձի շուրջը, ծառայում է նրան պահել-պահպանելուն: Պետական կառույցները Նիկոլից դուրս հոգս ու խնդիր, անելիք չունեն, նրանց համար պետությունը, պետության պահպանումը Նիկոլն է՝ իր լինելիությամբ` անվտանգ ու ապահով: Մեր պետական քաղաքականության, մտածողության եւ հայացքի մեջ Հայաստանը Նիկոլն է, եւ Նիկոլի ծավալով է Հայաստանը: Իսկ ինչը չի տեղավորվում այդ ծավալի մեջ, գոյություն չունի, ինչպես` ժողովուրդ, սահմաններ, հող ու հայրենիք: Սա է երկրի համար պատասխանատուի եւ պատասխանատուների պետության եւ պետականության ըմբռնումը:

Ժողովուրդն անպաշտպան է թշնամու դիմաց, երկրի սահմանները բաց են թշնամու առաջ: Շուռնուխում կարող է ազերի զինվորականը մտնել գյուղացու անասնագոմը եւ հանգիստ քշել-տանել խոշոր եղջերավոր անասունները: Չկա մեկը, որ հսկի ու պաշտպանի հայ գյուղացուն թշնամուց: Եթե բացել ենք սահմանը թշնամու առաջ, ուրեմն նրան հնարավորություն ենք տվել` քշի-տանի այսօր անասուններին, վաղն էլ՝ անասնատիրոջը: Չենք ընդվզում, լռում ենք, ուրեմն քաջալերում ենք, ուզում ենք: Այդպես եղել է, երբ Հայաստանը չուներ պետություն եւ պետականություն, ոտի կոխան էր թշնամու համար, խոնարհ էր ու անզոր: Եթե նույնն է հիմա, ուրեմն չունենք պետություն ու պետականություն, ունեցածն էլ այնքան նվաստ է, որ անգամ գյուղացու կովը չի կարող պաշտպանել: Մեր պետությունն ընդամենը Նիկոլն է եւ նրա անվտանգության ապահովումը:

Նման անպետության եւ անպետականության մնալն ու առաջիկա ընտրություններում տեղապնդվելը բխում են բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերից: Ադրբեջանի նպատակն է ոչ միայն անարգել ու անխռով գնալ-գալն ու սրտի ուզածն անելը իր համար պայմանական սահմաններով Հայաստանում, այլեւ շուտափույթ լուծել Մեղրիով Նախիջեւան տանող միջանցքի խնդիրը, հետո` Սյունիքն ամբողջությամբ, նաեւ՝ Սեւանն ու Երեւանը: Թուրքիան նույնպես ձգտում է Սյունիքին ամբողջական տիրելուն, իսկ Արարատյան դաշտը մեկ-երկու քայլի վրա է, ընդամենն Արաքսը պետք է անցնի։ Չլինի արյունով, լինի սահման բացելով: 

Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստանի իշխանություն խաչասերումն օգտակար է Արեւմուտքին, քանի որ Հայաստանը դառնում է թրքական ազդեցության գոտի, դուրս է մղվում ռուսական ուժը, ինչին էլ ձգտում է Արեւմուտքը: Իսկ թե ինչ տեղի կունենա թուրքերի տիրապետության տակ գտնվող հայերի հետ, Արեւմուտքը խորապես թքած ունի. նրա գերխնդիրը Ռուսաստանն է՝  թեկուզ հային թուրքի ձեռքով մորթելու գնով: 

Թուրքը եւ ազերին ազնիվ թշնամի են, նրանք երբեք չեն թաքցնում իրենց ատելությունը, թշնամանքը եւ մեզ ոչնչացնելու ծրագիրը: Անազնիվ է Արեւմուտքը, որ գործում է նրանց միջոցով եւ ստվերում` հանուն իր հակառուսական շահի: Իսկ մեր իշխանությունը ե՛ւ ազնիվ է, ե՛ւ անազնիվ: Անազնիվ է, որ թշնամի է մեզ, ազնիվ է, որ չի թաքցնում մեր թշնամին լինելը կամ չի կարողանում: Այդ բովանդակության մեջ է գտնված երազ, բաղձալի նվեր մեկ մարդու պետության Հայաստանը ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Արեւմուտքին, որովհետեւ այդ մեկ մարդն իրենք են:

Հուսիկ Արա