Նիկոլը լրագրող չէ, ինչպես որ լրագրող չէր Նաիրին
Նիկոլը լրագրող չէ։ Լրագրողի ու ընդհանրապես որեւէ բուհի դիպլոմ չստանալը նկատի չունեմ։ Հայաստանի վարչապետի ինքնահռչակ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրող չէ, ինչպես եւ լրագրող չէր Նաիրի Հունանյանը։ Երկուսն էլ՝ իշխանությանը տիրանալու նվիրական փափագով տարված, լրագրողական ատրիբուտներն օգտագործել են միմիայն որպես այդ փափագին հասնելու գործիք։
Երկուսի համար էլ լրագրությունը ոչ թե տեղեկատվական, այլ կազմակերպչական հարթակ է եղել։ Այս երկուսի մասին էլ մինչ օրս քննարկում կա՝ դրսի գործակա՞լ են, թե՞ ինքնուրույն են գործել։ Ոչինչ ապացուցված չէ, բայց ոչինչ էլ բացառված չէ։ Հաստատ է մի բան՝ իշխելու անսպառ, հիվանդագին ձգտումը, նպատակին հասնելու համար ոչինչ չխնայելը։ Իսկ եթե լրագրող՝ ապա միմիայն չակերտներում եւ՝ բոլշեւիկյան տեսակի, որպիսին քաղաքակիրթ աշխարհն իբր բացառում է լրագրության մեջ, բայց պետքը եկած տեղը ոչ միայն հանդուրժում է, այլեւ աջակցում՝ ծառայեցնելով իր շահերին։
«Ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ եւ ագիտատոր, այլ նաեւ՝ կոլեկտիվ կազմակերպիչ». սա լենինյան/բոլշեւիկյան լրագրության հիմնաքարն է։ Սա թերթ վարելու՝ Նիկոլի կրեդոն է, որը նրան ծառայել է ամենատարբեր նպատակներով՝ հարստանալուց, մարդամեջ դուրս գալուց ու թեկուզ մինիբջջի՝ խմբագրության ղեկավարումից մինչեւ ընտրական ու հեղաշրջումային հարթակները։
Դրանով է պայմանավորված այն, որ չճշտված կամ կեղծ տեղեկատվության չափաբաժինը նրա մոտ տարիներ շարունակ մեծ է եղել։ Շանտաժով լուրեր տպելու, խմբագրությունն ու աշխատակիցներին, բառիս բուն իմաստով, փռած անձից փող վերցնելու եւ դրա դիմաց լռելու, իր իսկ մեքենան վառելու եւ մեղքն ուրիշի վրա գցելու՝ շրջանառվող լուրերի իսկությունն ապացուցված չէ, բայցեւ դրանց արժանահավատությունն է պատճառը, որ լրագրողական իրական համայնքը միշտ նրան իրենից որոշակի հեռավորության վրա է պահել։
Նա իր թերթից դուրս լրագրող ընկերներ չունի, իսկ եթե ոչ իր թերթից մի քանիսի հետ նստում-վեր է կենում, տալիս-առնում է՝ իսկական ընկերներ չեն, կոնյունկտուրային շահերով են կապված նրա հետ։ Լրագրողական համայնքը նրան չի ընդունում։ Նրա մարդկային արժանիքներն ընդունելի չեն լրագրողական համայնքի համար։ Առաջին ամենամեծ, մեղմ ասած՝ հիասթափությունը, օրինակ, ես՝ ինքս զգացի 2008-ի մարտի 1-ի բախումների ժամանակ, երբ գոռգոռալով խոստովանեց, թե ինքն ինչքա՜ն խանդավառ է մեքենաների հրկիզումով ու ոստիկանի ծեծով։ Ի դեպ, կարդացե՞լ եք Վիքիպեդիայում Փաշինյանի մասին հոդվածի՝ այդ օրվա իրադարձություններին վերաբերող մասը։ Խնդրեմ, սա է․ «Քաղաք բերված ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[12] եւ վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանն այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է»։
Խեղաթյուրումը տեսա՞ք։ Ո՞նց, ինքը ոչ մի կապ չի՞ ունեցել զոհեր տված բախման հետ. իրեն հետախուզել, ապա ձերբակալել են «գործող իշխանություններին հրապարակայնորեն մեղադրելո՞ւ» համար։ Բա, սիրելի՛լրագրողական համայնք, մինչ դուք այս մարդուն յուրային չեք համարում, նա ինքն իր մասին իրականությունից բոլորովին ուրիշ, սպիտա՛կ պատմություն է կերտում։
Ինչեւէ, լրագրողական համայնքը բնազդո՞վ, թե՞ գիտակցված, չի սիրում նաեւ դիտավորյալ սխալ տեղերում մեղավոր փնտրողներին։ Իսկ նա տարիներ շարունակ իր թերթով հանրությանը կաթիլ-կաթիլ սրսկել է այնպիսի գիտակցություն, որ եթե ծառդ պտուղ չի տալիս, իշխանությունն է մեղավոր, գործից քեզ հանե՞լ են՝ թեկուզ մասնավոր ֆիրմայում, իշխանությունն է մեղավոր, կյանքդ չի՞ դասավորվել՝ իշխանությունն է մեղավոր… (Ահա թե ինչու նա հրապարակ նետեց «նախկիններն են մեղավոր» լոզունգը, որովհետեւ իշխանությունն արդեն ինքն էր, եւ իր իսկ սարքած զենքի թիրախից պետք էր պլստալով դուրս գալ)։
Այդ դեպքում, ինչպես տղաս մի անգամ ինձ հարցրեց՝ չե՞մ զղջացել 1990-ականների վերջին Փաշինյանին պաշտպանող ցույցերին մասնակցելու համար։ Ո՛չ, չեմ զղջացել։ Այո՛, ինքը վիրավորական եւ զրպարտիչ տեղեկություն էր գրել, ինչի համար կարող էր հայտնվել ճաղերի հետեւում։ Մյուս դեպքում, այո՛, դասախոսի վիրավորական ծաղրանունն էր գործածել թերթում, որի համար էլի կարող էր հայտնվել անազատության մեջ։ Այո՛, այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մի քանի լրագրողներով ու իրավապաշտպաններով բանակցել ենք ցուցարարների անունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհայտնվի ճաղերի հետեւում։ Այո՛, Քոչարյանն այդ հանդիպմանն ասել է, որ ինքը կարող է միայն մի խորհուրդ տալ՝ Նիկոլը հայր, քեռի չունի՞, թեւի տակ մի արաղ դնի, գնա իրեն վիրավորված կամ զրպարտված համարող գործչի տուն, համոզի, որ նա դատի չտա Նիկոլին…
Այո՛, ես չեմ զղջում, որ մասնակցել եմ այդ ակցիաներին, որովհետեւ նաեւ այդ ցույցերը հիմք ստեղծեցին, որ իսկական լրագրողների գլխին դամոկլյան սրի պես կախված «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածներն ապաքրեականացվեն։ Ու հիմա, ճակատագրի հեգնանքով հենց Նիկոլի թիմն է երազում լրագրողներին նույն առիթներով ճաղերի հետեւում տեսնել, ավելի ու ավելի է խստացնում դրա համար նախատեսվող պատիժները։
Եվ դուք իրատես չեք, եթե կարծում էիք, թե Նիկոլի ժամանակ լրագրողների համար լավ է լինելու, որովհետեւ նա լրագրող է։ Չարաչար սխալվել եք, քանի որ Նիկոլ Փաշինյանը լրագրող չէ եւ չի եղել։ Ավելին՝ նա միշտ ձգտել է լրագրությունը ծառայեցնել ու հարմարեցնել իշխանություն նվաճելու, ապա՝ իշխանություն պահելու իր ձգտումներին։ Այս ամենի վկան է նաեւ լրագրությունը շրջանցող նրա լայվերի անպատեհ առատությունը։
Ռուզան Խաչատրյան
Կարծիքներ