Ուսանողությունը չպետք է թույլ տա, որ բուհերի շենքերը դառնան «ANKARA CITY» կամ «HOTEL ATATURQ»
Այս երեք տարում դժվար է հիշել որեւէ բան, որը կառուցած, հիմնադրած, ստեղծած լինի փաշինյանական իշխանությունը: Առաջին շրջանում մի քանի «ֆեյք» գործարանների բացումներ բեմադրեցին, հետո պարզվեց, որ այդ գործարանների դռները բացվել են միայն այդ նկարահանման համար ու փակվել հավետ: Անվերջ կարելի է թվարկել, թե ինչեր են քանդել նիկոլաքայլականները: Իշխանության հենց առաջին օրվանից սկսեցին «բուլդոզերով» կիսակառույցներ քանդել՝ «ապօրինի են» հիմնավորմամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ բան շփոթել են՝ մեկի փոխարեն մի այլ կառույց են քանդել, քանդվածների սեփականատերերն էլ սկսեցին մեկը մյուսի ետեւից դիմել դատարան եւ իրենց իրավունքները վերականգնել:
Քանդել են գրեթե բոլոր պետական կառույցները՝ ԱԱԾ-ն, բանակը, սփյուռքի, գյուղնախարարությունը, տրանսպորտի նախարարությունը, Կրթության ազգային ինստիտուտը, բազմաթիվ բժշկական հիմնարկներ, հայկական դիվանագիտությունը եւ այլն: Այս իշխանությունը քարը քարի վրա չի դրել, գոնե մի «գելխեղդ» շան բույն չեն կառուցել, էլ չենք խոսում խոստացած՝ մետրոյի կայարանի մասին: Միայն խոստանում են ու խոստանում: Հիմա եկել են, թե՝ ուզում ենք ուսանողների համար ակադեմիական քաղաք կառուցել:
Թող կառուցեն, չուզողն էլ մենք լինենք, բայց աչքներս տեսնի, նոր համոզվենք: Իսկ ակադեմիական քաղաք կառուցելու համար մի պայման ունեն. պետք է Երեւանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վաճառեն, այդ գումարով կառուցեն նշյալ քաղաքը: Այստեղ են ասել՝ խե՜լքի աշեցեք… Պարզվում է՝ մեր բուհերի շենքերը քայլիստների ու նրանց կիսագրագետ առաջնորդի սրտով չեն. միջավայրն ակադեմիական չէ, աղմուկը խանգարում է լավ գիտելիքներ ձեռքբերելուն, լողավազաններ ու ժամանակակից լուծումներով այգիներ չկան: Իսկ ո՞վ ասաց, թե միջավայրն ակադեմիական չէ, գուցե այդ ոչ ակադեմիական միջավայրի, աղմուկի եւ լողավազանի պակա՞սն է եղել պատճառը, որ ժամանակին Փաշինյանը կիսատ է թողել ուսումը ԵՊՀ-ում. նրան հեռացրել էին բուհից հինգերորդ կուրսում: Բայց այն մի քանի սերունդը, ովքեր կրթություն են ստացել այդ՝ «ոչ ակադեմիական» միջավայրում, լավ էլ կրթություն են ստացել, գիտելիքներ ձեռք բերել, վայելել նաեւ մայրաքաղաքի կոլորիտը: Երիտասարդների եռուզեռն իր հերթին գեղեցկացրել ու գեղեցկացնում է Երեւանի կենտրոնը: Բայց, ինչպես ասում են, «Նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»:
Պարզվում է, որ քայլիստներն ուզում են բուհերի շենքերը դարձնել հյուրանոցներ, որպեսզի զբոսաշրջիկների հոսքը մեծանա: Կարծես թե վերջիններս գալիս են, մնալու տեղ չի լինում, հյուրանոցները չեն բավականացնում, խռովում են ու երկրորդ անգամ չեն գալիս: Կամ՝ ի՞նչ է նշանակում կրթության հաշվին հյուրանոցային բիզնես զարգացնելը: Ըստ օդում կախված լուրերի, այդ շենքերի վրա աչք ունի բոլոր ժամանակների իշխանություններից մի հանրային շենք նվեր ստացած գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով ժամանակին մասնավորեցրեց «Ռոսիա» կինոթատրոնի շենքը՝ կինոինդուստրիան զարգացնելու խոստումով: Այսօր այդ յուրահատուկ ճարտարապետական կառույցը դարձել է արեւելյան տիպի շուկա, որտեղ հիմնականում Թուրքիայից ներկրված հագուստ եւ այլ ապրանքներ են վաճառվում: Հիմա էլ երեւի ուզում է բուհերի շենքերը սեփականացնել, եւ աստված գիտի՝ ինչ նպատակով: Այդ շենքերի մյուս հավանական գնորդը, ըստ շրջանառվող վարկածների, Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ով, հավանաբար, այդ շենքերում «Երեւան սիթի» հիպերմարկետներ բացելու ցանկություն ունի:
Բայց քանի որ Հայաստանում հազիվ թե որեւէ մեծահարուստ իր փողերը ջրի երես հանի ու ցանկանա գնել այդ շենքերը եւ ներդրում անել անկայուն մեր երկրում, կարող ենք նաեւ ենթադրել, որ դրանք կվաճառվեն օտարերկրյա մեծահարուստների, ասենք՝ մեր ոչ բարեկամ հարեւան Թուրքիայի գործարարներին, եւ իրականություն կդառնա փաշինյանական իշխանության ցանկությունը՝ «զարգացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսային կապերը»:
Ու մեր բուհերի շենքերի վրա, հավանաբար, հետագայում կգրվեն՝ «ANKARA CITY» կամ «HOTEL ATATURQ» եւ այլն: Իսկ ուսանողները կհայտնվեն փողոցում, քանի որ ակադեմիական քաղաքը չի կառուցվելու. այս իշխանությանը պետք չէ գրագետ հասարակություն, այս իշխանությանը պետք է քանդել մեր կրթական համակարգը ոչ միայն ներսից, այլեւ՝ ուղղակի իմաստով, պետք է քանդել մեր երկիրը եւ դարձնել Թուրքիայի վիլայեթ:
Ուսանողությունը եղել է բոլոր ժամանակների ամենաակտիվ եւ պահանջատեր խավը բոլոր հասարակություններում: Հավանաբար, հայաստանյան ուսանողությունը չի հանդուրժի իշխանության այս հայտարարությունները եւ թույլ չի տա, որ իրենց դուրս շպրտեն այս շենքերից եւ զրկեն կրթություն ստանալու իրավունքից: Ուսանողությունը պետք է պայքարի…
Կարծիքներ