Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ԿԳՄՍՆ-ում

Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ԿԳՄՍՆ-ում


Հաշվեքննիչ պալատի՝ նախօրեին հրապարակված 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ չարաշահումներ գրանցվել են բոլոր ոլորտներում ու նախարարություններում, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունում։ 

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության թանգարանային ծառայություններն ու ցուցահանդեսները՝ ընդգրկելով 2019թ․ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը։ Համաձայն դրա՝ նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ առկա են ոչ ամբողջական, թերի կամ սխալ արձանագրման դեպքեր՝ թանգարանների հաստիքացուցակներում աշխատակիցների անհատական տվյալների եւ այլնի հետ կապված։ Արդունքում կատարողականի հաշվեքննությամբ ստացված արդյունքները ծախսային եւ նպատակային տեսակետից գնահատվում են որպես ոչ արդյունավետ։

«2017-2018թթ․ համեմատական կտրվածքով նախարարության արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների եւ տարեկան ճշտված պլանի նվազման պայմաններում շուրջ 107 մլն դրամով աճել են պետական բյուջեի փաստացի ֆինանսավորված գումարները, եւ ընդհակառակը՝ 2018-2019թթ․ համեմատությամբ՝ արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների եւ տարեկան ճշտված պլանի աճերի պայմաններում շուրջ 328 մլն դրամով նվազել են պետական բյուջեի փաստացի ֆինանսավորումները»։

Այսպես, օրինակ․ նախարարության ենթակայության 15 թանգարաններում 120 աշխատակից, 2019թ․ ընդհանուր տարեկան հաշվարկով, 780 աշխատանքային օր գտնվել է արտերկրում, նրանց հաշվարկվել եւ վճարվել են աշխատավարձեր 4 մլն 253 հազար դրամի չափով։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ չի պահպանվել վերոնշյալ գումարի մասով ծախսային արդյունավետության սկզբունքը։ 

Հաշվեքննիչ պալատը պարզել է նաեւ, որ նախարարության ենթակայության 21 թանգարանների հաստիքային աշխատակիցների միայն 48․2 տոկոսն է հանդիսանում թանգարանային բնագավառի մասնագիտական գործառույթներ իրականացնող աշխատակից։ Միաժամանակ, 12 թանգարանների 107 աշխատակցի դեպքում արձանագրվել են նույն կազմակերպությունում աշխատելու եւ նույն հասցեներում հաշվառվելու փաստեր, իսկ 3 հաստիքային աշխատողներ 2019թ․ միաժամանակ, որպես հիմնական աշխատակից, ամբողջ դրույքով աշխատել են տարբեր թանգարաններում։

Կան խնդիրներ նաեւ փաստաթղթերի հետ կապված․ նախարարությանը ենթակա թանգարաններում բացակայում են գնման նպատակով կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերը, մասնավորապես՝ մասնակիցներին ուղարկված հրավերները, ինչպես նաեւ 2019-ի տարեկան գնումների պլանով նախատեսված հեռախոսային եւ համացանցային ծառայությունների մասով գնումներ չեն հայտարարվում, շարունակում են օգտվել ծառայություններից՝ նախորդ տարիներին կնքված պայմանագրերի հիման վրա։